««Հայկական Գոլանի բարձունքնե՞րը»»․ Դերենիկ Խաչատրյան
«Լույս» հիմնադրամի անվտանգության ու արտաքին հարցերով փորձագետ Դերենիկ Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․««Հայկական Գոլանի բարձունքնե՞րը»
Թշնամին ընդամենը 200-300 հոգով, առանց դիմադրության ներխուժում է պետության սուվերեն տարածք, զբաղեցնում ռազմավարական բարձունքներ, իսկ պետությունը նախ չի կասեցնում այդ ներխուժումը, ապա անմիջապես չի չեզոքացնում հանցագործներին, հետո էլ նրանց հետ բանակցություններ է սկսում։
Ի՞նչ է սա նշանակում և ինչպիսի՞ նախադեպ կարող է դառնալ։
Նախ, երբ դու քո պետության սահմանը հատած ցանկացած մեկին` առավել ևս զինված ադրբեջանցուն ոչ թե չեզոքացնում ես, այլ նրա հետ բանակցություններ վարում, դա ազդակ է, որ կորցրել ես պետության ինքնիշխանության կարևորագույն ատրիբուտներից մեկը` սահմանների նկատմամբ վերահսկողությունը։ Դա նաև նախադեպ է, հետևաբար թշնամին կարող է հետագայում էլ խախտել սահմանը` անպատիժ մնալու ակնկալիքով։
Երբ սահմանը ապօրինի խախտած թշնամու հետ բանակցություններ ես սկսում` ընդ որում ցանկացած օրակարգով, մինչդեռ ամենամեղմ վարքագիծդ պիտի լիներ տարածքը լքելու կոնկրետ վերջնագրի ներկայացումը, ինքնին լեգիտիմացնում ես հակառակորդի գործողությունները և ինքդ ոտնահարում ես սեփական պետության սահմանների անքակտելիության սկզբունքը։ Դու բանակցում ես անբանակցելի հարցերի շուրջ, սակարկում ես անսակարկելի հարցեր։
Պատահական չէ, որ միջազգային արձագանքը արդեն իսկ համարժեք է այդ վարքագծին` օրինակ ԱՄՆ-ն այդ տարածքները բնորոշել է որպես “վիճելի”։
Երբ տեղային` մի քանի վաշտի մակարդակի կոնֆլիկտը միջազգայնացնում ես, այդ խնդիրը լուծելու ինքնիշխան իրավունքդ զիջում ես վերազգային կազմակերպությանը` այն էլ ՀԱՊԿ֊ին դիմելով ոչ թե հարձակման փաստի, այլ սպառնալիքի հոդվածով, միջազգային լեգիտիմություն էս հաղորդում քո ինքնիշխան տարածքի շուրջ սակարկումներին և բանակցություններին։
Ի վերջո սա ի՞նչ հեռանկար կարող է ունենալ։
Եկեք դիտարկենք Գիլանի բարձունքների օրինակը։ Երբ 1967թ֊ին արաբա-իսրայելական վեցօրյա պատերազմից հետո Իսրայելը (ֆիքսենք որ հուժկու ռազմական գործողություններից հետո, այլ ոչ թե մեզ նման` առանց կրակոցի) օկուպացրեց Սիրիայի ինքնիշխան տարածքում գտնվող այդ ռազմավարական բարձունքները, դրանից հետո Սիրիան ստիպված էր “բանակցությունների” գնալ, և այդ “բանակցությունները” շարունակվում են մինչ օրս, իսկ Գոլանի բարձունքները արդեն ավելի քան 50 տարի օկուպացված են Իսրայելի կողմից։ Սիրիան, չնայած ռազմական ճանապարհով բարձունքները վերադարձնելու փորձերին, այդպես էլ դա չհաջողեց, Իսրայելը` ի հեճուկս ՄԱԿ-ի ԱԽ և ԳԱ բանաձևերի, բարձունքները շարունակում է համարել իր ինքնիշխան տարածքը։
Ի՞նչ է անում միջազգային հանրությունը։
Միջազգային հանրությունը դատապարտեց, կոչ արեց վերջ տալ օկուպացիային, եղան միջնորդներ, բայց այս ամենը միայն ստատուս քվոն երկարաձգելու նպատակ էր հետապնդում։ Ի վերջո ԱՄՆ նախագահ Թրամփը նույնպես բարձունքները ճանաչեց որպես Իսրայելի մաս։ Հարկ է նշել, որ Իսրայելը այս ռազմավարությունը կիրառում է նաև մյուս արաբ հարևանների հետ կոնֆլիկտներում, ուղղակի սա ամենացցուն օրինակն էր։
Ի վերջո մենք պատրա՞ստ ենք 50 տարի բանակցել մեր սուվերեն տարածքների շուրջ, ինչպիսի՞ հետևանքներ դա կունենա Հայաստանի համար։
Եթե կարճ, տեսեք, թե ինչ վիճակում է այսօր Սիրիան` որից ով հասցնում, տարածք է զավթում։ Իսկ եթե ավելի մանրամասն, ապա Սյունիքի կամ Գեղարքունիքի բարձունքների շուրջ բանակցությունները կարող են տարիներով ձգձգվել։
Այդ ընթացքում Ադրբեջանը կարող է որոշ դիրքերից հեռանալ, որոշ դիրքերում ամրանալ, բայց կարևորն այն է, որ դու քո վարքագծով նախադեպ ես ստեղծել։ Եթե այս անգամ չստացվի, վաղը կզավթի մեկ այլ տարածք ու քեզ բանակցություններ կպարտադրի, դա կանի այնքան ժամանակ, մինչև որ իր ուզածին հասնի։
Իսկ եթե դու` որպես պետություն հրաժարվում ես պաշտպանել քո ինքնիշխան տարածքը, ի վիճակի չես պաշտպանվել անգամ նվազագույն սպառնալիքից, դաշնակիցներդ ու միջազգային հանրությունը կմիջնորդեն, “կաջակցեն” քո տարածքային ամբողջականությանը, բայց կշարունակեն աչք փակել օկուպացիայի փաստի վրա։
Արդյոք մենք ուզո՞ւմ ենք ՀՀ տարածքում` Սյունիքում կամ մեկ այլ տեղ ունենալ “սեփական Գոլանի բարձունքները”, հատկապես, որ Արցախում արդեն իսկ ունենք այդպիսի բազմաթիվ բարձունքներ…»։