Պայմանների բարելավո՞ւմ, թե՞ վտարում…

Երեկ ֆեյսբուքյան օգտագտեր, վիրավոր զինծառայող Արթուր Քարամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր այն մասին, որ հանրահայտ պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանին ստիպում են լքել իր իսկ հիմնադրած կլինիկան:

Արտավազդ Սահակյանը կամ, ինչպես հազարավոր պացիենտներն ու գործընկերներն են ասում, Արտո Բագրատիչն իր գործունեությունը ծավալում է Երևանի պետական բժշկական համալսարանի ենթակայության ներքո գտնվող «Հերացի» համալսարանական հիվանդանոցում:

1996թ. առ այսօր  Համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոցի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավարն է, ԵրՊԲՀ պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնի վարիչը։

Բժշկական շրջանակներից ասում են, որ իրականում Արտավազդ Սահակյանի դեմ սկսված այդ գործընթացը և «ծրագիրը» հենց ԵրՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանինն է, որը, սակայն, «տակից է գործունեություն ծավալում», իսկ թե ինչ մոտիվացիա կարող է ունենալ Արմեն Մուրադյանն իր ղեկավարած կառույցին 25 տարի համբավ ու հեղինակություն բերող բժշկին «Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկայի տարածքը լքել ստիպելու համար, երևի ինքը կիմանա: Ասում են՝ ցանկանում է ընդլայնել զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնը՝ «Զինվորի տունը», որի հաջողությունները նա հրապարակավ հիմնականում իրեն է վերագրում:

««Մարմնի ճարտարապետ». հենց այսպես են անվանում անհնարինը հնարավոր դարձնող Արտավազդ Սահակյանին,  ում անունը չէր դադարում հնչել պատերազմի ընթացքում՝ որպես հրաշագործ, ով օրը 24 ժամ, առանց մեկ րոպե հանգստի, վիրավոր զինվորներին նորից քայլելու, նորից սեփական ձեռքերը զգալու և վերջապես ապրելու հնարավորություն էր ընձեռում»,- գրել էր վիրավոր զինծառայողն ու տարակուսել, թե ինչպես կարող են նման մարդուց ու մասնագետից հրաժարվել:

«Սա մի մեծ արհամարհանք է հենց մեզ՝ բոլոր վիրավոր զինծառայողներիս, քանի որ մեր կյանքի և ապրելու համար մենք պարտական ենք հենց իրեն՝ մարդու, ով իր գիշերն ու ցերեկը նվիրել է մեզ, վերադարձնելով մեզ այն, ինչը որ խլել էր մեզանից պատերազմը»,- նշել էր վիրավոր զինծառայող Արթուր Քարամյանը:

Թեման մեծ աղմուկ է բարձրացրել սոցցանցերում, և մարդիկ չեն հասկանում՝ ինչպես է հնարավոր նման բան:

Մեկնաբանություններում Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը հրապարակել էր փաստաթուղթ, գրել, թե լուրը չի համապատասխանում իրականությանը, և խոսքն ընդամենը տարածքի վերանորոգման մասին է, ինչից հետո ականավոր բժիշկը կվերադառնա իր կլինիկան:

«Ապատեղեկատվություն մի տարածեք, Արտավազդ Սահակյանին առաջարկվել է տեղափոխվել այլ վայր իր մասնագիտական գործունեությունը շարունակելու, քանի որ շենքը, որտեղ գործունեություն է ծավալում բժիշկը, վերանորոգման ենթակա է»,- գրել էր ԵրՊԲՀ աշխատակազմի ղեկավարը:

Շուշան Դանիելյանի հրապարակած փաստաթղթում նշված է, որ քանի որ «Հերացի» թիվ մեկ համալսարանական կլինիկայի ձախ հատվածը, ուր աշխատում է միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը, վերանորոգման կարիք ունի, կլինիկայի ղեկավարությունը ցանկանում է իրականացնել այդ աշխատանքները, որից հետո «Զինվորի տունը» ցանկանում է այդ հատվածում պահպանել միկրովիրաբուժության բաժանմունքը՝ կառուցելով ժամանակակից վիրահատարաններ:

Այս փաստաթղթով «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ՀԿ նախագահ Հայկուհի Մինասյանը դիմել է ԵրՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին՝ նրան խնդրելով տալ իր համաձայնությունը վերանորոգումից հետո Արտավազդ Սահակյանին թույլ տալ գործել նույն տարածքում:

