
«Չեմ հասկանում, այս ի՞նչ խտրական վերաբերմունք է. ոչինչ չանել տարիների ընթացքում, հետո էլ ասել, թե գիտեք՝ ձեր պայմանները վատն են, եկեք, մեկ այլ թատրոն գնացե՞ք». Զարուհի Հակոբյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակում է նախագիծ, ըստ որի՝ նախատեսվում է Պետական կամերային երաժշտական թատրոնը միավորել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը «Արմենպրեսի» հետ զրույցում վստահեցրել է, որ դա արվում է Պետական կամերային երաժշտական թատրոնի ստեղծագործական կազմի աշխատանքի համար առավել բարենպաստ պայմաններ, միջավայր ստեղծելու և այլ ստեղծագործական կոլեկտիվներին աջակցելու նպատակով:
«Չունենալով պրոֆեսիոնալ նվագախումբ, երգչախումբ, չեմ խոսում պարային խմբի մասին, խոսել երաժշտական թատրոնի մասին՝ առնվազն անլուրջ է, իսկ Պարոնյանի թատրոնն ունի այդ ամենը»,- ասել է Խզմալյանը:
Սակայն մշակված նախագծին դեմ է Պետական կամերային երաժշտական թատրոնի ողջ անձնակազմը: Նրանց թվում է նաև դերասանուհի Զարուհի Հակոբյանը, ում հետ զրուցել ենք նախկինում եղած խնդիրների, ներկայիս նախագծի և լուծման տարբերակի մասին:
– Տիկին Հակոբյան, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալն ասում է, որ Պետական կամերային երաժշտական թատրոնը չունի նվագախումբ, երգչախումբ, պարային խումբ, և սա կլուծի այս խնդիրը..․ Դուք այդ կարծիքը չե՞ք կիսում:
– Կամերային թատրոնին երգչախումբ կամ նվագախումբ պետք չէ: «Կամերային» ասելով՝ հասկանում ենք փոքրիկ թատրոն, իսկ նման թատրոնում՝ նվագախո՞ւմբ: Հազիվ դերասաններն են բեմում տեղավորվում: Մեր թատրոնը տարբերվում է նրանով, որ մենք պարային խումբ չենք բերում, որ պարենք առանձին ներկայացման մեջ: Եթե պետք լինի՝ կհրավիրեն մի քանի հոգու: Թատրոնի առանձնահատկությունն այն է, որ դերասաններն են հենց երգում և պարում, այսինքն՝ ավելի մոտ է մյուզիքլի, քան երաժշտական կոմեդիայի թատրոնի ժանրին:
– Ամեն դեպքում այս տարիների ընթացքում դերասաններն ինչո՞ւ չեն բարձրացրել նախարարի տեղակալի մատնանշած կամ ունեցած այլ խնդիրների հարցը:
– Մենք դիմել ենք տնօրինությանը, իսկ տնօրինությունը, չգիտեմ՝ դիմե՞լ է նախարարություն, թե՞ ոչ: Կարծում եմ՝ դիմել ենք, բայց մնացել ենք անպատասխան:
Միշտ բարձրացրել ենք խնդիրը, այն է՝ պետք են բարձրախոսներ, որպեսզի կենդանի ձայնով երգենք, սակայն պարտադիր չէ, որ այդ փոքր թատրոնում նվագախումբ լինի, կարող է լինել ձայնագրություն, բայց մենք երգենք կենդանի հնչողությամբ:
Քաղաքապետարանը պարբերաբար օգնում է իր ենթակայության ներքո գտնվող թատրոններին, չէ՞: Ե՛վ տեխնիկապես են թարմացվում թատրոնները, և՛ վերանորոգում է արվում, ԿԳՄՍ նախարարությունն էլ ընտրում է իր «սիրելի» թատրոնները, աջակցում է:
Չեմ հասկանում, այս ի՞նչ խտրական վերաբերմունք է: Այսինքն, տարիների ընթացքում ոչինչ չանել թատրոնի համար, հետո էլ ասել, թե գիտեք՝ ձեր պայմանները վատն են, եկեք, մեկ այլ թատրոն գնացեք, որտեղ կարող եք պարային խմբով ելույթ ունենա՞լ: Պարային խմբով իրենց թատրոնը թող ելույթ ունենա, որովհետև մեր թատրոնի ֆորմատն այլ է: Ինքներս ենք պարում, երգում, ուղղակի պետք է տալ մի քանի բարձրախոս և նախասրահի հարցը լուծել: Սա էլ տարիների ընթացքում ծառացած խնդիր է:
– Ինչպե՞ս եք տեսնում այս հարցի լուծումը, ո՞րն է կոլեկտիվի առաջարկը:
– Պետք է թողնել, որ թատրոնն իր հունով աշխատի, վարեն կադրային ճիշտ քաղաքականություն: Հուսով եմ, որ շուտով տնօրենի թափուր տեղի մրցույթ կհայտարարվի, քանի որ հիմա ժամանակավոր պաշտոնակատար ունենք, և չեն խոչընդոտի այս անգամ, ու կընտրվի այն մարդը, ով թատրոնից գաղափար ունի, կաշխատի երկար տարիներ, քարը քարին կդնի՝ դերասանների հետ միասին:
Պետք է նայենք առաջ, ոչ թե՝ ինչ հասցրեցի, այս 3 տարվա ընթացքում կանեմ. դա սխալ մոտեցում է: Այսինքն, ինչպես դերասաններն են աշխատում 10-15 տարի և ավելի, ու եթե տնօրենից ու գլխավոր ռեժիսորից կազմը գոհ է, ուրեմն միասին պետք է անցնեն այդ երկար ճանապարհը՝ ի շահ թատրոնի: Ոչ թե պարզվի, որ 30 տարվա թատրոնը բարձրախոս չունի. այդպես ո՞նց կլինի: Խիտ գրաֆիկով աշխատում ենք, ու տեխնիկապես չի հագեցվում, հիմա սա ո՞ւմ մեղքն է: Թող նախարարությունը պարզաբանի, բայց դրա համար չի կարելի պատժել 60 հոգանոց կոլեկտիվի: