«Պարտությունը շարունակվում է. այս իշխանությունների մնալու պարագայում ապագա չկա». Հերմինե Մխիթարյան

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանի կարծիքով՝ ՀՀ իշխանությունների ոչ հետևողական, ոչ պատշաճ աշխատանքն է առաջին պատճառը, որ գերիների հարցը չի լուծվում:

«Գերիներին վերադարձնելը ոչ թե բարի կամքի դրսևորում կամ հումանիտար խնդիրներին ընդառաջ գնալ է Ադրբեջանի կողմից, այլ կոնկրետ ստանձնած պարտավորությունների ի կատար ածում: Այս համատեքստում, երեկ 3 գերիների վերադարձը ևս մեկ անգամ փաստում է, որ հումանիտար բնույթի այս կարևորագույն խնդիրը քաղաքականացվում է բոլորի կողմից: Առաջին հերթին, հենց ՀՀ իշխանություններն են ստեղծում պայմաններ, որ այդ հարցը քաղաքականացվի: Պատահական չէ, որ հենց ՌԴ ԱԳ նախարարի այցին ընդառաջ գերիների վերադարձ եղավ: Մենք պետք է աշխատեինք այս ուղղությամբ. մենք ունեինք հնարավորություն, աշխատելու դաշտ: Հունվարի 11-ի եռակողմ հանդիպումը լավագույն հնարավորությունն էր՝ այս հարցը, որը մինչև հունվարի 11-ը չէր լուծվել, բերելու օրակարգ: Բայց մենք տեսանք, որ հունվարի 11-ին Բաքվի առաջնահերթությունները ընկալելի և ընդունելի եղան, այդ թվում՝ Մոսկվայի համար, և օրակարգը, փաստորեն, ընդգրկեց կոմունիկացիաների բացումը՝ նորից հետին պլան թողնելով գերիների վերադարձի խնդիրը»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Փորձագետը չի բացառում, որ գերիների մեծ խմբաքանակի վերադարձ կլինի նախընտրական շրջանում. «Սա ցավոտ հարց է, անգամ ցավոտ է ընդունելը, որ մեր իշխանություններն են այս ամենն անում, բայց իրավիճակն այսօր այսպիսին է»:

Նա նշեց, որ Սյունիքում այսօր մեծագույն խնդիրներ կան՝ անվտանգության տեսանկյունից.

«Սյունիքում ապրող մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգության խնդիրն է առկա: Գորիս-Կապան ճանապարհահատվածին ընկած գյուղերի բնակիչներն իրենց տան պատուհաններից են տեսնում ադրբեջանցի զինվորներին, նրանց լկտի պահվածքը, ռեպլիկները: Եվ չի բացառվում, որ ադրբեջանցիների կողմից կլինեն նաև գործողություններ, հատկապես, եթե հաշվի ենք առնում Բաքվից եկող մեսիջները, ռազմատենչ հայտարարությունները, հերթական սպառնալիքները՝ ուժ կիրառել այս անգամ արդեն Սյունիքում: Այս ամբողջը եթե գումարում ենք իրար՝ սա ռեալ վտանգ է Սյունիքի համար: Մենք պետք է հասկանանք, թե ինչ նշանակություն ունի Սյունիքը և այդ միջանցքը Թուրքիայի և Ադրբեջանի համար: Եթե մեր իշխանությունները սրան մատների արանքով են նայում և միջանցք է- միջանցք չէ բառերից են կախվում, ադրբեջանցիների և թուրքերի համար սա շատ էական նշանակություն ունի: Վերջին հայտարարություններից մեկում Ալիևը շատ հետաքրքիր ձևակերպմամբ անդրադարձավ այդ միջանցքին, որ՝ արևելյան և արևմտյան Զանգեզուրներն իրար կապող միջանցք կլինի: Սա ևս շատ հետաքրքիր է, որ դուրս է մնում մեր ուշադրությունից: Սա հայտ է ոչ միայն՝ պատմական իրողությունները խեղաթյուրելու, այլ՝ ապագայում նաև որոշակի հավակնություններ հայտնելու այդ տարածքների նկատմամբ, ոչ միայն միջանցքի նկատմամբ»:

Հերմինե Մխիթարյանն ընդգծեց՝ գործող իշխանությունների՝ իշխանության մնալու պարագայում ապագա չկա. «Եթե ոչ ավելի շուտ, ապա նոյեմբերի 9-ից հետո հստակ համոզվել ենք, որ ապագա չկա: Մենք նոյեմբերի 9-ի դրությամբ ունեինք մի իրավիճակ, որից հետո հետևողական զիջումներով հասել ենք մինչև այսօր: Այսօր խոսում ենք Սյունիքի խնդրի մասին, բայց մինչև Սյունիքը մենք զիջեցինք տարածքներ, որոնք ռազմական ճանապարհով զիջված չէին, և նոյեմբերի 10-ից սկսած անընդհատ ասում էինք, որ այս իշխանության չլինելու պարագայում հնարավոր է որևէ կերպ կասեցնել այս զիջողականության, պարտվողականության շղթան: Մենք դեռ չունենք այդ կանգնեցված վիճակը, պարտությունը շարունակվում է, և չկա ինչ-որ բան, որից բռնվելով՝ կարող ենք ասել, որ այս իշխանությունները խելքի կգան, նորմալ քաղաքականություն կիրականացնեն»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս