Տոտալ կառավարվող ամբոխ է տարբեր կողմերից, որ կարծես խամաճիկների պես իրար դեմ են դուրս եկել. Միքայել Ոսկանյան
Խնդիրները, որոնք ի հայտ են գալիս ազգային արժեքների, մեր արմատների խորքից եկող արվեստի պակասից, անդառնալի կարող են լինել: Թառահար, կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանը կարծում է, որ այսօր հայ ստեղծագործողը պետք է համախմբի հասարակությանը ազգային մշակույթի շուրջ: Այս և այլ հարցերի մասին Միքայելի հետ զրուցել ենք «Ստեղծագործողը և հետպատերազմյան շրջանը» շարքի շրջանակներում:
Այսօր շատ կարևոր է ազգային հիմքով մշակույթ տարածելը
Բավականին բարդ հոգեբանական շրջան է ինձ համար: Հատկապես պատերազմի ավարտից ու արդյունքից հետո: Ստեղծագործելիս իմ սթրեսային հոգեբանական վիճակը, իհարկե, զգացվում է, ու սթրեսից դուրս գալու միակ ձևերից մեկը ստեղծագործելն էր այս ընթացքում, երբ միջիդ կուտակվածը դուրս ես հանում: Դա կնկատվի: Որպես կատարող՝ շատ դժվար էր ինձ, որովհետև յոթ ամիս՝ պատերազմի սկսվելուց ի վեր, չէի նվագում. չէի գտնում այդ բանը, որ կարող եմ այս իրավիճակում հանդիսատեսի հետ ինչ-որ կոնտակտի լինել: Դա հաղթահարվեց, վերջին շրջանում սկսել ենք նվագել՝ և անհատապես, և խմբով, որովհետև հասկացա, որ նաև մշակութապես պետք է ակտիվ լինես: Այսօր շատ կարևոր է ազգային հիմքով մշակույթ տարածելը, հաղորդակցվելը հանդիսատեսի հետ: Այլ բան է ժամանցը: Ժամանցային տարբեր միջոցառումների տեսակներ կան, որոնք չեմ հասկանում՝ պե՞տք է, թե՞ ոչ: Մեզ պետք է ազգովի գիտակցության գալ, որը շատ բարդ է, չեմ կարծում, թե մոտ ժամանակներս արդյունք կլինի, բայց մշակույթի գործիչների, արվեստագետների առաքելությունը նաև դրանում է, որ աշխատեն հասարակության հետ և բերեն գիտակցության:
Հիմա այդ փուլն է, որ սթրեսից ելնելով ես ստեղծագործում
Ստեղծագործում ես կամ ներշնչումից, կամ սթրեսից: Իմ պարագայում այդպես է եղել: Հիմա այդ փուլն է, որ սրթեսից ելնելով ես ստեղծագործում, որովհետև ներշնչվելու այս պահին ոչինչ չկա:
Իրական արվեստին հարող երաժշտություն ստեղծագործողների խնդիրները շատ են
Երաժշտության ոլորտը, այնպես չէ, որ մինչև պատերազմն էլ շատ լավ վիճակում էր: Մշակութային առումով նորմալ, որակյալ, պետքական երաժշտության ձևավորված շուկա չկար, այսպես թե այնպես: Շատ խորքային խնդիրների հետ է դա կապված՝ ստեղծագործողների հեղինակային իրավունքների խնդրից սկսած՝ մինչև ստեղծագործությունը ռեալիզացնելու սահմանափակ դաշտը: Իհարկե, շոու-բիզնես կոչված կամ ժամանցային երաժշտության ակտիվությունը կարծես կոծկում է իրական իրավիճակը, մարդկանց թվում է, թե ամեն ինչ լավ է: Իրական արվեստին հարող երաժշտություն ստեղծագործողների խնդիրները շատ են: Դա ջրի երես հանես ՔՈՎԻԴ-ի ժամանակահատվածը, երբ անկախ ստեղծագործողները ամեն ինչից կախյալ վիճակում հայտնվեցին: Քանի որ այստեղ, չակերտավոր ասած, մասսայական ընկալման համար բարդ երաժշտությունը չես լայնորեն տարածել, հիմնականում աշխատում ես դրսի վրա: Մենք ունենք ստեղածագործություններ, որ Հայաստանում գրեթե չենք նվագում, միայն արտասահմանում՝ փառատոների, պատրաստ հանդիսատեսի համար: Այնպես չի, որ հայեր են, իրենց համար չենք նվագում, ոչ, պետք է պարբերաբար տաս, սովորացնես: Իհարկե, այն լսարանը, որը մենք ունենք, պատրաստ է, գիտի՝ ուր է գալիս, ինչ է լսելու, բայց խնդիրն այն է, որ փոքր է այդ լսարանը: Հատկապես վերջին շրջանում շատ վատ վիճակում է: Եվ փաստացի աջակցություն՝ պետական լինի, ոչ պետական, չկա:
Շատ բարդ խնդիր է նաև այն, որ Հայաստանում չկա մեկենասության մասին օրենքը, որը բավականին կհեշտացներ այս խնդիրները: Ստեղծագործողը ստեղծագործում է, ու կարծես ոչինչ չունի ձեռքի տակ՝ իր ստեղծագործությունը պաշտպանելու համար:
Նախևառաջ, մենք երկրի քաղաքացի ենք
Որպես երկրի քաղաքացի ու հայրենասեր մարդ՝ ուշադրությամբ հետևում եմ քաղաքական զարգացումներին, ունեմ իմ դիրքորոշումները, իմ կարծիքը, և դա նորմալ է, ի հակասություն այն կարծիքի, որ արվեստագետը պետք է իր արվեստով զբաղվի: Նախևառաջ, մենք երկրի քաղաքացի ենք, ու, ուզած-չուզած, կախված ենք նաև քաղաքական իրավիճակներից: Ամենախոցելին արվեստի բնավագառն է, ցանկացած ճգնաժամի պարագայում առաջինը տուժում է արվեստը: Նույն COVID-ը՝ համերգներ չկային, պատերազմ՝ ոչ կարողանում էինք նվագել, ոչ մարդիկ գալիս էին:
Երբեմն մեղադրում են՝ երաժիշտ ես, երաժշտությամբ զբաղվի: Ես արտահայտվում եմ՝ որպես քաղաքացի, մշակութային աշխարհի հայկական իրականության ներկայացուցիչներից մեկը, և իմ մտավախություններն եմ փորձում արտահայտել, փորձում եմ որոշակի հատվածի ինչ-որ բան ասել, ինչ-որ բան լսեցնել, խոսենք, զրուցենք, հասկանանք: Մշակութային գործիչների առաքելությունը, էլի եմ ասում, պետք է լինի հասարակությանը համախմբելը և նեգատիվը, մաղձը թեթևացնելը, որպեսզի մարդիկ ավելի նորմալ կարողանան իրենց քվեն տալ այս պարտադրյալ ընտրություններին:
Սա երկար տարիների գործընթաց էր, որպեսզի գանք հասնենք այս խայտառակ, ողբերգալի պառակտման կետին
Տոտալ կառավարվող ամբոխ է տարբեր կողմերից, որ կարծես խամաճիկների պես իրար դեմ են դուրս եկել: Ես մեծ ցավ եմ ապրում, որ իմ ազգի ներկայացուցիչներն այսպես են միմյանց նկատմամբ վերաբերվում, բայց նաև, դա էլ նշեմ, ինչքանով որ ես վերլուծում եմ, հասկանում եմ, որ սա երկար տարիների գործընթաց էր, որպեսզի գանք հասնենք այս խայտառակ, ողբերգալի պառակտման կետին:
Անի Գաբուզյան