«Իրական կյանքում ողբերգական վիճակ է․ Վարչապետը միայն ջուր է լցնում թուրքի, ադրբեջանցու ջրաղացին». քաղաքացիները՝ երկրի իրավիճակի ու հնարավոր արտահերթ ընտրությունների մասին
44-օրյա պատերազմի ավարտից ավելի քան 5 ամիս անց, երբ դեռևս անհայտ է զոհերի իրական թիվը, կան անհետ կորածներ ու գերիներ, Հայաստանի իշխանությունն ակտիվորեն խոսում է հունիսի 20-ին հնարավոր արտահերթ ընտրությունների մասին։ Ավելին՝ դեռ առանց ընտրարշավի պաշտոնական մեկնարկի մասին հայտարարության՝ Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները, թեկուզ գաղտնի, բայց մարզեր են մեկնում, բնակիչներին տալիս նախընտրական զանազան խոստումներ՝ սկսած նոր ասֆալտ ունենալու հույսից, մինչև հունիսի 20-ին քաղաքացիների կողմից ինչ-որ մարդկանց դատելու մասին:
Այսօր 168.am-ը Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում հարցում անցկացրեց․ քաղաքացիների մեծ մասը երկրում առկա վիճակը որակում են «ողբերգական», իսկ հնարավոր ընտրությունների վերաբերյալ հարցին էլ պատասխանում էին կամուկացով:
«Ողբերգական վիճակ է: Լուծման ուղիները… Փաշինյանը պիտի անհապաղ իր կառավարություն կոչվածի հետ հեռանա, որովհետև ինքը ոչ մի հարց չի կարողանում լուծել: Ընդհակառակը, օրեցօր ավելի վատ է»,- Հայաստանի ներկա իրավիճակը բնութագրելու մեր խնդրանքին ի պատասխան՝ ասաց քաղաքացիներից մեկը:
«Տնտեսությունն ամբողջ ճգնաժամից հետո վերականգնվում է կամաց-կամաց: Էնքան էլ դրական չի վիճակը, բայց դե կարելի է պայքարել, հասնել ամեն ինչին՝ աշխատանքով: Դե, անվտանգության հարցերը մի քիչ խաթարված են, բայց դե ինձ թվում է՝ աշխատում են այդ ուղղությամբ: Դրական քայլեր կլինեն՝ ինձ թվում է»,- ասաց մեկ այլ քաղաքացի:
Հարցին, թե այս իշխանությունը կարողանո՞ւմ է ապահովել ՀՀ անվտանգությունը, մեր զրուցակիցը պատասխանեց․
«Ոչ հարյուր տոկոսով, բայց մի 80%-ով ապահովում է՝ ըստ եղած վիճակից: Էս պատերազմական վիճակը, կորոնավիրուսը, բոլորը համատեղ խաթարեցին էդ մարդկանց աշխատանքը: Թե ինչ-որ տեղ կարող էին լավ աշխատել, կիսատ մնաց աշխատանքը: Բայց ինձ թվում է՝ իրենք ավելի կձգվեն, էս ընտրությունն էլ շատ բան կփոխի»:
«Շատ վատ: Գնալով ամեն ինչը թանկանում է: Թոշակառուները ո՞նց պիտի ապրեն»,- Հայաստանի ներկա իրավիճակը նման կերպ բնութագրեց հարցմանը մասնակցած քաղաքացիներից մեկը:
«Որ ասեմ՝ լավ, կհավատա՞ք: Շիտակն ասած՝ լավատես եմ, սպասում եմ, որ պիտի լավ լինի: Իսկ հույսը մահանում է վերջում, էնպես որ, պետք է որ լավ լինի, որովհետև մենք Արարատ սար ունենք, առաջին քրիստոնյա ժողովուրդն ենք»,- մեզ հետ զրույցում ասաց Երևանի մի բնակիչ:
Հարցին, թե ինչպե՞ս են վերաբերվում հնարավոր արտահերթ ընտրությունների մասին տեղեկություններին, քաղաքացիներից մեկը դրական արտահայտվեց, անգամ ասաց, թե ավելի վաղ պետք է ընտրություններ լինեին:
«Ես դրական եմ վերաբերվում: Ավելի վաղ պետք է արվեր: Հիմա ես մեծ հաճույքով կգնամ, իմ ընտրությունը կանեմ, կընտրեմ՝ ում որ ցանկանում եմ: Իհարկե, չեմ որոշել հլը, բայց կտամ լավագույնին… Ինձ թվում է՝ դա «Ելքն» ա, որովհետև ժողովրդի կողմից ընտրված կուսակցություն ա՝ անկախ որևիցե թերություններից»,- ասաց մեր զրուցակիցը:
«Ուզած-չուզած պետք է գնանք: Չգիտենք՝ ում ընտրենք: բոլորն էլ նույն անձնավորություններն են: Բայց որի՞ն կընտրենք: Դե, Փաշինյանին պետք ա ընտրենք ստիպված, որովհետև ուրիշ մարդ չկա»,- ասաց մեկ այլ քաղաքացի:
Հարցին, թե արդյոք հանրությունը պատրա՞ստ է հունիսի 20-ին գնալ արտահերթ ընտրությունների, քաղաքացիներից մեկը պատասխանեց.
«Հանրությունը միշտ էլ պատրաստ է, իրենք պատրա՞ստ են առանց խարդախությունների ընտրություն անցկացնել… Չէ, չունեմ, դաժե տղայիս հարցրի՝ ում կարելի է ընտրել, ասաց՝ «ինչ-որ մի հատ երրորդ ուժ էլ պիտի գա, մամ, հլը սպասի»: Սպասում եմ, տեսնեմ՝ երրորդ ուժը որն է: Էս եղած ուժերին, առավել ևս՝ իմքայլականներին, ես ձայն չեմ տա ոչ մեկին: Էս երրորդ ուժը եթե հայրենանպաստ բաներ անի, սիրի մեր հայրենիքը, մեր ժողովրդին, մանավանդ էդ ջահելներին… էդ բաները ինքը հաշվի առնի, արժե դրան ձայն տալ: Եթե չէ, մի հատ ուրիշն էլ պիտի ելնի, մյուս խմբին տանի, գնդակի առաջը գցի, ոչ մեկին էլ չարժի ընտրել»:
«Ես ինքս իմ որոշումը ունեմ, բայց մի բան չեմ հասկանում. քարոզարշավը դեռ պաշտոնապես սկսված չի, բայց վարչապետը մարզերն ընկած և միայն ինքն է խոսում, խոսափողը միայն իրեն է պատկանում, ինչ-որ, չասեմ՝ ինչ տեսակետներ է հայտնում, խաղաղության և այլ կոչեր է անում ժողովրդին, բայց նայում ես՝ իրական կյանքում ողբերգական վիճակ է… հարևանությունը, գիտեք, երկուստեք պիտի շահավետ լինի: Վարչապետի բոլոր դիրքորոշումները միակողմանի են, և նրա ջուրը ջուր է լցնում միայն թուրքի, ադրբեջանցու ջրաղացին: Նա որևէ հայանպաստ բան իր ամբողջ 2-3 տարվա գործունեության մեջ չի արել: Փակեց մշակույթի, սփյուռքի, գյուղնախարարությունները: Ինչի՞ համար, կարո՞ղ եք ասել: Ո՞ւր ա էդ Սինանյանը, ի՞նչ է արել: Հայկական հիմնադրամի գումարները ո՞ւր են: Ամբողջ օրը՝ «նախկիններ, նախկիններ»: Նստե՞ց որևէ մեկը նախկիններից, ցույց տվեք: Մատնացույց արեք որևէ մեկին, որ նստած է հիմա: Ամենալավ նախկինը հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակը»,- ասաց մեր զրուցակիցներից մեկը:
«Գնանք ընտրենք, ո՞ւմ ընտրենք: Կներեք, հենց դա բոլորի համար է հարցական»,- մեզ հետ զրույցում ասաց հարցմանը մասնակցած մեկ այլ քաղաքացի:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում