Արգելանքն էլ պիտի արգելանքի նման լինի

Կառավարությունը պատրաստվում է ևս 6 ամսով երկարացնել թուրքական ապրանքների ներմուծման արգելանքը։ Առաջին վեցամսյա արգելանքի ժամկետն ավարտվում է այս ամսվա վերջին։ Հաշվի առնելով այդ հանգամանքը, Էկոնոմիկայի նախարարությունը շրջանառության մեջ է դրել նոր նախագիծ՝ արգելանքը կրկին 6 ամսով երկարացնելու վերաբերյալ։

Լավ է, որ գոնե հիմա հիշել են այդ մասին։ Տևական ժամանակ կառավարությունը խուսափում էր հստակեցնել՝ պատրաստվո՞ւմ է երկարացնել արգելանքի ժամկետը, թե՞ ոչ։ Մի բան, ինչն անորոշության մեջ էր պահում տնտեսական հատվածի մասնակիցներին։ Հատկապես նրանց, ովքեր մտադիր էին ներդրումներ կատարել արգելանքի տակ հայտնված թուրքական ապրանքների փոխարինիչների արտադրության ոլորտներում։

Իր այդ քայլով կառավարությունը պարզապես ստիպեց պոտենցիալ ներդրողներին՝ ձեռնպահ մնալ ներդրումներ անելուց։ Պարզ է, որ 6 ամիսն այն ժամկետը չէր, որի համար կարելի էր ռիսկի գնալ և ներդրումներ անել։ Առավել ևս, որ թուրքական ապրանքների հետ մրցակցելն այնքան էլ հեշտ գործ չէ։

Անիմաստ կորցրեցինք 6 ամիս։ Այդ ժամանակը կարելի էր օգտագործել գոնե փոխարինող հզորություններ ստեղծելու և երկրորդ փուլում արտադրության մեջ դնելու համար։ Իսկ մենք ի՞նչ արեցինք. այնքան երկար պահեցին անորոշությունը, որ մարդիկ խուսափեցին ներդրումներ անելուց։

Հիմա կրկին մտնում ենք նույն շրջափուլի մեջ։ Ոչ ոք չի կարող ասել, թե ինչ է լինելու 6 ամիս հետո։

Մինչդեռ, այսպիսի նախաձեռնությունները կարող են նպաստավոր լինել ներքին տնտեսության համար, եթե լինում են երկարաժամկետ հեռանկարով։ Երկարաժամկետ հեռանկարի մասին խոսք չկա, ու դա զսպող գործոն է թուրքական ապրանքները տեղականով փոխարինելու ճանապարհին։

Թուրքական ապրանքների արգելանքը համընկավ Հայաստանի տնտեսության ծանր ժամանակահատվածի հետ։ Այդ պայմաններում շատ կարևոր էր, որպեսզի կառավարությունը կոնկրետ քայլեր իրականացներ՝ տեղական արտադրողներին տարբեր միջոցներով խրախուսելու ու օժանդակելու համար։ Բայց այդպես էլ ոչինչ կամ գրեթե ոչինչ չարվեց։

Թուրքական ապրանքների արգելանքը միայն նրա համար չէր, որ դադարեցվեր այդ երկրից ապրանքներ ներկրելը։ Սա լավ առիթ էր՝ ներմուծումը ներքին արտադրությամբ փոխարինելու համար։ Այնինչ՝ տեղի ունեցավ այն, որ դրանք հիմա էլ գալիս են այլ երկրների անվան տակ։ Արտաքուստ թուրքական ապրանքների ներմուծումը պաշտոնապես նվազել է։ Բայց որքան էլ տարօրինակ է, դրանց պակաս ներքին շուկայում չկա, նույնիսկ արգելանքի կիրառումից գրեթե 6 ամիս հետո։

Թե ինչո՞ւ է այդպես, մեծ գաղտնիք չկա. թուրքական ապրանքները գալիս են այլ երկրների անվան տակ։ Վերափաթեթավորվում են ու մտնում Հայաստան։

Արդյունքում ստացվում է, որ արգելել ենք թուրքական ծագման ապրանքների մուտքը, բայց դրանք, միևնույն է՝ գալիս են։ Նույնիսկ պատասխանատու կառույցներ են խոստովանում, որ չեն կարողացել պատշաճ հսկողություն սահմանել թուրքական ապրանքների ներմուծման նկատմամբ։ Դրանք տարբեր զարտուղի ճանապարհներով մտնում են մեր շուկա։

