Վրաստան մեկնելիս պետք է նշել նաև այդ երկրում բնակության վայրի հասցեն. ՀՀ քաղաքացիները սա տարօրինակ որոշում են համարում․ դեսպանությունը պարզաբանում է
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ Վրաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիները սահմանը հատելուց առաջ պետք է էլեկտրոնային եղանակով լրացնեն առցանց դիմում, որտեղ անհրաժեշտ է նշել անուն, ազգանուն, անձնագրի համար, հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե, քաղաքացիություն, բնակության երկիր, Վրաստանում բնակության վայր (տան հասցե, հյուրանոց)։
ՀՀ քաղաքացիներից շատերը, սակայն, այս հայտարարության առնչությամբ մի շարք հարցեր են բարձրացնում։ Նրանք նշում են, որ հատկապես անտրամաբանական ու տարօրինակ է որոշումը, որ, օրինակ, երբ քաղաքացին Հայաստանից գնում է Վրաստան, չի մնում որևէ հյուրանոցում կամ տանը և մի քանի ժամից վերադառնալու է, այս դեպքում հայտը լրացնելիս ինչո՞ւ պետք է Վրաստանում բնակության որևէ վայրի հասցե նշի:
Կապ հաստատեցինք Վրաստանում ՀՀ դեսպանության հետ։ Հյուպատոսական բաժնից Արեն Առաքելյանը հայտնեց, որ սա պարտադիր դաշտ է, և պետք է լրացվի:
«Մենք ևս բարձրացրել ենք այդ հարցը, պատասխանել են, որ եկան Վրաստան, ոնց էլ լինի՝ մեկ օր մնալու են, նոր վերադառնան, այսինքն, այդ դաշտը պետք է պարտադիր լրացնել: Ու սա միայն Հայաստանի քաղաքացիների համար չէ, օտարերկրյա բոլոր քաղաքացիները լրացնելու են»,- ասաց Արեն Առաքելյանը:
Դիտարկմանը՝ այսինքն, եթե մարդը մեքենայով ինչ-որ մեկի բերում է ու հետ պետք է վերադառնա, էլի պետք է նշի, թե որտե՞ղ է մնալու, Արեն Առաքելյանը պատասխանեց. «Այո, քանի որ պարտադիր դաշտ է»:
Հայտը լրացնելու պայմանը պարտադիր է նաև տարանցման պարագայում:
Հարցին, արդյո՞ք պարտադիր է կորոնավիրուսի թեստ հանձնելը, պատվաստված լինելը, հյուպատոսարանի ներկայացուցիչը պատասխանեց, որ ոչ շուտ, քան 72 ժամ առաջ պետք է թեստ հանձնած լինեն քաղաքացիները ու ունենան իրենց ձեռքում անգլերենով, ռուսերենով կամ վրացերենով:
Իսկ այն քաղաքացիները, ովքեր որ պատվաստվել են երկու դեղաչափով, պատվաստման հավաստագիրը ներկայացնում են և Վրաստանում թեստ չեն հանձնում: Իսկ նրանք, ովքեր չեն պատվաստվել, Վրաստանում 72 ժամվա ընթացքում թեստ են հանձնում:
Եթե ՀՀ քաղաքացին Վրաստանում գտնվում է մինչև 72 ժամ, ապա առանց երկրորդ ՊՇՌ թեստը հանձնելու կարող է վերադառնալ ՀՀ։ Եթե առաջին թեստի 72-ժամյա վավերականությունը դեռ չի անցել, ապա ՀՀ-սահմանայնին անցակետում ևս կարիք չի լինի թեստ հանձնել: