«Այնքան առաջնահերթ խնդիրներ ունենք, որ պատգամավորական ծախսը բարձրացնելը համարում եմ անբարոյականություն». Նաիրա Զոհրաբյան
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ պատգամավորների աշխատավարձը բարձրացնելու նախագծին, որն այսօր քննարկվում էր Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նստաշրջանում:
«Այս փուլում այդ նախագիծը համարում եմ անբարոյական նախագիծ։ Եթե մենք համեմատում ենք մեր տարածաշրջանի ընդհանրապես եվրոպական երկրների պատգամավորական աշխատավարձի հետ, և ասել, որ մեր աշխատավարձերը բարձր են, այդպես չէ։ Կարծում եմ՝ պատգամավորները և նրանք, ում վրա դրված է պետության կառավարման բեռը, պետք է ստանան արժանապատիվ աշխատավարձ, բայց հիմա դրա ժամանակը չէ։ Հիմա մենք շատ ավելի կենսական խնդիրներ ունենք։ Ինձ համար ամենազավեշտալին դրա հիմնավորումն է, այսինքն՝ պատգամավորական ծախսերի համար նախատեսված 50 հազար դրամը դարձնում են 250 հազար և հիմնավորում՝ որպեսզի պատգամավորը գնա ու հանդիպի իր ընտրողի հետ։ Հիմա խորհուրդ եմ տալիս իջնել կադրերի բաժին և ասել, թե ամենաշատը որ պատգամավորն է ընդունում քաղաքացիներին, և քանի պատգամավորների է նամակ ուղարկում քաղաքացին։ Առաջիններից մեկը ես եմ, և դրա համար ինձ որևէ լրավճար պետք չի եկել»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։
Նրա կարծիքով՝ այս խորհրդարանը պետք է մերժի նման նախագիծը, քանի որ պատգամավորը պարտավոր է հանդիպել ընտրողների ու քաղաքացիների հետ, դրա համար նրանք արդեն ստանում են աշխատավարձ։
«Պատերազմում վիրավորում ստացած տղաների գերակշիռ մասն այսօր արտերկրում բուժում ունի, հիմնավորումը, որ պատգամավորների թիվը նվազելու է, և բյուջեի վրա դա լրացուցիչ ծախս չի լինելու՝ հրաշալի է, եկեք այս գումարները տանք մեր տղաներին, նրանց տեղափոխենք եվրոպական առաջնակարգ կլինիկաներ, այնտեղ նրանց բուժենք, որովհետև շատերն ունեն ողնաշարային խնդիրներ, գամված են անվասայլակին։ Միայն եվրոպական հզորագույն կլինիկաներում նրանք կարող են ստանալ բուժում։ Այնպես որ, մենք այսօր մեր բզկտված Արցախով ու Հայաստանով այնքան առաջնահերթ խնդիրներ ունենք, որ պատգամավորական ծախսը բարձրացնելը համարում եմ անբարոյականություն»,- շեշտեց պատգամավորը։
Նաիրա Զոհրաբյանը խոստովանեց, որ հասկանում է նաև, թե ինչու է այս ամենն արվում, որովհետև պարգևավճար բառը հետպատերազմյան Հայաստանում հրավառության նման է հնչում, և որպեսզի այդ բառից խուսափեն, այժմ ցանկանում են բերել և օրենքով դա ամրագրել։