«Սա մեսիջ է նաև մեր իշխանություններին». Սուրեն Սարգսյանը՝ ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանների՝ Շուշի չայցելելու մասին
Ադրբեջանում հավատարմագրված որոշ երկրների դեսպաններ, միջազգային կառույցների ղեկավարներ հուլիսի 9-ին երկօրյա այցով եղել են Արցախում՝ Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքներում։ Այդ դիվանագետներն այցելել են նաև Շուշի՝ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու տարածք, որն Ադրբեջանի կողմից այս պահին ոչնչացվում է, նրանք տեսել են ոչ թե եկեղեցին, այլ կանաչ ցելոֆան, որով պատված է ամբողջ եկեղեցին։
Արցախ այցելել են Թուրքիայի, Իտալիայի, Ավստրիայի, Շվեդիայի, Իսրայելի, Չինաստանի, Ճապոնիայի, Բելառուսի, Ուկրաինայի դեսպանները, ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն հանձնակատարի վարչության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները:
Այս այցին չեն միացել Ռուսաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների դեսպանները։
168.am–ի հետ զրույցում միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն ասաց, որ ՌԴ-ի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դեսպաններն Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախ չեն այցելել, քանի որ հանդիսանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ։
«Այդ երկրների դեսպանները չեն այցելել Շուշի և դրանով ընդգծել են, որ այստեղ խնդիր են տեսնում, խնդիր կա, որը պետք է որոշակի լուծում ստանա։ Այսինքն՝ սա մեսիջ է առ այն, որ հետպատերազմական այն վիճակը, որը ձևավորվել է՝ իրենց համար անընդունելի է, սա նաև մեսիջ է մեր իշխանություններին, թե որ ուղղությամբ կարելի է աշխատել, որպեսզի այս հարցում ունենանք որոշակի առաջխաղացում»,- նշեց Սուրեն Սարգսյանը։
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ այս այցի վերաբերյալ ՀՀ արտգործնախարարությունը որևէ հայտարարություն ու դատապարտող արձագանք չի հնչեցրել, Սուրեն Սարգսյանը նկատեց.
«Սա նշանակում է, որ ՀՀ արտգործնախարարությունն ըստ էության լեգիտիմացնում է այն, ինչ տեղի է ունենում, կամ համերաշխ է այն այցելության հետ, որը տեղի է ունեցել դեսպանների կողմից, այսինքն՝ որևէ վերապահում չունի»։
Հարցին՝ հնարավո՞ր էր՝ հայկական կողմն իր դիվանագիտությամբ այս և նմանատիպ այցերը կանխեր, Սուրեն Սարգսյանը պատասխանեց՝ միանշանակ հնարավոր էր։
«Դիվանագիտությամբ մենք շատ բաներ կարող էինք ձեռք բերել ու շատ բաներ կանխել, բայց քանի որ մենք չունենք դիվանագիտություն, նույնիսկ չունենք արտգործնախարար, նախարարի տեղակալներ, բնականաբար, այսպես էլ պետք է լիներ»,- եզրափակեց Սուրեն Սարգսյանը։