«Հաղթանակած երկիր էինք, գուցե չզգացինք, որ հաղթանակը նաև պետք է ամենօրյա զգուշությամբ պահենք. հիմա Թուրքիան աշխատում է ավարտին հասցնել 1915 թվականը». Աելիտա Դոլուխանյան
Գրականագետ, ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Աելիտա Դոլուխանյանի բնորոշմամբ՝ այսօր երկիրը հայտնվել է նման իրավիճակում, քանի որ ազգն իր զգոնությունը կորցրել է։
«Անհատը և ազգը շատ նման են իրար, անհատն էլ, երբ իր զգոնությունը կորցնում է, նրա ձախորդությունները սկսվում են։ Մենք կորցրեցինք մեր զգոնությունը, հաղթանակած երկիր էինք, գուցե չզգացինք, որ հաղթանակը նաև պետք է ամենօրյա զգուշությամբ պահենք։ Այս հարցում մենք որոշ թերություններ ունեցել ենք։ Հակառակորդը սրանից օգտվեց և ինտենսիվորեն պատրաստվեց մեզ հաղթելու, բայց նա չէ, այլ Թուրքիան է մեզ հաղթել, որի ձեռքին է շատ մեծ խաղաքարտ՝ Բոսֆոր և Դարդանել նեղուցները, հավատացեք, նա աշխարհին դրանով է խեղճացնում։ Թուրքիան օգնեց իր այն հատվածին, որն Անդրկովկասում է ապրում, օգնեց, որովհետև հիմա ամեն կերպ աշխատում է ավարտին հասցնել 1915 թվականը։ Զգույշ պետք է լինենք, այդքան կեղեքիչ կորուստներ, զոհեր եղան մեր զգոնությունը կորցնելու պատճառով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աելիտա Դոլուխանյանը։
Ինչ վերաբերում է Թուրքիայի մտադրությանը և այդ համատեքստում ՀՀ իշխանությունների գործողություններին՝ կոմունիկացիաներն ապաշրջափակելու վերաբերյալ, Աելիտա Դոլուխանյանը նկատեց՝ այդ ամենը կառավարության անփորձության հետևանքով է, հետևաբար` եթե հայ ժողովրդի պատմությունը լավ իմանային, ապա զգույշ կլինեին։
Նա ուրախությամբ արձանագրեց, որ ԱԺ-ում սեպտեմբերից կլինի իսկական ընդդիմություն, նույնիսկ ներկայիս իշխանությունը շատ պետք է ուրախանա, որ առողջ ընդդիմություն ունի։
«Երբ ընդդիմություն չկա կամ այն ձևական է, իսկ նախորդ ԱԺ-ում ծիծաղելիորեն ձևական էր, պետք չէր քաղաքակիրթ լինել, որ դա հասկանայինք, կարծում եմ՝ հիմա իշխանությունը կգործի, որովհետև խորհրդարանում իսկապես իրական և ուղի ցույց տվող ընդդիմություն կա։ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքները փորձառու մարդկանցից կազմված դաշինքներ են, նրանք իշխանությանը ճիշտ ուղի ցույց կտան, ես ուրախ եմ, որ նրանք ԱԺ են անցել»,- հավելեց նա։
Միաժամանակ նա ընդգծեց, որ տեսել է ամեն ինչ, Արցախյան շարժում, Արցախի ազատագրում, Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակ և այլն, երբևէ չէր մտածում, որ կտեսնի Արցախի մի հատվածի կորուստը։
«Ես տեսել եմ 1945 թվականի մայիսի 9-ը՝ երեք տարեկան էի, հայրս Գործկոմի նախագահ էր, մեր ընտանիքից զոհվել էին մայրիկիս երկու եղբայրները, նրանց 18 տարեկան տղան, ծանր վիրավորում էր ստացել հորեղբայրս։ Հաղթանակի գեղեցիկ արարողությունը պետք է լիներ, մայրս ինձ գեղեցիկ շորեր էր հագցրել, ժապավեն էր կապել, սակայն հոգուր-հոնգուր լաց էր լինում, որովհետև ուրախ էր հաղթանակի համար, բայց տխուր՝ մարդկային կորուստների համար։
1957 թվականին հայրս, մայրս, Ակսել Բակունցի որդին՝ Սևադա Բակունցը, և իր բժշկուհի կինը, հայտնի վիրաբույժ Միրզա Ավագյանը և իր կինը միասին գնացել էին Շուշի, որտեղից մայրս շատ տխուր վերադարձավ։ Հետո երբ խոսում էինք, մայրս ասաց, որ երազում է, որպեսզի մի օր Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին, որը լիքն էր տնային կենդանիներով՝ կովեր, ոչխարներ, այդ հրաշք եկեղեցին իր հրեշտակներով վերակառուցվի։
Մայրս ասաց, որ Արցախն անսահման գեղեցիկ է, բայց այնտեղ հայերը շատ տխուր են։ Այդ ժամանակ մեր մտավորականներն այցելել էին Արցախ, որը Քեմալ Աթաթուրքի հրահանգով Լենինն ու Ստալինը տվել էին Ադրբեջանին։ Ես մեծացել եմ ու Րաֆֆու պատմավեպերն եմ տեսել, նաև մեծացել եմ Դանիել Վարուժանով, Հովհաննես Թումանյանով, Իսահակյանով, դաստիարակվել եմ ազգային արժեքներով»,- շեշտեց Ա. Դոլուխանյանը։
Եզրափակելով խոսքը՝ մեր զրուցակիցն ընդգծեց՝ եթե իշխող թիմը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կտրուկ չվերանայի իր ծրագրերը՝ հօգուտ հայերի, ապա Հայաստանի ու Արցախի ապագայի վերաբերյալ չի կարող լավատես լինել։