«Դուրս գամ փողոց՝ ի՞նչ անեմ, որ թշնամին տեսնի՝ այդ ամենին գումարած, մի հատ էլ երկրում ներքաղաքական ցնցումնե՞ր են». Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ նպատակահարմար չէ խորհրդարանում արտահերթ նիստ գումարել, փոխարենը՝ պետք է լինի Անվտանգության խորհրդի նիստ, որն այն ձևաչափն է, որտեղ կարող են փակ նիստում, փոքր խմբով խելք խելքի տալ ու տեսնել՝ ինչ վիճակ է։
«Մեզ անհրաժեշտ է փակ ձևաչափով տեղեկատվություն փոխանակել, մեր պատգամավորներից արդեն Վարդենիսում են, տեղեկատվությունը ստանում են, վերլուծում ենք, հասկանում ենք՝ ինչ ենք անում, ինչպես ենք անում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը։
Նա նաև շեշտեց, որ Պաշտպանության նախարարը Մոսկվայում է, և այս համատեքստում Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու վերաբերյալ առաջարկը կարևոր է, որպեսզի այնտեղ էլ քննարկվի, թե ինչ պիտի արվի։
«Կարծում եմ՝ մեր ձեռքի տակ եղած բոլոր գործիքները պետք է օգտագործվեն։ Իրավաբանները նստել ու աշխատել են և կազմել մի փաստաթուղթ, ըստ որի՝ ՀԱՊԿ-ի միջամտության համար նաև կարևոր է, որպեսզի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմենք, որպեսզի արձանագրենք, որ Հայաստանի նկատմամբ ագրեսիա է տեղի ունեցել»,- հավելեց ԱԺ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը։
Էդմոն Մարուքյանը նաև ընդգծեց, որ չունի տեղեկատվություն, թե հայ զինվորներին հրահանգված է եղել չկրակել, միայն խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները հորդորել են խնդիրը կարգավորել խաղաղ ճանապարհով։
«Նույնն ասում են նաև Ադրբեջանին, սակայն նա սադրանքի է դիմում»,- շեշտեց Մարուքյանը։
Ինչ վերաբերում է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի այն տեսակետին, որ այսօր ընդդիմությունը պետք է փողոցում լիներ, Էդմոն Մարուքյանը ասաց. «Դուրս գամ փողոց՝ ի՞նչ անեմ, դուրս գամ, որ մի հատ էլ թշնամին տեսնի, որ այդ ամենին գումարած՝ մի հատ էլ երկրում ներքաղաքական ցնցումնե՞ր են, մի հատ էլ մտնեն Սիսիանով այդ միջանցքը կտրե՞ն, ի՞նչ ենք անելու։ Գիտեմ, որ Արցախի հատվածում հանգիստ է, որևէ բան չկա»,- եզրափակեց ԼՀԿ նախագահը։
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան թշնամու կողմից հայ-ադբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածում 6 հայ պայմանագրային զինծառայող է գերեվարվել։