«Արտավազդ Սահակյանի և Արմեն Բդոյանի շնորհիվ այսօր ոտքս պահպանվել է. նման մարդկանց պետք է խրախուսել, ոչ թե հեռացնել». Արթուր Քարամյան
Արցախյան պատերազմում վիրավորում ստացած Արթուր Քարամյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որտեղ անդրադարձել էր «Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկայի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանին՝ նշելով, որ ականավոր վիրաբույժին պարգևատրելու փոխարեն՝ ստիպել է լքել իր իսկ հիմնադրած կլինիկան, որտեղ հազարավոր կյանքեր են փրկվել:
Արթուր Քարամյանի այս գրառման տակ մեկնաբանություն էր թողել Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը. «Ապատեղեկատվություն մի տարածեք, Արտավազդ Սահակյանին առաջարկվել է տեղափոխվել այլ վայր իր մասնագիտական գործունեությունը շարունակելու, քանի որ շենքը, որտեղ գործունեություն է ծավալում բժիշկը, վերանորոգման ենթակա է»։
Նույն գրառման տակ մեկնաբանություն էր գրել նաև Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը՝ նշելով, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. «Ձեր տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը` մի տարածեք ապատեղեկատվություն նման մեծարգո մարդու անունից։ Մեր բոլորի կողմից շատ սիրված բժշկի հետ խոսել եմ անձամբ` իր զբաղեցրած տարածքը հիմանորոգվում է, որից հետո բժիշկը վերադառնալու է իրեն արժանի պայմաններում գործելու և վիրահատելու մեր տղաներին։ Արտավազդ Սահակյանը սիրով ընդունել է իմ առաջարկը»։
Հայկուհի Մինասյանի այս մեկնաբանությանը պատասխանել էր վիրաբույժը՝ Արտավազդ Սահակյանը. «Խնդրում եմ իմ փոխարեն չպատասխանել: Այստեղ առկա են բազմաթիվ չլուծված հարցեր: Ես Համալսարանի աշխատակից եմ և ղեկավարվում եմ Համալսարանի օրենքներով և դրույթներով»:
Բժշկական շրջանակներից 168.am-ի աղբյուրներն ասում են, որ իրականում Արտավազդ Սահակյանի դեմ սկսված այդ գործընթացը և «ծրագիրը» հենց ԵրՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանինն է, որը, սակայն, «տակից է գործունեություն ծավալում», իսկ թե ինչ մոտիվացիա կարող է ունենալ Արմեն Մուրադյանն իր ղեկավարած կառույցին 25 տարի համբավ ու հեղինակություն բերող բժշկին «Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկայի տարածքը լքել ստիպելու համար, երևի ինքը կիմանա: Ասում են՝ ցանկանում է ընդլայնել զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնը՝ «Զինվորի տունը», որի հաջողությունները նա հրապարակավ հիմնականում իրեն է վերագրում:
168.am-ի հետ զրույցում Արթուր Քարամյանն անդրադառնալով իր գրառմանը, նշեց, որ այդ մասին առաջինն ինքն է գրառում արել, քանի որ զինվորներից կոնկրետ այս պահին ինքն է կլինիկայում բուժում ստանում։
«Վստահ եմ, որ մեր մյուս ընկերները, որոնք Արտավազդ Բագրատիչը փրկել է, այլ ոչ թե բուժել, իրենցից ցանկացածը նույն կերպ էր արձագանքելու։ Խնդիրն առաջացավ այն ժամանակ, երբ ինձ զգուշացրեցին, որ հնարավոր է շուտով մենք տեղափոխվենք։ Ինքս երեկ եմ վիրահատվել ու ես իրենց հետ պետք է տեղափոխվեի այլ բուժհաստատություն։ Խնդիրն այն է, որ իրենք ասում են, թե տեղափոխում են հիվանդանոցը բարեկարգելու համար, բայց եթե ուզում են հիվանդանոցը բարեկարգել, ապա կարող են դա անել առանց անձնակազմին այստեղից հանելու։ Չգիտեմ՝ ինչո՞ւ են այդպես որոշել, որ անձնակազմին պետք է հանեն, այն էլ՝ ամբողջ անձնակազմին, որը մեզ հետ շատ սրտացավ աշխատել է, նրանք այսօր փաստացի հայտնվում են դրսում՝ ներառյալ այն հիվանդները, որոնք այս պահին բուժում են ստանում, այդ թվում՝ ես, փաստացի մեզ այստեղից դուրս են հանում»,- ասաց Ա. Քարամյանը։
Ըստ նրա, այստեղ խնդիր է նաև այն, որ կլինիկայից անձնակազմին ու իրենց դուրս հանելուց հետո, չի առաջարկվում այլ կենսական պայմաններով, հնարավորություններով որևէ բուժհաստատություն, որտեղ հնարավոր կլինի շարունակել գործունեությունը։
«Բոլորն էլ գիտեն, թե Արտավազդ Սահակյանն ինչ ավանդ է ունեցել ամբողջ պատերազմի ընթացքում, իսկապես սոսկալի է, որ այսօր այս մարդը կարող է նման փաստի առջև կանգնել, մարդը չունենա՞ վիրահատարան, որտեղ ինքը կփրկի կյանքեր, կարծում եմ՝ սա նորմալ չէ և, մեղմ ասած, անարդար է»,- հավելեց մեր զրուցակիցը։
«Ի դեպ, իմ գրառման մեջ «Զինվորի տան» հետ կապված որևէ բան չեմ ասել, բայց այնպես է ստացվել, որ իրենց ամբողջ անձնակազմը այնպես են տրամադրված ու այնպիսի մեկնաբանություններ են անում՝ տպավորություն է ստեղծվում, թե մենք իրենց ինչ-որ հակա բաներ ենք ասում։ Եթե փաստացի իրենց հետ կապված որևէ խոսակցություն չկա այստեղ, ինչո՞ւ են այդպես բացասաբար անդրադառնում, ամբողջ անձնակազմը առանց գիտակցելու, որ իմ գրառման մեջ իրենց մասին որևէ բան չկա, չգիտես ինչո՞ւ, վիրավորական արտահայտություններ ու դժգոհություններ են թույլ տալիս։ Եթե այս ամենի հետ կապված իրենք որևէ միտում չունեն, ինչո՞ւ են այդպես արձագանքում, չէ՞ որ իրենց 50-70 տոկոսը Արտավազդ Բագրատիչի շնորհիվ է այսօր հասել են այստեղ։ Մենք ինչ-որ մեկի տարածքը չենք ուզում, այլ ուզում ենք, որ բժիշկն իր գործունեությունը շարունակելու համար տեղ ունենա։ Արտավազդ Բագրատիչը բազում անգամներ այս շենքը վերանորոգել է՝ առանց անձնակազմին հանելու։ Երեք հարկից է բաղկացած, թող առաջին հարկը վերանորոգեն, մարդիկ երկրորդ հարկում աշխատեն, այնուհետև շարունակեն նույն տրամաբանությամբ։ Այլ բան է, որ մարդկանց հանում են առանց ժամկետների ու առանց որևէ բան առաջարկելու»,- շեշտեց նա։
Արթուր Քարամյանը նաև ընդգծեց, որ իր բարձրացրած խնդրի մասին ոչ բոլորն են տեղյակ, շատերը Արտավազդ Սահակյանի դեմ տեղի ունեցող գործընթացի մասին տեղեկացել են միայն իր գրառումից հետո։
«Ինքս որևէ բարեկամական կամ այլ կապ իրենցից որևէ մեկի հետ չունեմ։ Բժիշկներին առաջին անգամ հանդիպել եմ, երբ տեղափոխվել եմ այստեղ։ Կարծում եմ՝ այս բուժանձնակազմին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր զինվորների հետ նման աշխատանք են տարել, բացի խրախուսելուց ու պարգևատրելուց՝ նման վերաբերմունքի չպետք է արժանացնեն»,- նշեց Արթուր Քարամյանը։
Արթուրը Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ որպես կամավոր մեկնել է Արցախ, վիրավորում է ստացել հոկտեմբերի 21-ին՝ Հադրութում, որից հետո տեղափոխվել է երկու տարբեր բուժհաստատություններ, այնուհետև՝ Արտավազդ Սահակյանի մոտ, ով զբաղվել է իր ոտքի բուժմամբ։
«Արտավազդ Սահակյանի և Արմեն Բդոյանի շնորհիվ, կարելի է ասել, որ այսօր ոտքս պահպանվել է, նրանց համատեղ աշխատանքի արդյունքում։ Դեռ չեմ կարողանում քայլել, դեռ բուժման մեջ եմ, երեկ եմ վիրահատվել»,- եզրափակեց նա։
Ի դեպ, Արտավազդ Սահակյանի որդին՝ բժիշկ Արամ Սահակյանը, ԱԺ արտահերթ ընտրություններում որպես պատգամավորության թեկնածու առաջադրվել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական ցուցակում և չի բացառվում, որ հազարավոր կյանքեր փրկած լեգենդար վիրաբույժի դեմ սկված այս հետապնդումը տեղիի է ունենում Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵրՊԲՀ) ռեկտոր Արմեն Մուրադյանի և իշխանությունների տանդեմի գործունեության արդյունքում: