«Օրհասական խնդիր է՝ մաքսիմալ արագ պատվաստել մեր երկրի բնակչությանը». Հովակիմ Զաքարյան
ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Հովակիմ Զաքարյանի կարծիքով՝ գիտության ոլորտին տրվող ֆինանսները նորմայից շատ ցածր են:
«Պատկերացրեք՝ ձեր մասնագիտական գործունեությունն իրականացնեիք մի միջավայրում, որտեղ սարքավորումները 30-40 տարվա հնության են, որտեղ աշխատավարձը շուկայական մրցակցային աշխատավարձերից 2-3 անգամ քիչ է: Բնականաբար, որքան էլ դուք լավ լրագրող լինեք, նման պայմաններում աշխատանքի որակը հավանաբար շատ ավելի ցածր կլինի, քան ձեր մրցակիցների մոտ: Գիտության պարագայում մրցակից ասելով՝ նկատի ունեմ բոլոր այն երկրները, որտեղ գիտնականների համար ստեղծված են ֆինանսական համապատասխան պայմաններ: Տեսեք՝ ԵՄ երկրներն առնվազն իրենց ՀՆԱ-ի 1 տոկոսը տրամադրում են գիտության ֆինանսավորմանը: Խոսքն այն ֆինանսավորման մասին է, որը գնում է պետական տարբեր օղակներից, խոսքը մասնավոր սեկտորի մասին չէ:
Մեր պարագայում՝ պետությունը գիտության վրա ամեն տարի ծախսում է իր ՀՆԱ-ի մոտավորապես 0.23-0.24 տոկոսը, այսինքն՝ գրեթե 4 անգամ ավելի քիչ, քան Եվրոպայում է, Չինաստանում է, Ճապոնիայում է: Եվ, բնականաբար, 4 անգամ ավելի քիչ ֆինանսավորման պայմաններում, երբ նաև այդ ֆինանսավորումը ոչ շատ արդյունավետ ես կառավարում, արդյունքը շատ մրցակցային և շատ դրական չի կարող լինել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Հարցին՝ ինչո՞ւ պետք է ավելացվի գիտության ֆինանսավորումը, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե Հայաստանում գիտական գործունեություն վարել՝ նշանակել է՝ ամեն առավոտ գնալ մի շենք, որի ճակատին գրված է՝ գիտահետազոտական ինստիտուտ, օրվա առաջին կեսին սուրճ խմել և վերադառնալ տուն. ինչո՞վ են զբաղվում հայ գիտնականները, ի՞նչ արդյունքներ են գրանցում, որոնք պետք է դրդեն պետությանը՝ ավելացնել գիտությանը հատկացվող բյուջեն, Հովակիմ Զաքարյանը պատասխանեց.
«Նմանատիպ պնդումներ անող մարդիկ գրանցում են Հայաստանում գիտության ցածր ֆինանսավորման արդյունքները: Եթե հավատանք, որ կան գիտաշխատողներ, որոնք աշխատավայր միայն գնում են՝ սուրճ խմելու, զրուցելու համար, դրա հիմնական պատճառը ոչ թե իրենց վատ գիտնական լինելն է, այլ այն, որ պետությունը չի ստեղծել իրենց համար պայմաններ, որում իրենք կզբաղվեին իրենց անմիջական աշխատանքով՝ հետազոտություններ անելով: Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, թե ինչո՞ւ պետությունը պետք է ստեղծի այդպիսի պայմաններ, ապա՝ նախ՝ ինչո՞ւ չպետք է ստեղծի, որովհետև մենք տեսնում ենք, որ 21-րդ դարում երկրները հաջողության հասնում են, առաջին հերթին, իրենց ստեղծած նոր գիտելիքի և տեխնոլոգիաների միջոցով:
