«Ապրիլի 24-ին սրտիս կեսը կլինի Եռաբլուրում, մյուս կեսը՝ Ծիծեռնակաբերդում». թուրք պատմաբան

Ermenihaber.am-ը հատուկ հարցազրույց է անցկացրել թուրք պատմաբան, Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսումնասիրություններով հայտնի Սաիթ Չեթինօղլուի հետ:

Սաիթ Չեթինօղլուն մեկն է Թուրքիայում ապրող այն եզակի պատմաբաններից, ով անվերապահորեն ընդունում ու դատապարտում է Հայոց ցեղասպանության փաստը, խստորեն քննադատում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացվող ներկայիս հայասպան քաղաքականությունը։

Հարցազրույցում Չեթինօղլուն անդրադարձել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի վարած քաղաքականությանը:

– Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին ընդառաջ ձեր մտորումները կկիսե՞ք մեզ հետ։ Հատկապես 2020-ին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հայության դեմ իրականացրած պատերազմից հետո։

– Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը նշանավորվեց նրանով, որ հայությունն իր պատմական հողերում «մեծ մարդկության» աչքերի առջև ևս մեկ անգամ բռնության ենթարկվելով ոտնակոխ եղավ և մարդկության այդ անիծյալ լռության ուղեկցությամբ իր պատմական հայրենիքից զրկված լինելու սգին հիշատակման արժանի ևս մեկ սգալի պատմական իրադարձություն ավելացավ… Մարդկությունը ծնկի եկավ Ադրբեջանի նյութական ուժի ու փողի առջև։

Այնպես, ինչպես հարյուր տարի առաջ միլիոնավոր մարդիկ անորոշության մատնվեցին, այսօր էլ նորից տասնյակ հազարավոր մարդիկ անմարդկային ու դաժան բռնության ենթարկվելով նույն անորոշության զոհը դարձան և սա իրականություն է։

Այս տեսանկյունից կասկած չունեմ, որ հայ ժողովուրդը ևս մեկ անգամ ինչպես անցյալում, այնպես էլ հիմա՝ ի զորու է մեկը մյուսին թև ու թիկունք լինելով հաղթահարել այս անդունդը։ 1909 թվականի Կիլիկիայի կոտորածներից հետո Զաբել Եսայանի խոսքերը հիմա էլ արդիական են. «Եթե որբ ենք, մեկս մյուսի ընտանիքը լինելուց զատ այլ ճար չունենք»։

– Թուրքիայի կողմից իրականացվող պետական քաղաքականությունը այս առումով ի՞նչ ընթացք ունի։ Բացեիբաց ժխտումից մինչև «ընդհանուր ցավի» տեսություն զարգացած ուղուց հետո թուրքական պետությունը ի՞նչ մոտեցում է որդեգրելու Ձեր կարծիքով։

– Այս օրերին Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության և «Թուրքական պատմագրական ընկերության» (TTK) գլխավորությամբ դարձյալ ժխտողական մի համաժողով են իրականացնում։ Այս անգամ ավելի հաղթական, ավելի հպարտ…

Ընդհանուր ցավ… կամ էլ ցավերը մրցակցության մեջ դնելը իրականում ժխտողականության ամենացավալի դրսևորումն է։ Սա հասկանալու ժամանակը եկել և անցել է։ Կարիք չկա ավելորդ միամտության ու ապուշության։

Հատկապես վերջին 10 տարիների ընթացքում «Թուրքական պատմագրական ընկերության» և Բարձրագույն կրթության խորհրդի գլխավորությամբ համալսարանները կենտրոնացված ուղղորդմամբ ժխտողականության ինստիտուցիոնալացման համար մեծ ջանքեր են գործադրում։ Այս ուղղորդման շրջանակներում ամենևին չենք չափազանցնի եթե ասենք, որ ամենախուլ գյուղի դպրոցն էլ անգամ ետ չի մնում ցեղասպանության ժխտմանը միտված միջոցառումներ կազմակերպելուց։

Չենք կարող չնշել նաև, որ նմանատիպ միջոցառումներում աչքի ընկնելը, կամ պաշտոնական թեզերը կրկնող 1-2 էջանոց ելույթով հանդես գալը մարդկանց կարիերայի բանալին է շատ անգամ դառնում։

Առանց վարանելու կարող ենք ասել, որ ժխտողականության ինդուստրիա է ձևավորվել։ Բոլորը գիտեն, որ այս ինդուստրիան արտաքին առաքելության պաշտոնական և ոչ պաշտոնական ներկայացուցիչների կոորդինացմամբ է կազմակերպվում։ Լոբբի անվան տակ «օրինականացված» այս գործունեության բյուջեն բավականին մեծ է։ Անցյալում հարգարժան պատմաբան Դոնալդ Քվաթերթին 400 միլիոն դոլար էին առաջարկել թուրքական թեզերը պաշտպանելու համար, իսկ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չաղլայանգիլը հայկական քաղաքական կուսակցություններին կաշառելու փորձ էր արել ասելով. «Ցեղասպանությունից հրաժարվեք, որքան փող ուզում եք կտանք»։

– Բազմաթիվ պետությունների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչվելուց հետո հիմա էլ ԱՄՆ նախագահի մակարդակով ցեղասպանության ճանաչման մասին է խոսվում։ Դուք ի՞նչ եք կարծում այս հարցի շուրջ։ Ի՞նչ կտա ցեղասպանության ճանաչումը։

– Իմ կարծիքով Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը նախագահ Բայդենի՝ ցեղասպանություն բառը արտասանելուց ավելի կարևոր էր։ Մինչև նախագահ դառնալը դեռ սենատոր Բայդենը իր տարբեր ելույթներում արդարության կողմից է հանդես եկել և այդ առումով հույս կա, որ նա հավատարիմ կմնա իր այդ մոտեցմանը ապրիլի 24-ի ելույթի ժամանակ՝ պաշտոնապես ճանաճելով ցեղասպանությունը։

