Հացթուխ Բենը՝ լավաշի և Հայաստան գալու ցանկության մասին. բացառիկ հարցազրույց՝ Երևանից Նյու Յորք

Ես իմ առաջին «Ֆոկաչա» տեսակի իտալական հացը թխել եմ Instagram-ում հանդիպած մի տեսանյութ դիտելուց հետո: Խարիզմատիկ Բենը քայլ առ քայլ սովորեցրեց ինձ թխել իտալական հացը, որի պատրաստ լինելուց հետո ես էլ իր նման ոգևորությունից գոչեցի՝ «YASSS»: Օրեր առաջ, երբ Նյու Յորքում չէր դադարում անձրևը, իսկ Երևանում արևային եղանակ էր, հացթուխ Բենն ինձ համար բացահայտեց հացերի կախարդական աշխարհը, մենք խոսեցինք իմ սիրած հայկական լավաշի և մոտ ապագայում Հայաստան այցելելու նրա ծրագրերի մասին:

– Ինչպե՞ս և ե՞րբ սկսվեց հաց թխելու կիրքը:

– Ես երեք տարի աշխատում էի որպես խոհարար Իսրայելում՝ այնտեղի ամենաճանաչված շեֆ-խոհարարների մոտ: Ես սկսել եմ առանց բեքգրաունդի. ես պարզապես ասացի՝ «Հեյ, տղաներ, ես ոչինչ չգիտեմ ուտելիքի մասին», բառացիորեն ես ուտում էի միայն տապակած հավ և պաստա՝ տոմատի սոուսով, ես հարցրի նրանց՝ կարո՞ղ եմ գալ և սովորել, և դա հրաշալի փորձառություն էր: Երեք տարի այնտեղ աշխատելուց հետո, երբեք չփորձարկելով թխելը, ես տեղափոխվեցի Իտալիա՝ Գաստրոնոմիկ գիտությունների համալսարանում գաստրոնոմիա սովորելու: Առաջին կուրսից հետո հայրս ինձ զանգահարեց, նա սկսել էր հաց թխել տանը և սիրահարվել էր այդ գործընթացին, և նա ասաց ինձ՝ «Դու պետք է փորձես, այն զարմանահրաշ փորձառություն է, սուպերմեդիտացիոն, և դու պետք է պարզապես փորձես այն»: Եվ ես արեցի այն առաջին անգամ: Ես պերֆեկցիոնիստ եմ, միշտ փորձում եմ անել լավագույնը: Ես թխեցի հաց, և հացը, անկեղծորեն, աշխարհի ամենապարզ կերակուրներից մեկն է: Ալյուր, ջուր, աղ, խմորիչ, խառնում եք և հաց է ստացվում: Բայց ինձ համար մարտահրավեր էր թխել իսկական հրաշալի հաց, և ամեն ինչ սկսվեց երեք տարի առաջ, և այդ պահից ես չեմ դադարել թխել:

Կարդացեք նաև

– Մտածո՞ւմ ես սեփական փուռ բացելու մասին:

– Միանշանակ: Հիմա ես կենտրոնացած եմ այն բանի վրա, ինչ կատարվում է սոցիալական մեդիայում, ինչը շատ ճնշող է և, միևնույն ժամանակ, հուզիչ: Ես բազմաթիվ պլաններ ունեմ, հարցը ժամանակն է՝ կառուցելու թիմ, որը կօգնի ինձ առաջ շարժվել: Այժմ ես մենակ եմ աշխատում, բայց ես կցանկանայի թիմ ունենալ՝ ավելի շատ ծրագրեր իրագործելու համար:

– Երբ առաջին անգամ արեցիր «YASSS» բացականչությունը, մտածո՞ւմ էիր, որ այն այսքան պոպուլյար կդառնա:

– Բացարձակապես ոչ: Մի քանի ամիս առաջ ես սկսեցի տեսանյութեր հրապարակել այդ ֆորմատով: Սկզբում ես պարզապես ուզում էի այն դարձնել իմը՝ ոչ միայն ցույց տալով, թե ինչպես պատրաստել, դա հիանալի է, բայց նաև օգտագործելով մի քանի րոպե՝ ներկայացնել, թե ով եմ ես: Եվ ես հիշում եմ, որ այդ օրը մտածում էի, թե ինչ վերջաբան պետք է անեմ՝ «YASSS», թե՞ այլ բան: Ես շատ տարբերակներ փորձեցի, բայց, անկեղծորեն, «YASSS»-ով ես ինձ ավելի ինքնավստահ եմ զգում: Տեսանյութի այդ հատվածը մարդկանց շատ է ոգևորում: Բայց, որպես հացթուխ, ես հրապարակում եմ կրթական բովանդակություն: Ես փորձում եմ սովորեցնել մարդկանց հաց թխել: Տեսանյութի արժեքն ինձ համար հետևյալն էր՝ ես ձեզ բաղադրատոմս եմ տալիս, և դուք տեսնում եք՝ ինչպես պատրաստել այն, բայց ես բացահայտեցի, որ մարդկանց մեծամասնությունը ոգևորվում է տեսանյութի սկզբում և վերջում իմ գոռալուց: «YASSS»-ը դարձավ իմ լոգոն:

– Ի՞նչ գիտես հայկական հացի տեսակների մասին:

– Անկեղծ ասած, սեփական փորձառությունից ես շատ բան չգիտեմ: Ես գիտեմ լավաշը, որը դուք պատրաստում եք հատուկ տեսակի վառարանում, փոսի մեջ և դիպչում եք պատին: Ես այն շատ լավ գիտեմ և լավաշը հրաշալի հաց է: Ես փորձում եմ թխել այնպիսի հացեր, որոնք մարդիկ հեշտությամբ կկարողանան թխել տանը: Օրինակ՝ այս շաբաթ ես թխեցի Կանելե (canelé), որի օրիգինալ բաղադրատոմսը շատ թանկ է: Բայց ես գտա ավելի էժան բաղադրատոմս, և պատճառն այն է, որ ես ցանկանում եմ, որպեսզի մարդիկ էլ փորձեն այն: Այնպես որ, ես չեմ կարող մարդկանց ցույց տալ՝ ինչպես տանը լավաշ թխել: Դա նույնը չէ:

– Ո՞րն է քո սիրելի հացը թխելու համար, և ո՞րն ես դու ամենաշատը սիրում ուտել:

– Թթխմորով հացը պարզապես հաց չէ, այն փիլիսոփայություն է, և գործընթացը շատ դանդաղ է, այն տևում է մի քանի ժամ, երբեմն անգամ՝ մի քանի օր: Այն շատ մեդիտացիոն գործընթաց է, որը խմորի դիտարկման մասին է, պետք է հասկանալ՝ որ քայլն է հաջորդը, և գործել: Զարմանահրաշ գործընթաց է: Ես ամենաշատը սիրում եմ ուտել խալա (Challah) կամ պիտա (Pita), բայց դրանք պատրաստվում են երեք ժամում, դա շատ արագ է ինձ համար: Թթխմորով հաց թխելը հուզական գործընթաց է:

– Ներողություն եմ խնդրում, եթե այս հարցը կարող է ոչ կոռեկտ հնչել: Բայց ինձ շատ է հետաքրքրում՝ հաց թխելը ֆինանսապես ձեռնտո՞ւ է Նյու Յորքում, քանի որ Հայաստանում այն լավ չի վարձատրվում:

– Հայաստանը դեռ գտնվում է հացի զարգացման երկրորդ ալիքի վրա: Սննդի աշխարհում այժմ կա երեք ալիք, թե ինչպես է սնունդը զարգանում: Որպես օրինակ` դիտարկենք սուրճը: Սուրճը վաղ փուլում շքեղություն էր, դա առաջին ալիքն էր: Երկրորդ ալիքն այն է, երբ այն դառնում է ժողովրդական և մատչելի բոլորի համար, սուրճն այլևս առանձնահատուկ է, փոքր գումարի դիմաց յուրաքանչյուրը կարող է սուրճ գնել ցանկացած վայրից: Սուրճի երրորդ ալիքը հիմա է, երբ մարդիկ սկսեցին խոսել սուրճի ծագման մասին: Տասը տարի առաջ ոչ մեկին չէր հետաքրքրում, թե որտեղից է ծագել սուրճը: Նույնը տեղի է ունեցել հացի հետ: Վաղ շրջանում հաց կարելի էր գտնել միայն փռերում:

Հետո հաց հնարավոր էր գնել յուրաքանչյուր վայրից և յուրաքանչյուր ձևով: Այժմ հացը առողջության և բնական գործընթացների մասին է: Ես զգում եմ, որ Հայաստանը երկրորդ ալիքի վրա է: Այստեղ՝ Նյու Յորքում, եթե դու թխում ես հաց, որը կարելի է ամենուրեք գտնել, էժան հաց, ապա դու գուցե կարողանաս գումար վաստակել գնորդների քանակի հաշվին: Բայց ինքնատիպ հաց թխելը, այո, կարող եմ ասել, որ ֆինանսական տեսանկյունից ձեռնտու աշխատանք է: Օրվա վերջում, կարծում եմ՝ կինս է ասել, ով գիտի հաց թխել, նրա ընտանիքը քաղցած չի մնա:

– Ո՞րն է հաջորդ երկիրը, որը ցանկանում ես այցելել՝ տեղի հացերը բացահայտելու համար:

– Միանշանակ Հայաստանը:

– Օ՜, որքան ուրախացրիր:

– Միանշանակ Հայաստան: Այն ցուցակում է: Տարիներ առաջ ընկերոջս հետ այցելեցինք Վրաստան՝ բացահայտելու տեղի խոհանոցը: Կցանկանայի նույնն անել կնոջս հետ Հայաստանում: Բացի այդ, կցանկանայի Մեքսիկա այցելել և Մարոկկո՝ մոտ ապագայում:

Անի Գաբուզյան

Տեսանյութեր

Լրահոս