«Լևոն Տեր-Պետրոսյանը մի կողմից՝ փաստացի Նիկոլ Փաշինյանի խնդիրն է լուծում, մյուս կողմից՝ կոմպրոմիսային ինչ-որ ֆիգուր է խաղի մեջ մտցնում»․ քաղաքագետ

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ իրեն հատուկ լակոնիկությամբ ներկայացրել է ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման իր պատկերացրած ելքերը։ Մինչ այդ, սակայն, նա անդրադարձել է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի առաջարկած ելքերին․

«Վազգեն Մանուկյանն այսօր ունի ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման երեք տարբերակ՝ ա. ռազմական հեղաշրջումը, բ. «Հայրենիքի փրկության շարժման»  կազմակերպած համաժողովրդական ճնշման շնորհիվ վարչապետի պաշտոնանկությանը հասնելու ճանապարհը և գ. գործող վարչապետի կողմից արտահերթ ընտրության անցկացման անթույլատրելիությունը:

Նա հաշվի չի առնում, սակայն, հետևյալ հանգամանքները. առաջին տարբերակը բացարձակապես հակասահմանադրական է, ինչը գիտակցելով՝ բանակը, հակառակ իր վրա ընդդիմության գործադրած ճնշումներին՝ մերժեց ամենայն վճռականությամբ: Ինչ վերաբերում է «Հայրենիքի փրկության շարժմանը», ապա այն այլևս ժամանակավրեպ է, քանի որ ավելի քան քառամսյա հրապարակային միջոցառումներն ու ներքին սուր տարաձայնությունները ցույց տվեցին, որ այն բացարձակապես չի վայելում լայն զանգվածների աջակցությունը և լիովին սպառված է:

Երրորդ տարբերակի հարցում ես լիովին համամիտ եմ Մանուկյանի հետ: Ինչո՞ւ. որովհետև վարչապետն ու նրա հենարանը հանդիսացող քաղաքական ուժը, կրած խայտառակ պարտության համար պատասխանատվությունից խուսափելուց բացի, առաջնորդվում են ոչ թե պետության ամրապնդման և հզորացման մտահոգությամբ, այլ բացառապես իրենց իշխանությունն ամեն գնով պահպանելու անթաքույց մոլուցքով: Համաձայն եմ նաև հանրության մեջ հնչեցվող այն պնդումներին, որ իշխող ուժի կողմից կազմակերպված արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում  նրանք չեն խորշելու վարչական ռեսուրսների համատարած օգտագործումից, ինչի հետևանքով բոլոր ընտրատեղամասերը կարող են վերածվել լարվածության օջախների: Համոզված եմ, որ այդ պարագայում մենք ականատես ենք լինելու Հայաստանի պատմության ամենախայտառակ ընտրություններին: Իսկ դա կարող է նշանակել Հայոց պետականության վերջը կամ երկարատև մղձավանջային գոյատևումը:

Ուստի թե՛ պետության, թե՛ ժողովրդի, թե՛ նաև անձամբ վարչապետի շահերից բխող միակ ելքը, իմ կարծիքով, վերջինիս անհապաղ և ինքնակամ հրաժարականն է, և Ազգային ժողովի կողմից անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովմամբ, նրա, թեկուզ ժամանակավոր, ապաստանումն արտերկրում: Այդ պարագայում վարչապետի պարտականությունները պետք է դրվեն անկուսակցական փոխվարչապետի վրա, որն իր չեզոքության հանգամանքով ունակ է ապահովելու արդար ընտրությունների անցկացումը»,- գրում է ՀՀ առաջին նախագահը։

Քաղաքագետ Վիգեն Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ նախագահի դիրքորոշմանը՝ նշեց․ «Ինչպես միշտ, առաջին նախագահը փորձում է պայքարի վրա լինել, փորձում է գլխավոր արբիտրի դեր խաղալ և երբեք այդպես միանշանակ չի արտահայտվում․ ավելի շատ որպես փորձագետ է հանդես գալիս՝ թեկուզ բարձր կարգավիճակով փորձագետ։

Հատվածներ կան, որ իր հետ միանշանակ համամիտ եմ, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող ընտրություններ անցկացնել՝ առանց վարչական ռեսուրսի օգտագործման, առանց բոլոր տիպի կեղծարարությունների օգտագործման»։

Վիգեն Հակոբյանը մեջբերեց ՀՀ առաջին նախագահի այն համոզումը, թե իշխող ուժի կողմից կազմակերպված արտահերթ ընտրությունները կլինեն «Հայաստանի պատմության ամենախայտառակ ընտրությունները»՝ նկատելով․

«Կարծում եմ՝դա պայմանավորված է նաև այն փաստով, որ ուղղակի իշխանությունն իրականում ուժային ռեսուրսներին չի տիրապետում։ Այսինքն՝ եթե խժդժություններ լինեն, պետությունն ուղղակի չի տիրապետում ուժային ռեսուրսներին, որպեսզի կարգավորի իրավիճակը։

Նախորդող երեսուն տարիներին ընտրությունների ժամանակ շատ բաներ են եղել, բայց քանի որ միշտ էլ իշխանությունը տիրապետում էր ուժային ռեսուրսներին․․․  հիմա թույլ իշխանություն է, իրեն թվում է, թե դեռևս տիրապետում է իրավիճակին։

Այս տեսակետից Լևոն Տեր-Պետրոսյանի հետ համամիտ եմ․ կարծում եմ՝ ռացիոնալ  առաջարկ է, առավելևս՝ ռացիոնալ առաջարկ է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի ու երաշխիքներով՝ թեկուզ ժամանակավոր արտերկրում ապաստանելու առաջարկը։

Լևոն Տեր- Պետրոսյանը մի կողմից՝ փաստացի Նիկոլ Փաշինյանի խնդիրն է լուծում, մյուս կողմից՝ կոմպրոմիսային ինչ-որ ֆիգուր է խաղի մեջ մտցնում՝ անկուսակցական փոխվարչապետին (պարզ է՝ Մհեր Գրիգորյանն է. երկու փոխվարչապետ ունենք, մեկը՝ կուսակցական, մյուսը՝ անկուսակցական)։

Այստեղ, իհարկե, ինձ կհետաքրքրեր՝ սա զուտ առաջին նախագահի՞ մեսիջն է, թե՞ նաև որոշակի աշխարհաքաղաքական մեսիջներ է պարունակում, իր առաջարկը պարունակո՞ւմ է նաև այլ շահագրգիռ, օրինակ, արտաքին քաղաքական պարտնյորների մեսիջներ»։

Արդյո՞ք «Հայրենիքի փրկության շարժումը» ժամանակավրեպ է՝ Առաջին նախագահի գնահատականի վերաբերյալ մեր հարցադրմանն ի պատասխան՝ մեր զրուցակիցը պատասխանեց․

«Դրա մասին դեռ վաղ է խոսել։ Կարծում եմ՝ եթե նույնիսկ հիմա հայտարարվի, որ ընտրություններ են անցկացվելու, ընդ որում՝ ցանկացած պայմաններում՝ թե՛ ընդդիմության առաջարկած պայմաններում, և թե՛ նույնիսկ իշխանության (եթե խորհրդարական ընդդիմությունն ընդունում է այդ տարբերակը, որ առանց նախապայմանների է լինում), ամեն դեպքում այդ ֆորմատը՝ միավորված ընդդիմության, պայքարի ձևը, ակցիաները, ուժի մեջ են մնալու դեռ որոշակի ժամանակ, էֆեկտիվ են լինելու, որովհետև, ցանկացած ընտրություն դե յուրե արձանագրում է փողոցում առկա իրավիճակը։ Եթե դու ունես փողոցում, կամ, պայմանական ասած՝ խոհանոցում իշխանություն, քեզ մնում է միայն կարողանալ արձանագրել դա թղթի վրա, իսկ դրա համար դու պետք է ունենաս հանրային աջակցություն նաև փողոցում»։

«Ընդհանուր առմամբ, Լևոն Տեր-Պետրոսյանն իր ամպլուայի մեջ է․ պայքարի վրա մեսիջներ է ուղարկում»,- եզրափակեց Վիգեն Հակոբյանը։

Տեսանյութեր

Լրահոս