«Չենք կարող խոսել տնտեսության վերականգնման մասին, որովհետև դեռևս չենք հասել 2019 թվականի ցուցանիշներին». Տնտեսագետ

Մինչ փորձագետները բարձրաձայնում են, որ Հայաստանի գրեթե բոլոր ոլորտներում տոտալ ճգնաժամ է՝ սկսած քաղաքականությունից մինչև տնտեսություն, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարում է, թե ՀՀ տնտեսությունը վերականգնման փուլում է, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը 5 ամսում աճել է 4,3 տոկոսով՝ նախորդ ամսվա համեմատ։

168.am-ի հետ զրույցում ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը տնտեսության վերականգնման վերաբերյալ Տիգրան Ավինյանի  հայտարարությունն այսպես մեկնաբանեց՝ հավանաբար տնտեսության աշխուժացման վերաբերյալ պնդումներն առավելապես հիմնված են Ազգային վիճակագրական կոմիտեի մայիս ամսվա  հրապարակած ցուցանիշների վրա, համաձայն որոնց՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը մոտ 11 տոկոսով աճ է արձանագրել։

«Փաստացի, կառավարության ներկայացուցիչները ենթադրում են, որ սա տնտեսության աշխուժացման լավ ցուցիչ է։ Սակայն մոռանում են այն հանգամանքը, որ 10,9 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ արձանագրվել է 2020 թվականի մայիս ամսվա համեմատ։ Իսկ 2020 թվականի մայիսը «լոքդաունի» ամենածանր ամիսներից մեկն էր, և ընդհանուր տնտեսությունը գահավիժում էր, անկման փուլում էր գտնվում։ Համեմատության համար ասեմ, որ 2020 թվականի մայիս ամսին 2019 թվականի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը շուրջ 13 տոկոսով անկում է ապրել։ Հետևաբար, այս 11 տոկոսանոց աճն անգամ բավարար չէ, որպեսզի 2021 թվականի մայիս ամսվա ցուցանիշները հասնեն 2019 թվականի մայիս ամսվա ցուցանիշներին։ Այսինքն՝ մենք 2020 թվականի համեմատ որոշակի աշխուժացում, անշուշտ, ունենք, որովհետև այն «լոքդաունով» պայմանավորված ծանր տնտեսական տարի էր և այդ ֆոնին, այո, այս տարի աշխուժացում կա, սակայն խոսել տնտեսության վերականգնման մասին չենք կարող, որովհետև դեռևս մենք չենք հասել 2019 թվականի ցուցանիշներին»,- նշեց Կառլեն Խաչատրյանը։

Տնտեսագետի խոսքով՝ օրինակ, ծառայությունների ոլորտը 2019 թվականի մայիսին ունեցել է մոտավորապես 162 մլրդ դրամի թողարկում, իսկ 2020 թվականի մայիսին այդ ցուցանիշը նվազել է և հասել 132 մլրդ-ի, իսկ 2021թ.-ին՝ 152 մլրդ, այսինքն՝ եթե այն համեմատեն 2019 թվականի մայիսի հետ, ապա այս տարի ցուցանիշներն ավելի ցածր են, քան 2019 թվականին է եղել։ Նույնը՝ նաև շինարարության և այլ ոլորտներում։

«Հետաքրքիր է, որ ըստ նույն Ազգային վիճակագրական ծառայության հրապարակումների՝ շինարարության ոլորտի աճը 2021 թվականի մայիսին ամենափոքրն է՝ կես տոկոս, մնացած բոլոր ոլորտները՝ առևտուր, ծառայություններ, արդյունաբերություն և այլն, ավելի մեծ տոկոսային տեմպերով են աճել այս տարվա մայիսին։ Պատճառն այն է, որ 2020 թվականի մայիսին բացօթյա շինարարությունը թույլատրվեց, հետևաբար՝ ծանր ու վատթար ցուցանիշներ այս ոլորտում չենք ունեցել, ինչն էլ փաստորեն իր արտացոլումն է գտել այս տարվա ցուցանիշներում։ Իմ համոզմամբ, ԱՎԾ-ի հրապարակումը՝ թե՛ մայիսի, թե՛ վերջին հինգ ամիսների ժամանակահատվածի համար, խոսում է այն մասին, որ տնտեսությունում որոշակի դրական դինամիկա կա՝ ի համեմատ համավարակով պայմանավորված 2020 թվականի նույն ժամանակահատվածում, բայց ընդհանուր առմամբ վիճակը չի կարելի բնութագրել՝ որպես զարգացում կամ տնտեսական աշխուժացում»,- հավելեց տնտեսագետը։

