Իմքայլական պատգամավորը՝ Օնիկ Գասպարյանի կոչի մասին
Անվտանգության խորհուրդը ապրիլի 15-ին հրապարակել էր սեպտեմբերի 30-ին կայացած Անվտանգության խորհրդի նիստից գաղտանզերծված փաստաթուղթ, ըստ որի` Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը Նիկոլ Փաշինյանին չի ասել, որ պատերազմը պետք է կանգնեցնել: Մինչդեռ դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցներից մեկում չէր հերքել, որ Օնիկ Գասպարյանը նման բան է զեկուցել:
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն անդրադարձավ այդ գաղտնազերծված փաստաթղթին:
Ըստ պատգամավորի, նման փաստաթուղթ հնարավոր չէ կազմել հենց այնպես, քանի որ այն քաղվածք է նիստից, որի տակ ստորագրում են համապատասխան մարդիկ, այնտեղ կա ձայնագրություններ: Հետևաբար՝ նիստի արձանագրությունը հնարավոր չէ փոխել:
«Ձայնագրություն կա, ինչը փաստում է դրա ճշմարտացիությունը, չի կարող արձանագրվել մեկ բան, որը տեղի չի ունեցել»,- նշեց նա:
Անդրադառնալով Օնիկ Գասպարյանի կոչին, որով նա դիմել է ԱԺ նախագահին, խմբակցությունների ղեկավարներին՝ ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, Արմեն Խաչատրյանն ասաց, որ քննիչ հանձնաժողով անպայման ստեղծվելու է:
«Սա այն իրադարձությունն է, որի շուրջ բազմաթիվ միջոցառումներ են իրականացվելու՝ լրագրողական հետաքննություն, քննիչ հանձնաժողովի ստեղծում, և այլն: Ամիսների առումով պետք է մի քիչ սպասել քննիչ հանձնաժողովի ստեղծմանը, ինչո՞ւ, որովհետև պատերազմի ընթացքում հարուցվել են բազմաթիվ քրեական գործեր, դրանց թիվը հարյուրավոր է, եթե չասենք՝ հազարավոր: Այդ քրեական գործերով իրականացվում է նախաքննություն, քրեական գործերով ձեռք են բերվում ապացույցներ: Եթե հիմա ստեղծենք քննիչ հանձնաժողով, մենք չենք կարողանալու ապացույցներ ձեռք բերել, որովհետև այդ ապացույցների մի մասը քրեական գործերում են: Պետք է սպասենք, մինչև նախաքննական մարմիններն ավարտեն իրենց աշխատանքը, որից հետո կստեղծվի քննիչ հանձնաժողով»,- նշեց Արմեն Խաչատրյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում