Ի՞նչ է ցանկանում Ալիևը Սյունիքից. Ռուսաստանը շահագրգռված չէ տարածաշրջանի շուտափույթ ապաշրջափակմամբ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Արցախյան երկրորդ մեծ պատերազմից հետո չի դադարում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ հայտարարություններով ու սպառնալիքներով հանդես գալ: Գրեթե ամեն շաբաթ Ալիևը խոսում է Զանգեզուրի, Սևանի և Երևանի իբրև թե ադրբեջանական պատկանելության և դրանք «ետ բերելու» պատմական հեռանկարների մասին:

Այս անգամ էլ նա հայտարարել է, որ Ադրբեջանը կիրագործի Զանգեզուրի միջանցքի ստեղծման առաջադրանքը, ցանկանա դա Հայաստանը, թե ոչ: «Եթե Հայաստանը ցանկանա, դա հեշտ կարելի է լուծել, եթե չցանկանա, մենք դա ուժով կլուծենք»,- ասել է բռնապետը: Նա մասնավորապես նշել է. «Բոլոր ուժերը մոբիլիզացված են ծրագիրն իրագործելու համար: Այսպիսով, 101 տարի անց ադրբեջանական ժողովուրդը վերադառնում է գրավված Զանգեզուր»: Բացի այդ, Ալիևն ասել է, որ «Բաքուն չի կարող թույլ տալ Հայաստանին իր բանակը հասցնել այնպիսի վիճակի, որով այն կարողանա սպառնալ Ադրբեջանին»:

Անդրադառնալով ալիևյան զառանցանքներին՝ ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը նշել է, որ նման հայտարարությունները բացահայտում են խաղաղության և հաշտության վերաբերյալ վերջին ժամանակներում Ադրբեջանի հայտարարությունների սին և կեղծ բնույթը: «Հատկանշական է, որ նման սպառնալիքներ արվում են Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ և նպատակ ունեն ուժի դիրքերից խոսելու հայ ժողովրդի հետ: Մենք մշտական կապի մեջ ենք մեր ռազմավարական դաշնակցի, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղությամբ շահագրգռված բոլոր գործընկերների հետ: Հայաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար»,- նշել է Նաղդալյանը:
Հարկ է նշել, որ Ալիևին, ինչպես միշտ, անհապաղ և առաջինը արձագանքել է նաև ՄԻՊ Արման Թաթոյանը:

Ուշագրավ է, որ Ալիևի վերոնշյալ հայտարարությունն արվում է այն օրերին, երբ զուգահեռաբար Սյունիքում են Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՄԻՊ Արման Թաթոյանը և, ըստ որոշ տեղեկությունների, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, որոնց Սյունիքում միաժամանակ գտնվելը մի շարք հարցեր է առաջացնում: Տպավորություն է, որ Սյունիքի շուրջ կան ընդհատակյա գործընթացներ, որոնք դեռ լիովին հասկանալի ու պարզ չեն հանրության համար: Այնուամենայնիվ, Սյունիքում, որտեղ թշնամու հարևանությամբ մարդիկ ապրում են առանց լուրջ անվտանգության միջոցների՝ ահով և դողով, մարզպետարանում խորհրդակցության ժամանակ Փաշինյանն անդրադարձավ Ադրբեջանի նախագահի հավակնություններին՝ նշելով, թե Ալիևը ցանկանում է վիժեցնել ձեռք բերված պայմանավորվածությունները: Նա նաև ասաց, որ եռակողմ հայտարարությունում միջանցքի մասին որևէ խոսք չկա:

«168 Ժամ»-ի հետ զրույցում ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, ռուսական «Ռեգնում» գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը, անդրադառնալով Սյունիքի անվտանգային խնդիրներին ու ալիևյան սպառնալիքներին, ասաց, որ որևէ պրակտիկ սպառնալիք չի տեսնում Սյունիքի համար, քանի դեռ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է:

Հարցին, թե ինչո՞ւ են պարբերաբար նման հայտարարություններ արվում, նա արձագանքեց՝ ասելով. «Չեմ կարող ասել, գուցե նրանց դուր է գալիս նման հայտարարություններ անելը: Ես ասացի, որ կոնկրետ սպառնալիք չեմ տեսնում»:

Իսկ ՀԱՊԿ երաշխիքները, նրա խոսքով, Արցախին չէին վերաբերում, այդ իսկ պատճառով ՀԱՊԿ-ը չմիջամտեց պատերազմին և չէր կարող միջամտել, սակայն ՀՀ տարածքին վերաբերում են, և դրանք անհրաժեշտության դեպքում կգործեն:

