Էներգետիկ անվտանգության փորձագետը՝ Մեծամորի ատոմակայանի աշխատանքների դադարեցման դեպքում հոսանքի գնի հնարավոր բարձրացման մասին

Հայկական ԱԷԿ-ում ապրիլի 1-ին տեղի է ունեցել կայանի ղեկավարության աշխատանքային հանդիպումը «Ռուսատոմ սերվիս» ԲԸ ընկերության ներկայացուցիչների հետ` գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն և Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտական հետազոտական ինստիտուտը («Հայատոմ» ԳՀԻ ՓԲԸ):
Կողմերը վերլուծել են կայանի արդիականացմանն ուղղված աշխատանքները, որոնք կանցկացվեն Պլանային-նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ-2021) ընթացքում: Կայանի աշխատանքները կդադարեցվեն 141 օրով, և ՊՆՎ-2021 շրջանակում կանցկացվեն նախագծի առանցքային միջոցառումները՝ Հայկական ԱԷԿ-ի ռեակտորի իրանի մետաղի թրծաթողումը և ակտիվ գոտու վթարային հովացման համակարգի արդիականացումը։

«Այս տարի կայանում անցկացվելու են ԱԷԿ-ի արդիականացման և անվտանգության բարձրացման եզրափակիչ աշխատանքները: Հայաստանն ավելի արդյունավետ ատոմակայան կստանա, իսկ դրա անվտանգությունը կմոտեցվի համաշխարհային չափանիշներին: Բացի այդ, թրծաթողումից հետո կվերականգնվեն ռեակտորի իրանի ֆիզիկամեխանիկական հատկությունները, և Հայաստանի ԱԷԿ-ը հնարավոր կլինի շահագործել 2026 թվականից հետո ևս»,- ասել է «Ռուսատոմ սերվիս» ԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը:

Փորձագետներից ոմանք կարծում են, որ Հայաստանում հոսանքի գնի բարձրացման հարց կարող է առաջանալ՝ մայիսի 15-ից 141 օրով Մեծամորի ատոմակայանի աշխատանքների դադարեցման դեպքում:

Էներգետիկ անվտանգության փորձագետ, «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանի խոսքով՝ պետք է դիտարկել ոչ միայն ատոմակայանի վերանորոգման նպատակով կանգնեցման ռիսկերը՝ սակագնային քաղաքականության համար, այլև դրան զուգահեռ՝ էներգետիկ համակարգում ընթացող մի շարք գործընթացները:

«Ատոմակայանը Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգում տարիներ շարունակ ապահովել է էլեկտրաէներգիայի գեներացման 30 տոկոսը, ինչպես նաև հիդրոէլեկտրակայանների հետ միասին ապահովում է հանրապետությունում արտադրվող ամենացածր ինքնարժեք ունեցող էլեկտրաէներգիան, և այս պարագայում ատոմակայանի աշխատանքների դադարեցումը, իհարկե, ռիսկային է և որոշ վտանգներ է պարունակում, որոշակի բեռ է ձևավորում սակագնային քաղաքականության համար: Այդ ընթացքում ատոմակայանի ցանց չի փոխանցվի շուրջ 560 մլն կվտժ էլեկտրաէներգիա, և հիմա հարց է ծագում, թե ինչի՞ հաշվին է լրացվելու: Առաջին հերթին լրացվելու է ջերմաէլեկտրակայանների շնորհիվ, որոնք, ինչպես գիտենք՝ Հայաստանում ամենաբարձր ինքնարժեք ունեցող էլէներգիան են արտադրում, և սա հատկապես ընդգծվեց 2020թ. հուլիսի 19-ին ուժի մեջ մտած գազի նոր սակագների հանգամանքով: Գիտենք, որ շուրջ 5-6 տոկոսով բարձրացրել են գազի սակագինը, որը չշրջանցեց նաև ՋԷԿ-երը: Ըստ այդմ՝ ՋԷԿ-երն արտադրում են ավելի բարձր արժեքով էլեկտրաէներգիա, և փաստորեն, լրացնելով այն պակասորդը, որը ձևավորվելու է ատոմակայանի կանգնեցման արդյունքում, բնականաբար, լրացուցիչ բեռ է ևս ձևավորելու սակագնային քաղաքականության վրա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վահե Դավթյանը՝ հավելելով, որ երրորդ առանցքային գործոնն արցախյան ՀԷԿ-երն են:

