Կառավարությունն արտահերթ նիստում հաստատել է թերի և ՀՀ օրենքով սահմանված պահանջներին չբավարարող փաստաթուղթ

Այսօր՝ հուլիսի 12-ին, դռնփակ ձևաչափով անցկացված ՀՀ Կառավարության արտահերթ նիստում հաստատվեց Հայաստանի Հանրապետության 2022-2024 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի (ՄԺԾ) և ՀՀ կառավարության պարտքի բեռի նվազեցման 2022-2026 թվականների ծրագրերը։

Նկատենք, որ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը պետական ֆինանսների կառավարման կարևորագույն փաստաթուղթ է, որից բխում են առաջիկա երեք տարիներին կառավարության ծրագրային դրույթներում և ոլորտային ռազմավարական փաստաթղթերում ամրագրված առաջնահերթությունների իրագործման հնարավորությունները: Այս համատեքստում հարկ է ընդգծել նաև, որ հենց ՄԺԾ ծրագիրն է ուղեցույց հանդիսանում` տարեկան պետական բյուջեների կազմման համար:

Ինչ վերաբերում է ՀՀ կառավարության պարտքի բեռի նվազեցմանն ուղղված ծրագրին, ապա նշենք, որ վերջինիս անհրաժեշտությունն առաջացել է` պայմանավորված 2020 թվականին ՀՀ կառավարության պարտքի բեռի աննախադեպ աճով, որի պատճառով կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2020-ի վերջին գերազանցել է թույլատրելի առավելագույն` 60%-ի շեմը և կազմել 63.5%` ռիսկի տակ դնելով երկարաժամկետում պարտքի կայունության, հետևաբար նաև հարկաբյուջետային կայունության հենքերը:

Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման պաշտոնական e-gov.am հարթակում ՄԺԾ ծրագիրը որոշմանը կից փաստաթղթում ներկայացված է թերի` ոչ լիարժեք տարբերակով: Մասնավորապես, ՄԺԾ ծրագրում բացակայում են ամբողջական գլուխներ (Մաս 1, Գլուխ 1) և ենթագլուխներ (Մաս 1, Գլուխ 2, Ենթագլուխ 2.2-ից 2.6-ը, Գլուխ 4, Ենթագլուխ 4.1,4.2):

Պետք է արձանագրել, որ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն` ՄԺԾ ծրագիրը կառավարությունը պետք է հաստատեր մինչև ս.թ. հուլիսի 10-ը (հաշվի առնելով, որ հուլիսի 10-ը ոչ աշխատանքային` շաբաթ օր էր` մինչև հուլիսի 12-ը)։ Ստացվում է, որ մի կողմից այսօր լրանում է ՄԺԾ ծրագրի և կառավարության պարտքի բեռի նվազեցման ծրագրի` կառավարության կողմից հաստատման վերջնաժամկետը, մյուս կողմից` վերջին պահին ՄԺԾ ծրագիրը հաստատվել է նման թերի տեսքով (ինչը չի բավարարում ՀՀ օրենքով սահմանված պահանջներին), ընդ որում`դռնփակ նիստում։

Թեև այսպիսի վարքագիծը ՀՀ ներկայիս կառավարության դեպքում նորություն չէ, մնում է միայն ակնկալել, որ չի խախտվի հաջորդ` ծրագրերը ԱԺ-ին ի գիտություն ներկայացնելու վերջնաժամկետը, ինչպես նաև ամբողջական տեսքի կբերվեն հաստատված ծրագրերը: ՀՀ օրենքի համաձայն, ՀՀ կառավարությունը պետք է ՄԺԾ ծրագիրը (կից նաև կառավարության պարտքի բեռի նվազեցման ծրագիրը) Ազգային ժողով ներկայացնի մինչև ս.թ. հուլիսի 20-ը:

Տեսանյութեր

Լրահոս