Իսկ եթե տնտեսությունը վերականգնվում է, ինչո՞ւ շարքային քաղաքացին դա չի զգում իր կենսամակարդակի վրա, հարցին Կառլեն Խաչատրյանը պատասխանեց, որ անշուշտ, եթե տնտեսությունը զարգանում է, և ամեն ինչ առաջ է ընթանում, քաղաքացին այն իր կյանքում պետք է զգա։

«Խնդիրն այն է, որ իրականում այդ աշխուժացումն ու զարգացումը այն հիմքերը չունեն, ինչը պետք է ունենային։ Այսինքն՝ երբ խոսում են, որ թվում է, թե 10 տոկոսանոց աճ կա, ու դա լավ է, բայց մոռանում ենք, որ այս աճը նախորդ տարվա 13 տոկոսանոց անկման ֆոնին է արձանագրվել։ Հետևաբար՝ այս իրավիճակում չի կարող քաղաքացին դա իր վրա զգալ, և դա բնական է, որովհետև լուրջ տնտեսական աշխուժացման հիմքեր տնտեսությունում դեռևս չեն նկատվում, այսինքն՝ թե՛ գնաճային ֆոնը, թե՛ փոխարժեքի վարքագիծը, նաև առանձին ոլորտներում արձանագրվող միտումներն ակնհայտորեն խոսում են այն մասին, որ մենք տնտեսական զարգացման հիմքեր չենք դրել, կառավարությունը որևէ բան չի արել, որ իրապես որակական աճ ունենա տնտեսությունը, ինչն էլ շղթայաբար իր հետ կբերի զբաղվածության,  եկամուտների բարձրացման  և  սոցիալական խնդիրների մեղմման»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Իսկ արդյո՞ք հնարավոր է տնտեսության զարգացումը առանց ներդրումներ և, մասնավորապես, օտարերկրյա ներդրումների նեգրավման: Կառլեն Խաչատրյանը պատասխանեց, որ նախ՝ արտաքին ներդրումներ չկան, անգամ պաշտոնական վիճակագրությունը փաստում է օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալի խայտառակ անկման մասին, դրանք ուղղակի չկան։

«Սա օբյեկտիվ է այն պարզ պատճառով, որ մեր երկիրն անվտանգային խնդիրներ այս պահին չի կարողանում լուծել։ Մեկ ամսից ավելի է թշնամին անարգելք մեր երկրի պետական սահմանը հատել է, այսինքն՝ եթե անվտանգային խնդիրները դեռևս լուծված չեն, խոսել ներդրումների ու տնտեսության աշխուժացման մասին չենք կարող։ Քանի դեռ անվտանգային, քաղաքական խնդիրները, տնտեսությունում տեղի ունեցող որոշակի գործընթացները չեն կայունացել, մենք որևէ ներդրման մասին չենք կարող խոսել, իսկ եթե չկան ներդրումներ, տնտեսությունը չի կարող զարգանալ։ Ընդ որում, երբ ասում ենք՝ ներդրում, միայն օտարերկրյա ներդրումները նկատի չունենք, նաև ներքին ներդրումները։ Տեղացի նեդրողները ևս անվտանգային երաշխիքներ են ակնկալում, քաղաքական կայունություն են ենթադրում, և այլն»,- եզրափակեց Կառլեն Խաչատրյանը։

Տեսանյութեր

Լրահոս