Մյուս գործոնն էլ այն է, որ արգելանք դնելով՝ լուրջ սողանցքներ են թողել։ Ու երբեմն հումքի անվան տակ՝ գալիս է նաև պատրաստի արտադրանքը։

Այսպիսի կիսատ քայլերը չեն կարող լուրջ արդյունք տալ։ Պետք է ստեղծել պատշաճ մեխանիզմներ՝ դրանց ներմուծումն իսկապես արգելելու համար։

Թե չէ ի՞նչ տարբերություն՝ թուրքական ապրանքը գալիս է թուրքականի՞, չինականի՞, թե՞ մեկ այլ երկրի անվանումով։ Դրանից երևույթը չի փոխվում։ Ոչ էլ մեր տնտեսությունն է շահում։ Մի բան էլ տուժում է սպառողը։ Զարտուղի ճանապարհները միշտ էլ լրացուցիչ ծախսեր են պահանջում, ու դրանք դուրս են գալիս սպառողի ջանից։ Նրանք ստիպված են լինելու նույն ապրանքն ավելի թանկ գնով ձեռք բերել։

Թուրքական ապրանքների ներմուծման արգելանքը ևս 6 ամսով երկարացնելուց առաջ՝ կառավարությունը պարտավոր է նախ հստակեցնել ու կանոնակարգել այս բոլոր խնդիրները։ Այլապես ձևականությունների հետևից ընկնելով՝ ոչնչի չենք հասնի։ Ու, երբ ինչ-որ պահից դադարեցնենք արգելանքի կիրառումը՝ կպարզվի, որ ոչինչ էլ չի փոխվել։

Թուրքական ապրանքների ներմուծման նկատմամբ արգելանքի կիրառումը թեև քաղաքական քայլ է, այնուհանդերձ այն կարող է կարևոր դեր ունենալ Հայաստանի տնտեսության համար։ Բայց դրա համար հարկավոր է, որ այն ոչ միայն պատշաճ կիրառվի, այլև պետության կողմից կոնկրետ քայլեր արվեն թուրքական ապրանքները տեղական արտադրությամբ փոխարինելու ուղղությամբ։ Այստեղ համակարգային լուծումներ են պետք և առանց մեկի՝ հնարավոր չէ հասնել մյուսի իրականացմանը։ Լավագույն դեպքում դա կարող է բերել ընդամենը նրան, որ թուրքական ապրանքները փոխարինվեն մեկ այլ երկրի ապրանքներով։

Սա քաղաքական առումով գուցե ավելի ձեռնտու է մեր համար, բայց դրանից տնտեսությունը չի շահելու։ Այս ամենի մեջ մեր շահը պետք է լինի այն, որ կապիտալը դուրս գնալու փոխարեն՝ մնա մեր տնտեսության մեջ ու նպաստի տեղական արտադրության ծավալների ընդլայնմանը։

Դա կարող է լինել ոչ միայն թուրքական ապրանքների նկատմամբ արգելանքի կիրառման, այլև տեղական արտադրանքի մրցունակության բարձրացման միջոցով։ Եթե պիտի շարունակենք արտադրել նույն անմրցունակ ապրանքը, ապա կրկին հայտնվելու ենք մրցակցությունից դուրս մնալու վտանգի առաջ։ Ի վերջո՝ բոլոր երկրների նկատմամբ չենք կարող ներմուծման արգելանքներ կիրառել։

Մեր նպատակը պետք է լինի ոչ թե մշտական ու անվերջ արգելանքներ կիրառելը, խոսքը թուրքական ապրանքների ներմուծմանը չի վերաբերում, այլ սեփական արտադրանքի մրցունակությունը բարձրացնելուն։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում էլ սկսել ենք տարբեր միջոցներով արգելակներ կիրառել ցեմենտի, մասնավորապես՝ իրանական ցեմենտի ներմուծման նկատմամբ։ Որքան էլ դա սեփական արտադրողին պաշտպանելու փորձ է, այն պետք է ուղեկցվի տեղական արտադրանքի մրցունակության բարձրացմամբ։ Եվ ոչ թե սահմանափակումները հիմք դառնան արտոնյալների համար՝ ձեռքերը ծալած նստելու ու վայելելու իրենց բաժին հասած օգուտները։

Մեր տնտեսությունը գրեթե բոլոր ոլորտներում ունի արտադրողականության բարձրացման խնդիր, ու պետք է մտածել առաջին հերթին այդ խնդիրը լուծելու մասին։ Ցածր արտադրողականությամբ անհնարին է լուրջ արդյունքներ ակնկալել՝ անգամ արգելանքներ կիրառելու պայմանով։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս