Տվյալ դեպքում ինքը փորձում է զերծ պահել բոլոր քաղաքական դերակատարներին՝ Ռուսաստանի հետ չհամաձայնեցված ինչ-որ ուժերի հետ խաղեր տալուց. Վիգեն Հակոբյան
Օրեր առաջ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր հոդվածում անդրադարձել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին՝ նկատելով, որ իր ելույթներում, հարցազրույցներում և հրապարակումներում բազմիցս արտահայտել է՝ «Ղարաբաղի հարցի լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում» միտքը, որը տարակուսանքով կամ զայրույթով է ընկալվել թե՛ քաղաքական ուժերի, թե՛ փորձագիտական շրջանակների, և թե՛ օրվա իշխանությունների կողմից:
Առաջին նախագահը քաղվածքներով նաև հիշեցրել էր ժամանակին այդ առթիվ հրապարակած իր տեսակետները:
«Իմ համոզմամբ՝ Արցախի հարցում մեզ վիճակված ողբերգության գլխավոր պատճառներից մեկն այս իրողության չգիտակցումը կամ անտեսումն է եղել նախորդ երկու և ներկա իշխանությունների կողմից: Եթե սա միայն պատմական իրողության արձանագրում լիներ, ես հարկ չէի համարի կրկին անդրադառնալ դրան: Դժբախտաբար, այսօր էլ քաղաքական գրեթե բոլոր շրջանակների ու պետական մարմինների, մասնավորապես՝ Կառավարության անդամների, և հատկապես՝ Արտաքին գործերի նախարարության կողմից ակնհայտ հայտարարություններ են հնչում Ղարաբաղի հարցի լուծման հույսը վերստին Մինսկի խմբի հետ կապելու վերաբերյալ: Այս միտումը հղի է մեզ սպասող նորանոր հուսախաբություններով, եթե ոչ՝ ծանր կորուստներով»,- իր հրապարակումն ամփոփել էր Լևոն Տեր-Պետրոսյանը:
Քաղաքագետ Վիգեն Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով առաջին նախագահի այս շեշտադրումներին՝ նշեց. «Լևոն Տեր-Պետրոսյանը միշտ աչքի է ընկնում գերպրագմատիկ իր գծով, որը շատ դեպքերում զերծ է լինում պոպուլիզմից: Տվյալ դեպքում, կարծում եմ, ինքը փորձում է զերծ պահել բոլոր քաղաքական դերակատարներին՝ թե՛ ներկայի, թե՛ ապագայի (ինքը շատ լավ հասկանում է, որ, այնուամենայնիվ, ապագան կարող է կապված չլինել այսօրվա իշխանության հետ) Ռուսաստանի հետ չհամաձայնեցված ինչ-որ ուժերի հետ խաղեր տալուց:
Մեր քաղաքական դաշտում կա այն տեսակետը, ընդ որում՝ թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական, որ Ռուսաստանն այստեղ ունի իր գիծը, իր շահը, և Ռուսաստանի շահը, հետպատերազմյան իրավիճակը, ըստ էության, ձեռք չի տալիս Արևմուտքին (Մինսկի խումբ, որ ասում են՝ նկատի ունենք հատկապես պրոցեսից դուրս մնացած Արևմուտքին՝ ԱՄՆ, Ֆրանսիա): Եվ քանի որ նրանք փորձում են տվյալ պարագայում ինչ-որ ձևով ոտք դնել, վերադառնալ, ըստ էության կասկածի տակ են դնում պատերազմի արդյունքները:
Այդ դիրքորոշումը մեր քաղաքական դաշտի, և ինչպես Տեր-Պետրոսյանն է ասում, նաև իշխանության և մասնավորապես՝ ԱԳՆ-ի մոտ հույսեր են արթնացնում, որ կարելի է այսօրվա իրավիճակին հակախաղ ստեղծել՝ փորձելով տեղավորվել Արևմուտք-Ռուսաստան հակամարտության մեջ:
Առաջին նախագահը, ըստ էության, ասում է, որ Ռուսաստանն այստեղ ոչ թե զուտ միջնորդ է, այլ պրոցեսի կողմ, այսինքն՝ ինքն էլ իր շահն ունի»:
Քաղաքագետին, սակայն, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Նիկոլ Փաշինյանի «էվակուացիայի պլանի» առաջարկի, այնպես էլ՝ այս հրապարակման դեպքում հետաքրքրում է՝ արդյո՞ք սա զուտ առաջին նախագահի մեսիջն է, թե՞ նաև համաձայնեցված է այլ շահագրգիռ կենտրոնների հետ.
«Կարծում եմ, որ այդուամենայնիվ, նաև այս տեսակետից պետք է նայել Լևոն Տեր-Պետրոսյանի միտքը՝ մեր տարածաշրջանում և, մասնավորապես, Արցախյան հարցում Ռուսաստանի տեղի վերաբերյալ»:
«Եվ, ի վերջո, այս ֆոնին նաև շատ կարևոր էր Հայաստանի և Արցախի հինգ նախագահների հանդիպումը. կարծում եմ՝ շատ բաներ այնտեղ էլ են քննարկվել»,- եզրափակեց Վիգեն Հակոբյանը: