«Եթե այսպես շարունակվի, վստահ եմ՝ այդ «միջանցքը» բացվելու է. չունենք սեփական կառավարություն, այլ ունենք գործակատարներ». Տիրան Լոքմագյոզյան
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, երբ խոսք եղավ տարածաշրջանում բոլոր ճանապարհների և ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին և այս նպատակով ստեղծվեց հանձնաժողով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով, Ադրբեջանը սկսեց խոսել «Մեղրիի միջանցքի» մասին։ Թեև հայկական կողմը հերքել է «միջանցք» ստեղծելու մասին Ադրբեջանի հայտարարությունները, այդուհանդերձ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ «միջանցքի» մասին խոսք չկա, սակայն Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը կբացվի և, հավանական է՝ Մեղրիով։
168.am-ի հետ զրույցում թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանն ասաց, որ «միջանցք» և ճանապարհ հասկացությունների միջև մեծ տարբերություն կա, եթե ճանապարհը բացեն, հայկական կողմը գուցե դրանից չտուժի, սակայն իրատեսական չի համարում, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը ճանապարհի բացումն է, նրանց գլխավոր նպատակը «միջանցքն» է։
«Եթե ճանապարհը բացեն, ապա այն հայկական կողմի տիրապետության տակ է լինելու, այսինքն՝ թուրքերը կարող են այդ ճանապարհն օգտագործեն, սակայն հսկողությունը լինելու է հայկական կողմի վրա և ցանկացած պահի կարող է այդ ճանապարհը փակել։ Իսկ «միջանցքը» հայկական կողմին չի պատկանելու, այն հայկական կողմի վերահսկողությունից դուրս է լինելու, որտեղ երրորդ ուժը պետք է վերահսկողություն սահմանի, և հայերն այնտեղ որևէ իրավունք չեն ունենալու։ Ճանապարհների ապաշրջափակման դեմ որևէ մեկը բան չունի ասելու»,- նշեց թուրքագետը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ առհասարակ չի հավատում, որ ճանապարհ է բացվելու, քանի որ թուրք-ադրբեջանական տանդեմը վաղուց մտածում է «միջանցքի» մասին։
«Եթե այսպես շարունակվի, վստահ եմ, այդ «միջանցքը» բացվելու է։ Ադրբեջանի կողմից մի քանի անգամ նշվել է, որ իրենք կարող են նաև զենքի ուժով այդ ճանապարհը բացեն, այստեղ խանգարող միայն մեկ գործոն եղավ՝ ռուս զինվորականների ներկայությունը։ Երբ ադրբեջանական կողմն այդ հայտարարությունն արեց, ռուսական կողմը միանգամից Սյունիքում իրենց դրոշները տեղադրեցին սահմանի վրա, այլ տարածքներում ևս նրանք իրենց ներկայությունն ապահովեցին։ Սա է պատճառը, որ թշնամին քայլ չարեց զենքի ուժողվ հասնել այդ «միջանցքի» ստեղծմանը, մինչև այսօր էլ նրանց այդ քայլից հետ պահողը ռուս զինվորի ներկայությունն է Սյունիքում։ Դժբախտաբար, մեր երկրում հակառուսական պրոպագանդան գնալով ավելի է ուժեղանում, թե ինչ ուժեր կան դրա հետևում, յուրաքանչյուրն արդեն կարող է իր պատկերացումը կազմել»,- հավելեց Տիրան Լոքմագյոզյանը։
Թուրքագետն անդրադարձավ նաև Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանին ՀՀ արտգործնախարարի առաջին տեղակալ նշանակելու փաստին և այդ համատեքստում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման փաստից հրաժարվելու հավանականությանը՝ նկատելով, որ արդեն երեք տարի է՝ իշխանությունները հրաժարվել են այդ փաստից։
«Կարծում եմ՝ մենք չունենք սեփական իշխանություն և կառավարություն, այլ ունենք գործակատարներ, որոնք կատարում են այն հրամանները, որոնք գալիս են դրսից, նաև Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից։ Օրինակ՝ օրերս Ադրբեջանում հավատարմագրված որոշ երկրների դեսպաններ այցելել էին Ադրբեջանի օկուպացիայի տակ գտնվող Շուշի, անգամ արտերկրում այլ երկրների ներկայացուցիչներ սրանից զայրացել էին, բայց ՀՀ կառավարությունը որևէ կարծիք չհայտնեց։ Սա արդեն ցույց է տալիս, որ կառավարությունն Ադրբեջանի այդ քայլի հետ համամիտ է, նա համագործակցում է իրենց հետ։ Այսինքն՝ սա իրենց ծրագրի մի մասն էր։ Փոխարտգործնախարարի պաշտոնում գտնվող այդ մարդը, եթե ժամանակին հայտարարում էր, որ Թուրքիայի հետ պետք է լինեն հարաբերություններ, ապա հենց այդ ուղղությամբ էլ շարունակի իր ճանապարհը։ Իզուր չէ, որ նման դիրքորոշում ունեցող անձի են նշանակում, այդ մարդուն։ Այսինքն՝ դրսից ինչ հրահանգ տան, թե՛ արտգործնախարարը, թե՛ վարչապետը պետք է կատարեն»,- շեշտեց նա։
Նա նաև մտավախություն հայտնեց, որ ՀՀ իշխանությունները կարող են ճանաչել Կարսի պայմանագիրը և հրաժարվեն հայոց ցեղասպանության պահանջատիրությունից։
«Արդեն 30 տարի է՝ Թուրքիան մեր առջև դնում է հետևյալ պայմանները՝ Արցախը տալ Ադրբեջանին, ընդունել Մոսկվայի կամ Կարսի պայմանագիրը, այսինքն՝ ճանաչել սահմանները և հրաժարվել ցեղասպանության պահանջատիրությունից։ Առաջինը վաղուց կատարվել է, Արցախը հանձնել են, իսկ մնացած երկուսը մեկ ստորագրության խնդիր է և հեշտ է անելը։ Հիշեցնեմ Էրդողանի ասածները, որ եթե հայերն ուզում են, որ իրենց համար լավ լինի, պետք է խելքները գլուխները հավաքեն։ Հիմա նման փոխարտգործնախարարով Թուրքիայի պահանջը կկատարվի»,- եզրափակեց Տիրան Լոքմագյոզյանը։