Եթե ուզում ենք մրցակցել այլ երկրների հետ՝ տնտեսական առումով, բայց մրցակցենք միայն գյուղմթերք վաճառելով, շատ հեռու չենք գնալու, ինչպես հիմա անում ենք: Բայց եթե ուզում ենք մեր կենսամակարդակն էապես փոխել, պետք է ստեղծել այնպիսի արժեքներ, որոնք բարձր ինքնարժեք ունեն: Իսկ այդ տնտեսական արժեքները ստեղծվում են հենց նոր տեխնոլոգիաների բնագավառներում, այդ տեխնոլոգիաները բազմաթիվ են, խոսքը միայն դրոնները չեն, դեղերը չեն, տարբեր նյութերն են, այդ թվում՝ IT տեխնոլոգիաներն են, և այլն:
Այս տեխնոլոգիաները բարձր ինքնարժեք ունեն, որոնք երկրի ՀՆԱ-ի վրա են ազդում, բյուջեի վրա են ազդում: Եթե մենք ապրում ենք 21 դարի արդեն երրորդ տասնամյակում և ունենք ղեկավարություն, որ ասում է՝ ինչո՞ւ պետք է ֆինանսավորենք, ի՞նչ են անում գիտնականները, ուրեմն՝ այդ մարդիկ ընդհանրապես չեն հասկանում՝ գլոբալ առումով երկրներն իրար հետ ինչպիսի փոխհարաբերություններ ունեն, ինչպես են իրար հետ մրցակցում: Տեսեք՝ ամենապարզ օրինակը, թե ինչու պետք է ֆինանսավորենք գիտությունը՝ պատվաստանյութերը: Մենք տեսնում ենք, որ այսօրվա դրությամբ կորոնավիրուսի համավարակի պայմաններում պատվաստանյութ ստեղծելը ոչ միայն գիտական նվաճում է, այլև քաղաքական լուրջ լծակ է դարձել: Մի քանի երկրներ, որոնք ունեն պատվաստանյութեր, այսօր թելադրողի դերում են»:
Անդրադառնալով կորոնավիրուսի պատճառով երկրում ստեղծված իրավիճակին և պատվաստանյութերին՝ նա ասաց. «Մեզ համար օրհասական խնդիր է՝ մաքսիմալ արագ պատվաստել մեր երկրի բնակչությանն այն պատվաստանյութերով, որոնք անվտանգ և արդյունավետ են, որոնք հստակ գրանցված են, ունեն թույլտվություն ԱՀԿ-ի և նաև լոկալ համապատասխան կառույցների կողմից՝ պատվաստման համար»:
Դիտարկմանը՝ AstraZeneca-ն էլ է այդ ցանկում, բայց դրա հետ կապված բազմաթիվ խնդիրների մասին են տարբեր երկրներ ահազանգում, նա արձագանքեց.
«Խնդիրն այն է, որ AstraZeneca-ն հստակ որոշակի տարիքային խմբի վրա է կլինիկական փորձարկում անցել, հավանաբար, պատճառներից մեկն այն էր, որ փորձում էին շատ արագ պատվաստանյութ շուկա հանել: Այդ տարիքային խմբից ավելի ցածր տարիք ունեցող մարդկանց պատվաստելը կարող է առաջացնել խնդիրներ, որովհետև դու չգիտես, նախօրոք չես ուսումնասիրել, և հիմա այդ խնդիրները կարող են ի հայտ գալ, ինչը մենք տեսնում ենք թրոմբերի առաջացման պարագայում: Դա է պատճառը, որ ԵՄ մի քանի երկրներում AstraZeneca-ի օգտագործումը կասեցվել է, մինչև որ ավելի ցածր տարիքային խմբերի համար ուսումնասիրություններն ավարտվեն: Այս պահի դրությամբ մեր միակ ընտրությունը AstraZeneca-ն չէ, թե ինչո՞ւ ենք մենք դա օգտագործում, շատ պարզ պատճառով, որովհետև հիմնադրամը, որը շատ էժան գնով պատվաստանյութ է տալիս, առաջարկել է AstraZeneca-ն դեռևս 2-3 ամիս առաջ, բայց մեր կառավարության և համապատասխան մարմինների լիազորությունների մեջ է՝ դա չվերցնել, գնել այլ պատվաստանյութ: Որևէ մեկն իրավասու չէ մեզ պարտադրել, որ օգտագործենք AstraZeneca-ն, այլ ոչ, օրինակ՝ Sputnik V-ն, և այլն»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում