Լոռու մարզպետը՝ Փաշինյանի քավորին Տավուշի մարզպետ նշանակման մասին

«Ես ի՞նչ եմ ասում, ասում եմ, ժողովուրդ ջան, ես չեմ միջամտելու ձեր գործերին, սակայն, եթե դուք կփորձեք օգտվել ձեր նախկին միջամտությունների խողովակներից` հետևի դռնով մարդիկ դուրս գան, քավոր-սանիկ-բարեկամ կապեր օգտագործեն, դա չի լինելու: Ես խոսում եմ երևույթների մասին»,- սա նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեսիջն էր դատավորներին։

Բայց արի ու տես, ինչը չի կարելի դատավորներին, կարելի է իրեն՝ Փաշինյանին․ Տավուշի նորանշանակ մարզպետ Հայկ Ղալումյանը, ոչ ավել, ոչ պակաս, Փաշինյանի քավորն է, որը 2018 թվականի հայտնի իրադարձություններից մեկ տարի անց Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրեց։

Փաստորեն, 2018 թվականի հայտնի իրադարձությունները նաև հրաշագործ հատկություն ունեին․ բացահայտեցին արժանիքներ հատկապես իշխանամերձ շրջանակների ներկայացուցիչների բարեկամների մոտ։

Հիշեցնենք՝ լրատվամիջոցները բազմիցս անդրադարձել են Փաշինյանի ազգականների ու ընկերների հայտնի ցանկին՝ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը Նիկոլի Փաշինյանի կնոջ եղբայրն է՝ աներձագը, ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը՝ եղբորորդին, ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը՝  մանկության ընկերը, նորանշանակ կնքահայր մարզպետ Հայկ Ղալումյանի եղբայր, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վահե Ղալումյանը՝ մանկության ընկեր, Լիլիթ Մակունցը՝ անգլերենի ուսուցիչը, և այդպես շարունակ:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին այսօր խնդրեցինք մեկնաբանել Տավուշի նորանշանակ մարզպետ Հայկ Ղալումյան նշանակումը՝ հենց Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունների տեսանկյունից, որով պնդում էր, թե իբր դեմ է քավոր-սանիկ հարաբերություններով առաջնորդվելուն:

168.am-ի դիտարկմանը, թե, փաստորեն, հենց իր քավորն է նշանակվում մարզպետ, Արամ Խաչատրյանն արձագանքեց․

«Հայկ Ղալումյանին անձամբ ճանաչում եմ, ինքը մեր քաղաքական թիմի անդամ է եղել դեռ հեղափոխությունից առաջ և ունի անցած ճանապարհ, ուղի, և հենց այդ արժանիքների համար են իրեն նշանակել մարզպետ, այլ ոչ թե՝ քավոր-սանիկի»։

Տեսանյութեր

Լրահոս