Մոդեստ Կոլերովն ասաց, որ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ բանակցությունների արդյունքում նոր համաձայնագրեր չեն լինի: «Թող դեռ ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնեն, որն արդեն իսկ շատ հեռավոր հեռանկար է, քանի որ քննարկվող հարցերը, ինչպես տեսնում եք, բավականին բարդ են, երկար ժամանակ ու բազում համաձայնեցումներ են պահանջում, իսկ այդ ընթացքում շատ բան է փոխվում»,- ասաց Կոլերովը:

Նա մեկ այլ ուշագրավ դիտարկում ևս արեց՝ ասելով, որ Ռուսաստանը որևէ հետաքրքրություն ու շահ չունի այդ պրոյեկտներում, ուստի առանձնապես շահագրգռվածություն չունի դրանց իրականացման ժամկետների հարցում:

Ի տարբերություն Մոդեստ Կոլերովի, ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը կարծում է, որ Սյունիքը սպառնալիքի տակ է, և թուրք-ադրբեջանական տանդեմի համար սա ոչ միայն ժամանակակից, այլև պատմական հարց ու ձգտում է: Ըստ նրա, թուրք-ադրբեջանական սպառնալիքը հստակ է, այն արտահայտվում է ամենօրյա ռեժիմում, և դա անուշադրության մատնել չի կարելի: Ռազմագետի խոսքով, բնականաբար, սպառնալիքների նպատակն այս պահին միջանցքի հարցում հայկական կողմի համաձայնությունը ստանալն է, թեև միջանցքի շուրջ նախնական պայմանավորվածություն կարծես թե չի եղել: Եվսեևի տպավորությամբ, ադրբեջանական կողմի արձագանքներից տեսանելի է, որ այս հարցում Ադրբեջանը հստակ ակնկալիքներ ունի և միայն ճանապարհով չի ցանկանում բավարարվել:

«Ես չեմ կարող ասել՝ կլինի՞ պատերազմ, թե՞ ոչ, այնուամենայնիվ հնչում են սպառնալիքներ, դրանք գուցե անպայմանորեն այս պահին պատերազմ չենթադրեն, սակայն հակառակորդի զսպման համար հարկավոր են լուրջ քայլեր՝ և Հայաստանի, և Ռուսաստանի կողմից: Ադրբեջանի ուղերձներն անհասկանալի են, քանի որ Ալիևն ասում է, որ տարածքային հավակնություններ չունի, բայց ուժով է սպառնում, խոսում այդ տարածքները գրավելու և վերադառնալու մասին: Առաջին հերթին ՀՀ ԶՈՒ-ն պետք է վերականգնվի, դա հրատապ հարց է, բոլոր բացերը, որոնք հնարավորինս տեսանելի են դարձել, և դրանց մասին խոսել եմ նաև ես, պետք է լուծվեն համակարգված կերպով: Տեսանելի է, որ ՌԴ ԶՈՒ Հարավային օկրուգը հավելյալ աշխատանքներ է իրականացնում տարածաշրջանում, և վերադասավորումներ, վերազինում է լինելու նաև Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում, հավելյալ ուժեր ու տեխնիկա է տեղակայվելու Սյունիքում»,- ասաց Եվսեևը՝ կարևոր համարելով հայտարարություններն այն մասին, որ բարեփոխումներն իրականացվելու են ՌԴ հովանու ներքո:

«Դեռ լիովին պարզ չէ, թե ինչ բարեփոխումներ, ու որքանով արդյունավետ են դրանք լինելու, ժամանակի ընթացքում կուսումնասիրենք ու կգնահատենք»,- ասաց նա:

Ռուս վերլուծաբանի կարծիքով, մի շարք հարցերում ընդհատակյա տարաձայնություններ են նկատվում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև, որն արտահայտվում է թե «Իսկանդեր»-ների թեմայով, թե Հայաստանի ԶՈՒ վերականգնման հարցում ՌԴ աջակցության և մի շարք այլ հարցերով:

«Կարևոր եմ համարում ՌԴ ՊՆ ղեկավարի նախօրեի հայտարարությունն այն մասին, որ Հարավային ռազմական օկրուգի զորքերի մարտական կարողությունները բարձրացվում են: Ռուսաստանը հասկանում է, թե որ հարցերում է թույլ ռազմական առումով, և պատահական չէ, որ ուղիղ կերպով խոսվում է ՆԱՏՕ-ի միջամտության, համապատասխան քայլեր ձեռնարկելու մասին, դա ակնհայտորեն վերաբերում է Ղարաբաղյան հակամարտության գոտուն, ինչպես նաև Վրաստանին, Սիրիային, Դոնբասին, բոլոր հատվածներում կա լարվածության վտանգ»,- ասաց Եվսեևը:

Տեսանյութեր

Լրահոս