Եթե իրենք նույնիսկ նման քաղաքական պայմանավորվածություն ունեն, ապա Նիկոլ Փաշինյանը պետք է չկատարի վարչապետի պարտականությունները, չկատարի այդ հանցագործությունը․ Էդգար Ղազարյան
«Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները կյանքի կոչելու համար այսօր ես հրաժարական եմ տալիս ՀՀ վարչապետի պաշտոնից»,- ապրիլի 25-ին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Սակայն պարզվեց, որ նա ամենևին էլ չի պատրաստվում հեռանալ պաշտոնից և շարունակելու է կատարել «վարչապետի պարտականությունները՝ օրենսդրությամբ ու Սահմանադրությամբ նախատեսված ամբողջ ծավալով»։
Մասնագիտական ու քաղաքական տարբեր շրջանակներից արձագանքները չուշացան․ տեսակետներ հնչեցին, որ Փաշինյանը չի կարող օրենսդրությամբ ու Սահմանադրությամբ նախատեսված պարտականություններ կատարել՝ այն էլ՝ ամբողջ ծավալով։
Սահմանադրագետ Վարդան Այվազյանը, օրինակ, մեզ հետ զրույցում պարզաբանել էր՝ վարչապետի հրաժարականից հետո վերջինս չի կարող մնալ պաշտոնակատար։
Նա հիշեցրել էր Սահմանադրության 158-րդ հոդվածը, ապա նաև՝ Սահմանադրությունը և Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքը, որում վարչապետը հստակ տարանջատվում է կառավարության անդամներից:
Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան գրառմամբ ծավալուն անդրադարձ էր կատարել հրաժարականից հետո վարչապետի պաշտոնավարման իրավունքին, սպասվող արտահերթ ընտրությունների օրինականությանն առնչվող հարցերին։
«Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ վարչապետը հրաժարական ներկայացնելուց հետո պաշտոնավարման իրավունք չունի։ -գրել էր Է․ Ղազարյանը, ապա մանրամասնել,- Վերջին շրջանում պաշտոնական մակարդակում տեղեկություններ են տարածվում, ըստ որի՝ վարչապետի պաշտոնում հայտնված անձը նախաձեռնել է արտահերթ խորհրդարանական ընտրության անցկացում։ Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ արտահերթ խորհրդարանական ընտրության անհրաժեշտություն կարող է առաջանալ միայն քաղաքական այնպիսի ճգնաժամի առկայության դեպքում, երբ վարչապետի հրաժարականից կամ Ազգային ժողովի կողմից նրան պաշտոնանկ անելուց հետո, Ազգային ժողովը չկարողանա երկու անգամվա հնարավորությունից ընտրել ՀՀ նոր վարչապետ։
Ակնհայտ է, որ դեռևս վարչապետը հրաժարական չի ներկայացրել, տեղի չի ունեցել վարչապետի թեկնածության առաջադրում ԱԺ խմբակցությունների կողմից, դա չի իրականացվել երկրորդ անգամ, հետևաբար, այդ պայմաններում խոսել արտահերթ խորհրդարանական ընտրության մասին, արդեն իսկ վկայում է հանցավոր համաձայնությունների հետևանքով պետական իշխանությունը զավթելու և պաշտոնական դիրքն այդ նպատակով օգտագործելու ենթադրյալ հանցագործության փաստի մասին»։
Այս հոդվածին իր հրապարակման մեջ հղում էր տվել նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ նկատելով․ «Այդ փաստարկները հաշվի չառնելու պարագայում նշածս բոլոր սուբյեկտները պատասխանատու կդիտվեն առաջիկայում նախատեսված հակասահմանադրական ընտրությունների անցկացման գործում»։
Սահմանադրագետ, Սահմանադրական դատարանի նախկին նախագահի խորհրդական Գրիգոր Մուրադյանը, սակայն, հիշյալ դեպքում լուրջ սահմանադրական խնդիր չէր տեսել՝ բավարարվելով միայն բարոյական խնդիրն արձանագրելով։
Մեզ հետ զրույցում նա պարզաբանել էր․ «Քանի որ հրաժարականից հետո ամբողջ կառավարությունը, այսինքն՝ կառավարության բոլոր անդամները շարունակում են պաշտոնավարել, Սահմանադրության տրամաբանության տեսանկյունից ինքն էլ է ժամանակավոր պաշտոնակատար։ Այդ առումով ես լուրջ սահմանադրական խնդիր չեմ տեսնում, այլ հարց է, թե նա բարոյական իրավունք ունի՞ պաշտոնավարել, թե՞ ոչ, կարծում եմ՝ բոլորս էլ հասկանում ենք, որ ոչ»։
168.am-ը Էդգար Ղազարյանին խնդրեց անդրադառնալ մասնագիտական շրջանակներից հնչող նման գնահատականներին ևս։ Ի պատասխան՝ նա նշեց․
«Ես համաձայն չեմ պարոն Մուրադյանի կարծիքի հետ, որովհետև, ըստ իս, կոնկրետ այս դեպքը Սահմանադրության մեջ շատ հստակ է նկարագրված։ Պարոն Մուրադյանի կարծիքը սխալ չէ, բայց դա վերաբերում է այն դեպքին, երբ Ազգային ժողովն է անվստահություն հայտնում ողջ կառավարությանը։
