4 րոպեում՝ 4 շնորհակալություն․ Փաշինյանի շնորհակալությունները, Պուտինի կասկածելի ջերմությունը. տագնապեցնող հանդիպում

Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին մեկնեց Մոսկվա, որտեղ աշխատանքային այցի շրջանակում հանդիպում ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սա, թերևս, ՀՀ-ում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Փաշինյանի առաջին օտարերկրյա այցն էր, ինչը միջպետական հարաբերությունների համատեքստում բավականին խոսուն հանգամանք է:

Փաշինյան-Պուտին հանդիպման արարողակարգային հատվածը բավականին սեղմ, սակայն չափազանց ուշագրավ նորություններ էր պարունակում: Նախ տեղեկացնենք, որ ՌԴ նախագահն իր խոսքը կառուցեց երկու շեշտադրման շուրջ: Առաջինը՝ շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին ընտրություններում ստացած վստահության համար: Երկրորդը՝ կարևորեց ընտրություններում ստացած վստահությունը` նկատի ունենալով այն, որ նման դժվար, սուր հարցերը, նրա իսկ խոսքով, կարելի է լուծել միայն արդյունավետ աշխատանքի հնարավորության դեպքում, ինչի համար ամենակարևորը ժողովրդի վստահությունն ունենալն է:

«Այն Դուք ունեք, դա ցույց տվեցին ընտրությունների արդյունքները, ինչը շատ կարևոր է, իրականում դա ամենագլխավորն է: Երկրի համար նման դժվարին պահերին դա ամենակարևոր պայմանն է հետագա զարգացման համար»,- նշեց Պուտինը:

Իր հերթին՝ Նիկոլ Փաշինյանը խոսեց անվտանգության բաղադրիչից՝ շնորհակալություն հայտնելով ռուսական կողմին և կարևորելով ռուսական ներդրումը Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո հաստատված հրադադարի հարցում:

«Պետք է ասեմ, որ ռուս խաղաղապահների տեղակայումից հետո, ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայուն է, սակայն ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս անկայունության, անհանգստության ինչ-որ օջախներ: Եվ այսօր ցանկանում եմ Ձեզ հետ կիսվել գնահատականներով, կարծիքներով, թե ինչու և ինչպես է դա տեղի ունենում: Նաև ոչ կայուն իրավիճակ է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին: Դրա հետ կապված՝ մենք ոչ մեկ անգամ ենք խոսել, և ցանկանում եմ նշել, որ այստեղ նույնպես մենք, ցավոք, վերջին երկու ամիսների ընթացքում ունենք մշտական անհանգստության օջախ: Հույս ունեմ, որ այս հարցով մեզ կհաջողվի «ճշգրտել ժամերը»»,- ասաց Փաշինյանը:

Վերջինս խոսեց նաև գերիների հարցից, որ ամբողջությամբ լուծված չէ խնդիրը: «Ցանկանում եմ դրանում ընդգծել Ձեր անձնական դերակատարությունը և շնորհակալություն հայտնել: Մենք հունիսի 24-ի մեր հեռախոսազրույցի ընթացքում այդ թեման քննարկել ենք, և մեկ շաբաթ անց մեր 15 հայրենակիցները վերադարձան հայրենիք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ուշագրավն այն հանգամանքն է, որ իր 4 րոպե տևողությամբ հրապարակային խոսքում Փաշինյանը շուրջ 4 անգամ շնորհակալություն հայտնեց Վլադիմիր Պուտինին այս կամ այն հարցով: Նրա այդ «շնորհակալություններն» այնքան էլ  տարօրինակ չէին դիտարկվի հատկապես հետպատերազմյան երկրի դեպքում, որն այսչափ թուլացած է, ունի բազում անվտանգային խնդիրներ, և եթե մինչ 2018-ի հեղափոխությունն ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախկին իշխանություններին՝ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին մեղադրած չլիներ  «Եվրոպաներում, մոսկվաներում կոշիկներ լիզելու»,  ինքնիշխանությունը զիջելու, «ծախելու», «ողնաշարը ծռելու», իսկ Ռուսաստանին՝ Ապրիլյան պատերազմը 2016 թվականին հրահրելու մեջ: Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների հակառուսական հայտարարությունները շատերն են հիշեցնում նրան: Նիկոլ Փաշինյանը դարձավ անկախ Հայաստանի պատմության ամենառուսամետ դիտարկվող և Պուտինին ամենաշատը քծնած և շնորհակալություն հայտնած ղեկավարը: Սակայն սա չէ գլխավորը:

Հանդիպման ամենահետաքրքրական նյուանսը Պուտինի պահվածքն էր՝ կասկածելիորեն ջերմ վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, ինչպես նաև անկեղծ շեշտադրումները մոտալուտ լուծումների մասին: Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին շփումները մշտապես աչքի են ընկել սառնությամբ, հեռախոսազրույցների բացակայությամբ, դրանք երբեք չեն փայլել ջերմությամբ: Փաշինյան-Պուտին հանդիպումներին, շփումներին մշտապես հետևող վերլուծաբանները կնկատեն, որ Պուտինն այս անգամ շատ ջերմ էր, ու դա ամենևին պայմանավորված չէր Փաշինյանի նկատմամբ  անձնական համակրանքով: Դա ուներ հստակ քաղաքական ենթատեքստ և ակնկալիք, որի մասին, ըստ էության, պարզ ասվեց՝ ընտրություններին ստացված վստահությունից հետո սպասվում են ծանր, դժվար հարցեր և լուծումներ:

Նրանց շփումներին բնորոշ չէր նաև հանդիպման ոչ ֆորմալ բաղադրիչի մասին բարձրաձայնումը: Իսկ նախօրեին Պուտինը մասնավորապես նշեց. «Հույս ունեմ, որ այսօր կկարողանանք ֆորմալ և ոչ ֆորմալ ձևաչափով` աշխատանքային ճաշի շրջանակում, խոսել բոլոր հարցերի շուրջ, որոնք մենք մանրամասն քննարկել ենք վերջին ժամանակներս և որոնք մեր որոշումների կարիքն ունեն»: Սա հետաքրքրական նորություն էր Փաշինյան-Պուտին շփումներում: Ռուսական դիվանագիտության ավանդույթներին ծանոթ վերլուծաբանները ևս կփաստեն, որ ՌԴ նախագահը սովորաբար բավականին զուսպ է իր գնահատականներում և դրսևորումներում, ուստի մեկ հանդիպման համար շնորհավորանքները և ոչ ֆորմալ մթնոլորտում հանդիպումը շարունակելու մասին շեշտերը «դժվար», «սուր հարցեր» լուծելու խոսակցությանը զուգահեռ՝ բավականին հատկանշական է, ավելի հատկանշական, երբ նրա զրուցակիցը Փաշինյանն է՝ պատերազմում նվաստացուցիչ պարտություն և կորուստներ արձանագրած ղեկավարը, և տագնապեցնող է, քանի որ որևէ մեկին հայտնի չէ՝ ի՞նչ դժվար ու սուր հարցեր պետք է լուծի Հայաստանը, ի՞նչ հերթականությամբ,  գաղտնիության ի՞նչ պայմաններում, հասարակությանն է՞լ ինչ անակնկալներ պետք է մատուցի այս իշխանությունը՝ ստորագրելով նոյեմբերի 9-ի փաստաթղթին նմանվող հերթական փաստաթուղթը, ի՞նչ պետք է զիջի, կամ ինչո՞վ է պայմանավորված ՌԴ նախագահի գոհունակությունը:

ՀՀ իշխանությունները, կարելի է նույնիսկ ասել, որ մայիսի 28-ից սկսած «արգելափակել են» ՀՀ ԱԳՆ-ն, որը սովորաբար պատասխանում է, պատասխանատու է այս հարցերի բանակցման և հանրային ներկայացման համար:  ՌԴ նախագահը, թերևս, իսկապես շնորհակալության արժանի է, քանի որ անկեղծ է, երբ նշում է, որ սպասվում են դժվար, սուր, ծանր հարցերի շուրջ լուծումներ, իսկ թե ո՞վ պետք է հայ հասարակության համար գաղտնազերծի զիջումների հերթական փուլը,  կամ կգաղտնազերծի՞, թե՞ ոչ, հայտնի չէ: Հայաստանին սպասվող մոտալուտ ծանր որոշումների փազլը կարելի է այնուամենայնիվ հավաքել՝ լրջորեն ուսումնասիրելով Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի նախագահների վերջին երկու ամիսների ընթացքում արված բոլոր հայտարարությունները, որոնք ենթադրում են բոլոր կողմերի համար հայկական հարցի, պահանջատիրության, սուբյեկտայնության վերացում:

Տեսանյութեր

Լրահոս