Նրա փոխանցմամբ՝ Արցախում գործում էր շուրջ 36 ՀԷԿ, որոնցից 30-ը պատերազմի հետևանքով անցան թշնամուն:

«Ակնկալվում էր, որ այս տարի մենք մոտ 300 միլիոն կվտժ էլէներգիա կներկրենք Արցախից: Ընդգծեմ, որ ՀԷԿ-երում արտադրված էլեկտրաէներգիան ունի բավականին ցածր ինքնարժեք, թերևս ամենացածրը՝ մեր էներգետիկ համակարգում և, փաստորեն, զրկվելով այս հնարավորությունից՝ մենք ևս որոշակի ռիսկերի ենք առերեսվում սակագնային քաղաքականության տիրույթում: Այս ամենի արդյունքում մենք արդեն իսկ ունեցանք առաջին ռիսկային զարգացումը, որն արձանագրվեց այս տարվա փետրվարի 1-ին, երբ սակագները 400կվտժ-ից ավելի սպառող բաժանորդների համար բարձրացան 3 դրամով»,- նշեց էներգետիկ անվտանգության փորձագետը:

Վահե Դավթյանն ընդգծեց՝ կկարողանանք խուսափել հովհարային անջատումներից, քանի որ ի սկբանե ՀՀ անվտանգության մոդելն այնպես է կառուցված, որ երբ ատոմակայանը կանգնեցվում է՝ վերանորոգման նպատակներով, ապա գեներացիոն բեռն ամբողջությամբ իրենց վրա են վերցնում ջերմաէլեկտրակայանները:

Անդրադառնալով գազի սակագնի հնարավոր փոփոխությանը՝ էներգետիկ անվտանգության փորձագետն ասաց՝ կարծում է, որ սահմանին գնային փոփոխություն չի լինի և այն կմնա նույնը. 165 դոլար՝ 1000 խմ դիմաց:

«Այս իշխանությունները դա կփորձեն ներկայացնել՝ որպես ձեռքբերում, բայց մենք շատ լավ հասկանում ենք, որ երբ հարցը տեղափոխում ենք ներքին սակագնային կարգավորման տիրույթ, ապա այստեղ առաջ են գալիս բազմաթիվ վտանգներ, և բավական է անդրադառնալ «Գազպրոմ Արմենիայի» գործունեության ընթացքում առաջացած օպերացիոն տարատեսակ ռիսկերին, որպեսզի հասկանանք, որ այն սակագնային քաղաքականությունը, որը գործում է երկրում, չի բավարարում այդ ընկերությանը և սրա ամենավառ դրսևորումներից է ընկերության աշխատակիցների կրճատումը, որը հասնում է 1000 հոգու, ինչպես նաև ներդրումային ծրագրի վերանայումը և այլն: Չեմ բացառում, որ եթե գազի գինը սահմանին մնա նույն 165 դոլարի մակարդակում, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը ստիպված կլինի այս տարվա ընթացքում ինչ-որ մի պահի, օրինակ, գարնան ընթացքում, կրկին դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սակագները վերանայելու՝ բարձրացնելու առաջարկով, իսկ սա իր հերթին՝ կհանգեցնի էլեկտրաէներգիայի գնի բարձրացմանը»,- եզրափակեց Վահե Դավթյանը:

Հավելենք, որ մարտի 31-ին լրացավ Հայաստանում գազի սպառողներին միակ մատակարարի՝ «Գազպրոմի» հետ պայմանագրի ժամկետը։ Սակագների փոփոխության մասին դեռ տեղեկություն չկա, և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է, որ գազի սակագնի հարցը գուցե քննարկվի վարչապետի՝ Մոսկվա կատարելիք այցի ընթացքում: Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՏԱՍՍ-ին տեղեկացրել է, որ ապրիլի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի Մոսկվա։ Տեղի կունենան նրա բանակցությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Տեսանյութեր

Լրահոս