Կառավարության հրաժարականի ինստիտուտները տարբեր են․ օրինակ, այս պահին կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել 2020 թ․ բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, եթե ԱԺ-ն քննարկումների արդյունքում չի հաստատում այդ հաշվետվությունը, ապա դա նշանակում է, որ խորհրդարանն անվստահություն է հայտնում կառավարությանը։ Այսինքն՝ նախաձեռնողն Ազգային ժողովն է, իսկ անվստահության օբյեկտը ողջ կառավարությունն է․ սա այլ դեպք է։
Բայց կարող է կառավարության հրաժարական լինել նաև այն դեպքում, ինչի հետ մենք հիմա գործ ունենք, երբ հրաժարական տվողը վարչապետն է՝ կոնկրետ պաշտոնյան, կոնկրետ մարդը, հետևաբար, եթե ինքը հրաժարական է տվել, այլևս չի կարող պաշտոնավարել։ Կարող են պաշտոնավարել միայն կառավարության այն անդամները, որոնք հրաժարական չեն ներկայացրել»։
Այս համատեքստում մեր զրուցակիցը հիշեցրեց, որ օրերս հրաժարական է ներկայացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, որի հրաժարականը ևս ընդունվել է․
«Այսինքն՝ այս պահին կառավարությունում բոլորը պետք է իրենց պարտականությունները ժամանակավորապես կատարեն, բացի Նիկոլ Փաշինյանից և Մեսրոպ Առաքելյանից, որովհետև իրենք հրաժարական են տվել, և իրենց հրաժարականն ընդունվել է»։
Էդգար Ղազարյանը հստակեցրեց՝ ինքը չի հակադրվում Գրիգոր Մուրադյանին, այլ հիշեցնում է, որ դեպքերը տարբեր են․ «Իսկ որ վարչապետը կառավարության անդամ է, դա ճշմարտություն է, բայց կառավարության անդամները հավասար կարգավիճակ չունեն։ Մեր կառավարությունը կազմված է երեք տիպի պաշտոնյաներից՝ վարչապետ, փոխվարչապետ և նախարարներ։ Նրանց յուրաքանչյուրի նշանակման և պաշտոնից հեռացման փոխհարաբերությունները, լիազորությունների ծավալը նույնն է, և չի կարելի մեկ ընդհանուրի մեջ դիտարկել»։
Քանի որ թեմայի առնչությամբ երեկ իր տեսակետն էր հայտնել նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ «պրակտիկա կա ձևավորված: 2018-ին խորհրդարանը արձակելու գործընթացը եղել է հենց այսպես: Վարչապետը տվել է հրաժարական, երկու անգամ չի ընտրվել, ու խորհրդարանն արձակվել է, ժամանակավոր պաշտոնակատարը եղել է գործող վարչապետը: Այսինքն՝ ձևավորվել է որոշակի պրակտիկա, և օրենքն այդ ձևով է մեկնաբանվել այն ժամանակ: Եվ ես չեմ հիշում, որ ընտրություններին մասնակցած որևէ ուժ վիճարկեր այդ պրակտիկան: Ըստ այդ պրակտիկայի՝ նույն բանը հիմա է արվում: Դա այն օրակարգը չէ, որ դրանով զբաղվենք», Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավարին խնդրեցինք անդրադառնալ այս գնահատականին և հիշատակած «պրակտիկա»-ի բովանդակությանը։
«Էդմոն Մարուքյանը կուսակցության ղեկավար է, ինքն էլ մասնագիտությամբ իրավաբան է, և ոչ ոք չէր խանգարում, որ ինքը ժամանակին այդ խնդիրը տեսներ և բարձրաձայներ։ Բայց քանի որ նա, ինչպես այն ժամանակ, այնպես էլ՝ այժմ, սպասարկում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգը, այսինքն՝ նրա դաշնակիցն է, նրա թիմակիցն է, նա փորձում է բոլոր իրադարձությունները ներկայացնել Նիկոլ Փաշինյանի շահերի լույսի ներքո։ Դա եղել է և՛ 2018 թվականին, և՛ հիմա էլ փորձում է այս կոնկրետ իրավական խնդրից շեղել հանրության ուշադրությունը, ինչն ավելորդ, անիմաստ ջանքեր է, որովհետև այդ խնդիրը գոյություն ունի։
Եվ եթե նույնիսկ իրենք նման քաղաքական պայմանավորվածություն ունեն, ապա Նիկոլ Փաշինյանը պետք է չկատարի վարչապետի պարտականությունները, չկատարի այդ հանցագործությունը՝ իշխանություն զավթելու, և եթե գնա ընտրության, ապա գնա՝ որպես քաղաքացի Նիկոլ Փաշինյան, ինչպես գնում է քաղաքացի Էդմոն Մարուքյանը»,- մեկնաբանեց Էդգար Ղազարյանը։
Ի դեպ, ինքը՝ Փաշինյանը, դեռ 2018 թվականին այս հարցի շուրջ հստակ տեսակետ է հայտնել՝ նշելով, թե ըստ օրենսդրության՝ վարչապետը հրաժարական տալուց հետո չի կարող լինել ժամանակավոր պաշտոնակատար։