Մեկնաբանություններին արձագանքել է նաև ինքը՝ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը, ով միայն Արցախյան վերջին 44-օրյա պատերազմի ընթացքում վիրահատել է 400-ից ավելի զինվորների, ով մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, անգնահատելի ավանդ է ունեցել Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ ու դրանից հետո, ով Արցախում և Հայաստանի մարզերում մշտապես վիրահատություններ է կատարել՝ փրկելով հազարավոր երիտասարդների կյանքեր ու նրանց զերծ պահել հաշմանդամություն ձեռք բերելուց:

Բժիշկը նախ արձագանքել էր Հայկուհի Մինասյանի հետևյալ մեկնաբանությանը՝ «Ձեր տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը` մի տարածեք ապատեղեկատվություն նման մեծարգո մարդու անունից։ Մեր բոլորի կողմից շատ սիրված բժշկի հետ խոսել եմ անձամբ`իր զբաղեցրած տարածքը հիմանորոգվում է, որից հետո բժիշկը վերադառնալու է իրեն արժանի պայմաններում գործելու և վիրահատելու մեր տղաներին։ Արտավազդ Սահակյանը սիրով ընդունել է իմ առաջարկը»:

Բժիշկ Արտավազդ Սահակյանն «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ՀԿ նախագահ Հայկուհի Մինասյանին նախ առաջարկել էր չխոսել իր անունից.

«Խնդրում եմ իմ փոխարեն չպատասխանել: Այստեղ առկա են բազմաթիվ չլուծված հարցեր: Ես Համալսարանի աշխատակից եմ և ղեկավարվում եմ Համալսարանի օրենքներով և դրույթներով»,- գրել էր Արտավազդ Սահակյանը:

Հաջորդիվ, թերևս ցանկանալով փակել թեման ու հրապարակային քննարկում չծավալել, հանրահայտ միկրովիրաբույժը գրել էր.

«Հարգելիներս, մենք սիրում ու խոնարհվում ենք մեր զինվորների առաջ՝ անկախ նրանից՝ նա որտեղ է։ Վիրաբույժներս վիրահատում ենք ծանր պահերին, իսկ վերականգնողական կենտրոնները բարելավում են կյանքի որակը, երկուսն էլ կարևոր են, և պետք չէ հակադրել իրար։ Խնդիրը բաժնի նորմալ գործունեության ապահովման մեջ է։  Ունենք 35 կլինիկական օրդինատոր և 31 աշխատող, նրանք պետք աշխատեն նույն պայմաններում, առանց ստորադասվելու և միասին։ Սա Բժշկական համալսարանի խնդիրն է։ Մենք պրոռեկտորների հետ երկու օր է, աշխատում ենք, այսօր էլ Միքայելյան հիվանդանոցից վերադառնալիս իմացա Արթուրի գրածի մասին։ Նա մեր հերոսներից է։ Ես ու Հայկուհին լավ հարաբերությունների մեջ ենք։ Առողջ եղեք»:

Իսկապես, բարդ է գերագնահատել երկու կենտրոնների աշխատանքները, նրանք երկուսն էլ կատարում են տիտանական աշխատանք՝ հանուն մեր վիրավոր զինծառայողների կյանքի, առողջության պահպանման ու վերականգնման, միայն թե պետք չէ իր խաչը լուռումունջ տասնամյակներով տանող բժշկի աշխատանքը ստորադասել վերականգնողական կենտրոնի բարօրությանը:

Կրկնում ենք, անկարելի է չհասկանալ ու չգնահատել վերականգնողական կենտրոնի դերն ու նշանակությունը վիրավոր ու զինհաշմանդամ զինվորների կյանքում, սակայն պետք չէ մոռաբնալ, որ այդ զինվորների կյանքերը մինչ վերականգնողական կենտրոն հասնելը փրկվում են հենց Արտավազդ Սահակյանի ու նրա մասնագիտական թիմի կողմից, նրանց կողմից գիշեր-ցերեկ կատարվող բարդագույն վիրահատությունների արդյունքում, և այս մարդիկ առնվազն արժանապատիվ պայմաններում աշխատելու իրավունք ունեն:

Տեսանյութեր

Լրահոս