Վրաստանի նորանշանակ վարչապետի առաջին այցերը Երևան ու Բաքու. ինչ հարցեր են քննարկվում

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին սկսել է իր առաջին  արտասահմանյան այցերը՝ որպես երկրի վարչապետ, և առաջին կանգառը Բաքուն էր,  երկրորդը՝ Երևանը: Մայիսի 12-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը կայցելի Հայաստան։ Մայիսի 5-ին կայացել էր  Ղարիբաշվիլիի մեկօրյա այցը Բաքու, որտեղ վրաց առաջնորդը հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Կողմերն  անդրադարձել  էին համատեղ էներգետիկ և տրանսպորտային ծրագրերին: «Նրանք փոխել են տարածաշրջանի քաղաքական, տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ քարտեզը: Առանց մեր երկու երկրների միջև ուժեղ գործընկերության՝ այդ ծրագրերի իրականացումը հնարավոր չէր լինի»,- ասել էր Ալիևը և Վրաստանի կառավարությանը շնորհակալություն հայտնել «Հարավային գազային միջանցք» ծրագրի իրականացմանն աջակցելու համար: «Այդ նախագիծը կարևոր է ոչ միայն Հարավային Կովկասի, այլև ողջ եվրասիական տարածաշրջանի ընդհանուր զարգացման, կայունացման և համագործակցության համար»,- նշել էր Ալիևը:

Վրացական կողմը մինչև Բաքու կատարած այցը հույս էր հայտնել, թե այն նոր խթան կդառնա երկկողմ հարաբերությունների զարգացման համար:  Վրաց-ադրբեջանական հարաբերություններում ամենակնճռոտ հարցերը սահմանազատման խնդիրներն են՝ դեմարկացիա-դելիմիտիացիա, և ամենացավոտ հարցը Դավիթ Գարեջիի վանական համալիրի տարածքի սահմանագծումն է: Վրացական կողմը չէր բացառել, որ այս հարցը ևս կքննարկվի Ղարիբաշվիլիի ադրբեջանական այցի ընթացքում, սակայն այցից հետո որևէ տեղեկություն չհրապարակվեց՝ նման  քննարկում եղե՞լ է, թե՞ ոչ: Ընդհանրապես դատելով պաշտոնական հաղորդագրություններից և այցի վերաբերյալ մամուլի հրապարակումներից ու տրված նշանակությունից՝ կարելի է ենթադրել, որ  տարածաշրջանային կամ երկկողմ բնույթի որևէ ուշագրավ թեմա չի քննարկվել: Սակայն ակնհայտ է, որ տարածաշրջանում Ղարաբաղյան պատերազմից հետո ձևավորված իրողությունները չէին կարող վրիպել հարավկովկասյան երկու երկրների ղեկավարների բանակցություններից, հատկապես, երբ տարածաշրջանային ապաշրջափակման թեմայի շրջանակում մեկ անգամ չէ, որ քննարկվել է Վրաստանի մասնակցության հարցը, այդ թվում՝ 3+3 ձևաչափով, որը Վրաստանը մերժել էր:

168.am-ի հետ զրույցում վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին ասաց, որ սա կարելի է որակել՝ որպես ստուգողական այցեր  պատերազմից հետո: Ըստ նրա՝ Վրաստանը մերժել է Ռուսաստանի հետ համագործակցության  հեռանկարը՝ հրաժարվելով 3+3 ձևաչափից,  սակայն դա արել է բավականին նրբանկատորեն,  պատրաստակամություն հայտնելով  շարունակել համագործակցությունն Ադրբեջանի ու Հայաստանի հետ:

«Կարծում եմ՝ պատահական չէ, որ Վրաստանի վարչապետն իր օտարերկրյա այցերը սկսում է անմիջապես տարածաշրջանից և հարևան երկրներից: Սա նշանակում է, որ Վրաստանը կարևորում է, առաջին հերթին, իրավիճակը տարածաշրջանում, կայունությունը և  փորձելու է որոշակի դերակատարություն ունենալ այդ հարցում: Սա Վրաստանի արտաքին քաղաքականության  առանցքային հատված է: Վրաստանի կյանքում եղել են փուլեր, երբ այցերը սկսվել են Բրյուսելից, հաշվի առնելով Բրյուսելի՝ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի նշանակությունը Վրաստանի քաղաքական կյանքում, իսկ տարածաշրջանը, հատկապես պատերազմից հետո, այլ որակի աշխատանքի կարիք ունի, քանի որ թե Հայաստանը, թե Ադրբեջանը փոխվել են, և փոփոխությունները  շարունակվում են: Ադրբեջանն իրեն ավելի վստահ է զգում բոլոր միջազգային հարաբերություններում, ավելի ամրացրել է իր բանակցային դիրքերը բոլոր հարցերում, այդ թվում՝ այնպիսի հարցերում, որոնք չեն վերաբերում Ղարաբաղին, իսկ Հայաստանը ներքին փոփոխություններ է ապրում, փորձում հաղթահարել ներքաղաքական ճգնաժամը, իր առջև ծառացած բազմաթիվ խնդիրները Ղարաբաղյան հակամարտության տիրույթում:

