Ինչո՞ւ է Բորիս Ավագյանը հայտնվել ԱԱԾ-ի տեսադաշտում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչո՞ւ է Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության պաշտոնաթող փոխնախարար Բորիս Ավագյանը հայտնվել ԱԱԾ-ի տեսադաշտում, ինչո՞ւ էին նրան հրավիրել ԱԱԾ․ երեկ մեր հարցին ի պատասխան՝ Ավագյանն ասաց, որ իրեն հայտնի չէ։

Նա պատմեց, որ գերիների հարցով հայտնի քննարկումից եւ իրեն պաշտոնանկ անելուց հետո ԱԱԾ աշխատակիցը հեռախոսով կապ է հաստատել եւ երեկոյան 8-ի կողմերն իրեն հրավիրել ԱԱԾ, բայց ինքը փոքր-ինչ ուշացումով է ներկայացել, եւ ԱԱԾ-ում ասել են, որ հիմա հարմար չէ՝ չեն կարող ընդունել։

Իր փաստաբանները հայտարարել են, որ կներկայանա ծանուցագիր ստանալուց հետո։ Սակայն մինչ օրս նա ո՛չ ծանուցագիր է ստացել, ո՛չ էլ նոր հրավեր։ «Հավանաբար, ես այլեւս պետք չեմ իրենց ու չգիտեմ էլ, թե ինչու էին կանչել»,- ասաց նա։

Նշենք, որ գերիների մասին քննարկման ընթացքում Հայաստանի իշխանություններին քննադատելուց հետո տեղեկություններ տարածվեցին, որ գնդապետ Ավագյանին ուղղորդում են ընդդիմադիր որոշ շրջանակներ, կամ էլ նա քաղաքականություն մտնելու ցանկություն ունի, այդ պատճառով էլ փորձում է քննադատելով փիառվել։ Սակայն Ավագյանը հերքեց այդ լուրերը՝ ասելով, որ ինքը հիմա եւ առաջիկա ամիսներին քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն չունի, եւ որեւէ ուժի հետ իրեն չենք տեսնի»:

Տեսանյութեր

Լրահոս