
Հայ-իրանական ցամաքային սահմանը շարունակում է փակ մնալ

Հայաստան-Իրան ցամաքային հաղորդակցությունը Մեղրիի սահմանային անցակետով շարունակում է փակ մնալ: 168.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ-ից հայտնեցին, որ ՀՀ քաղաքացիների և օտարերկրացիների համար Իրանի հետ օդային հաղորդակցությունը բաց է, իսկ ցամաքային հաղորդակցության դեպքում կա արգելք իրանական կողմից բոլոր օտարերկրյա քաղաքացիների համար՝ պայմանավորված կորոնավիրուսային համավարակով:
ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, բեռնափոխադրումներն անարգել շարունակում են երկու կողմից իրականացվել կանոնավոր ռեժիմով:
Տեղեկացնենք նաև, որ Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիները և ՀՀ-ում գտնվող Իրանի քաղաքացիները կարող են վերադառնալ իրենց երկրներ և ցամաքային, և օդային ճանապարհով: ԻԻՀ մուտք գործելիս օտարերկրացիները, այդ թվում նաև՝ ՀՀ քաղաքացիները, պետք է ունենան 96 ժամ վաղեմության COVID-19-ի բացասական արդյունքով թեստ։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձանց համար Հայաստանի Հանրապետություն ցամաքային և օդային ճանապարհով մուտք գործելու սահմանափակումներն ամիսներ առաջ վերացվել են, և բոլոր օտարերկրացիները կարող են մուտք գործել՝ ինչպես օդային, այնպես էլ՝ ցամաքային ճանապարհով։