Բայցևայնպես ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո կարող ենք ասել, որ նախագահ Բայդենի կողմից դրա կրկնությունը խորհրդանշական բնույթ կկրի։ Խորհրդարանի երկու պալատները մատնանշել են արդարությունը։ Մնացածը կարևոր չէ։ Արդարադատության մարմինները անհրաժեշտ միջոցներ պետք է ձեռնարկեն այս ուղղությամբ։ Քանի որ ԱՄՆ օրենքները ցեղասպանության դեպքում կրում են հրամայողական և նորմային բնույթ։ Երանի ԱՄՆ-ում տարիներ շարունակ հանուն արդարության համառ պայքար մղող իրավաբան մեր բարեկամ Վարդգես Եղիայանը այս օրերը տեսներ…

– Հայոց ցեղասպանության ուսումնասիրման գործում Ձեր զգալի ներդրում ունեք։ Ընդհանուր առմամբ Հայոց ցեղասպանության ճանաչման և արդարության վերականգնման համար մղվող պայքարում ի՞նչ թերացումներ եք տեսնում։

– Հայոց ցեղասպանությունը մարդկության աչքերի առջև է տեղի ունեցել։ Սակայն Առաջին աշխարհամարտից հետո ձևավորված «ռեալ պոլիտիկի» արդյունքում փորձ է արվել իրականությունը ճնշել և մոռացության մատնել։ Բայց 50 տարի անց երկարատև պայքարից հետո այդ իրականությունը միս ու արյուն ստացավ ու դարձյալ օրակարգ բերվեց։

Պատմության ամեն էջը բացվելիս՝ ցեղասպանությունը նորից միս ու արյուն է ստանում։ Իրականության անսպասելի մի անկյունից դարձյալ ի հայտ է գալիս ու փայլատակում։ Այս առումով սփյուռքի և փոքրականակ թուրք ուսումնասիողների կոորդինացված կամ առանձին աշխատանքները շատ կարևոր են։

Այս համատեքստում մի դրվագ կա, որ մշտապես ես ընդգծում եմ և կարծում եմ, որ օգտակար է։ Օսմանյան կայսրության, հետագայում նաև Թուրքիայի Հանրապետության պետական բարձրաստիճան պաշտոնյա Խալիլ բեյ Մենթեշեն իր հուշերում գրում է, որ շատ քիչ մարդիկ կան, որոնք չեն մասնակցել Հայոց ցեղասպանությանը։ Այսինքն՝ ցեղասպանությանը մասնակցությունը զանգվածային բնույթ է կրել։ Այս իրավիճակում Թուրքիայի բնակչության մեծամասնությունը պատասխանատու է կատարվածի համար։ Միևնույն ժամանակ սա անհնար է դարձնում իրականության հետ առերեսումը, քանի որ հանրությունը անպտուղ մի շրջապտույտի մեջ հայտնվելով չի կարողանում դուրս գա դրանից և ապաքինվի։

Առերեսումն այս առումով է կարևոր։ Սակայն «մեր պապերը ցեղասպանության պատմության մեջ են ընկել» նախադասությունը իրականությունը ներկայացնելուց և իրականության հետ առերեսվելուց շատ հեռու է։ Ոչ ոք իր անմիջական, ֆիզիոլոգիական պապիկին ցեղասպանի խարան չի ցանկանում դաջել։ Վերացական մարդկանց վերագրելով իրական առերեսում այդպես էլ տեղի չի ունենում։

Մենք որպես Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներ գիտենք, որ քրիստոնյա անհատների կամ նրանց ունեցվածքի նկատմամբ ոտնձգությունը նույն բանն է և սա նշանակում է մասնակից լինել ցեղասպանության հանցանքին։ Քրիստոնյային սպանիր, նրա կնոջը, որդուն, աղջկան տեր դարձիր, իսլամացրու, նրա ունեցվածքն էլ քեզնով արա։ Այս որոշում-հրամանը 1915 թվականի օգոստոս ամսին է հրապարակվել, որով խրախուսվել է ցեղասպանությունը։ Հայ և պոնտոսցի հարուստների մահվան շարասյուները հետապնդելով նրանց հարստությանը տեր դառնալու համար իբր «փրկելը» ցեղասպանության հանցանքին մասնակից դառնալ է նշանակում։ Լքյալ գույքին տեր դառնալն էլ ցեղասպանությանը մասնակից դառնալու մի ձև է։

Այս իրավիճակում թուրք հասարակության այս հանցանքին մասնակից լինելն այնքան խորը արմատներ ունի, որ ճշմարիտ առերեսումը թուրք մարդու համար նշանակում է ինքն իրեն վնաս տալ և քար գցել իր թոռան բարեկեցության վրա։

Այս իրականությունը մինչև չհասկանաք ցեղասպանություն իրագործողների թոռների հետ համագործակցել և միասին արդարություն փնտրելը դատարկ գործ է։

Հայերը թե՛ Հայաստանում, թե՛ պատմական Հայաստանի հողերում կամ էլ նռան հատիկների պես ցրված սփյուռքի գաղթօջախներում իրենց պետք է ցույց տան, ինքնարտահայտվեն։ Թուրքիայից սպասում ունենալը միայն ինքնախաբեություն է և դատարկ երազանք…

Այս իրականությունն արցախյան պատերազմի ընթացքում բավականին ընդգծված կերպով հաստատվեց։

Ոչ ոք ձայն չհանեց, և հայերի դեմ ողջ հանրությունը մի մարդու պես լռություն պահպանեց։

 

Տեսանյութեր

Լրահոս