Կարելի է ասել, որ տարածաշրջանի բոլոր երկրները, ողջ տարածաշրջանն է փոխվում: Հատկապես այս օրերին ուշագրավ են զարգացումները Մերձավոր Արևելքում, իսրայելապաղեստինյան հակամարտությունը նոր՝ ավելի վտանգավոր ռազմական փուլ է ապրում,  այս ամենի ֆոնին լիովին լուծված չեն խնդիրները Բաքվի և Երևանի միջև, որոնց շուրջ աշխարհում տարբեր ազդեցիկ երկրների մակարդակում հարաբերություններ, հակամարտություններ են եռում, ու դրանք թելերով կապակցված են: Մեծ ճկունություն ու դիվանագիտական հմտություն է հարկավոր այս խնդիրները հաղթահարելու համար: Այստեղ ստանդարտ քայլերը չեն աշխատում:

Այնուամենայնիվ, Վրաստանի ղեկավարի այցը ազդակ է, որ կարևորությունը գիտակցված է, սակայն թե որ ուղղություններով կարող է Վրաստանը աշխատել և ինչպես խորացնել երկու երկրների հետ համագործակցությունը, այդ տեսլականը լիովին ուրվագծված չէ, և ընթանում է, կարելի է ասել, վերլուծական աշխատանք: Այսինքն՝ շահերը կան, քաղաքական կամքն ու շահագրգռությունը կա, սակայն կոնկրետ մտքեր ու գործիքներ չկան համագործակցությունը խորացնելու համար: Օրինակ, եղավ առաջարկ, որ Վրաստանը դառնա հարթակ Երևանի և Բաքվի միջև բանակցությունների համար, որը չմերժվեց, բայց որևէ մեկն այն լրջորեն չքննարկեց, քանի որ տարածաշրջանում շատ մեծ է Ռուսաստան-Թուրքիա ազդեցությունը, իսկ Վրաստանը Բրյուսելի ազդեցության տիրույթում է, և այս հարցում Վրաստանը չի կարողանում ճիշտ դիրքավորվել և տեղավորվել: Սակայն ակնհայտ է, որ տարածաշրջանային կայունության համար դա անհրաժեշտ է»,- ասաց Գոգոլաշվիլին:

Նա չբացառեց, որ բարձրաստիճան պաշտոնյաների բանակցություններում քննարկվել է սահմանազատման խնդիրը, սակայն երևում է, որ առանց ավելորդ լարվածության, քանի որ Ադրբեջանը ներկայում ավելի կենտրոնացած է Ղարաբաղյան ուղղության վրա, իսկ առաջիկայում Դավիթ Գարեջիի վանքի հարցի կարգավորման ուղղությամբ աշխատելու է համապատասխան հանձնաժողովը:

«Թեև կոնկրետ երթուղիների մասով որևէ բան չի ասվում, վստահաբար քննարկվել է այն, ինչը կարևորում է Բաքուն՝ Զանգեզուրի միջանցքի կամ երթուղու հարցը: Ընդհանրապես Վրաստանը համարում է, որ ապաշրջափակումը լավ գաղափար է, սակայն այն ժամանակ, երբ բոլոր երկրների շահերն ու կամքը հաշվի են առնվում: Բնականաբար, նման երթուղին նվազեցնելու է Վրաստանի տարանցիկ դերը, կամ գոնե նման ընկալում կա, չնայած Թուրքիայի և Ադրբեջանի հետ էներգետիկ պրոյեկտներից Վրաստանը մեծ շահույթներ չունի, այնուամենայնիվ կապող օղակի և տարանցիկ դերը նվազելու է, բայց ճիշտ աշխատելու դեպքում   հարևանների հետ, Վրաստանը կարող է նաև շահել»,- ասաց նա:

Մեր զրուցակցի կարծիքով, այցը ՀՀ ևս լինելու է գրեթե նույն համատեքստում: Նրա խոսքով, Վրաստանի դիվանագիտությունը մեծ անելիք ունի տարածաշրջանում Երևանի և Բաքվի հետ, իր քաղաքականությունը համապատասխանեցնելով Բրյուսելի առաջնահերթությունների հետ:  «Թբիլիսին նաև Երևանին կլսի այն հարցով, թե ինչ դեր է Երևանը պատկերացնում այս փուլում Վրաստանի համար, որպես հարևան՝ հետպատերազմյան իրողությունների հաղթահարման հարցում»,- ասաց Կախա Գոգոլաշվիլին:

Տեսանյութեր

Լրահոս