«Ըստ շրջանառվող լուրերի՝ Ադրբեջանը ցանկանում է այդ շենքերի փոխարեն էլիտար շենքեր կառուցել, նաև խոսակցություններ կան, որ կառուցելու են «Գորշ գայլերի» դպրոց». Շուշիի քաղաքապետ
Ադրբեջանական կողմն Արցախում իր հսկողության տակ անցած հայկական տարածքներից փորձում է ոչնչացնել հայկական հետքը, պատմամշակութային կոթողները, եկեղեցիները ոչնչացնելուց հետո, հերթը բնակելի շենքերինն է։
Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանը հատուկ տեխնիկայի միջոցով քանդում է Շուշիի բնակելի շենքերից մեկը։
168.am–ի հետ զրույցում Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն ասաց, որ տեսանյութերին հետևելով` տեսել է, որ Շուշիում քանդվող շենքը Պռոշյան հասցեում գտնվող բնակելի շենքն է։
«Տարբեր տեղեկություններ կան, ըստ շրջանառվող լուրերի՝ Ադրբեջանը ցանկանում է այդ շենքերի փոխարեն էլիտար շենքեր կառուցել, նաև խոսակցություններ կան, որ դրանց փոխարեն կառուցելու են «Գորշ գայլերի» դպրոց։ Այդ շենքերը, որոնք քանդում են, հին շինություն չեն, դրանք լենինգրադյան կառույցի շենքեր են։ Նրանք լրիվությամբ այդ շենքերը ոչնչացնում են, չգիտեմ, թե ինչից են ուզում ազատվել։ Նաև տեղեկություն ունեմ, որ մզկիթից ներքև սեփական տներ կան, դրանք լրիվությամբ քանդում են։ Պատերազմի օրերին ադրբեջանական ռմբակոծության հետևանքով այդ տներից շատերը վնասվել էին։ Հիմա եթե քանդում են, բայց փոխարենը շենքեր են կառուցելու, թող սարքեն, դա մեզ ձեռնտու է, հետո, երբ Շուշին վերադարձնենք, ավելի թարմ ու էլիտար շենքեր կունենանք»,- նշեց Արծվիկ Սարգսյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ գուցե Ադրբեջանը գիտակցում է, որ Շուշին, ի վերջո, պետք է ընդունի իր իսկական տերերին՝ հայերին, այդ պատճառով էլ որոշել են վնասներ հասցնել քաղաքին։
Ըստ նրա, ադրբեջանական կողմը այդքան վնասեր հասցնելու համար պետք է հայկական կողմին փոխհատուցում տա։
«Այս հարցը բարձր մակարդակով պետք է հնչեցվի, աղաղակվի։ Այսօր ՀՀ ԱԺ պատգամավորներից հայտարարում են, թե Քարվաճառը հայկական չէ, կամ` որ Շուշին ադրբեջանական է, հիմա պետք է աղաղակվի, որ մերն է, ու Ադրբեջանն այն քանդում է։ Իրենք չեղած տեղից ասում են՝ Արցախը մերն է, իսկ մենք մեր ունեցածը գոնե կարողանանք պահել։ Այդ շենքերն ինչո՞ւ են քանդում, դրանք հայի ձեռքով են կառուցվել։ Նույնիսկ Խորհրդային Միության ժամանակ Ադրբեջանը վարպետ չի ունեցել, որ շենքեր կառուցեր։ Ես շատ լավ եմ հիշում, որ Քարին Տակից օրը երեք ավտոբուս վարպետներ էին գնում Շուշի, աշխատում էին, իսկ երեկոյան վերադառնում գյուղ»,- շեշտեց Շուշիի քաղաքապետը։