Միացյալ Նահանգներն օրակարգ ունի Հարավային Կովկասում, ոչ այնքան առանձին Հայաստանի ու Ադրբեջանի հետ․ Լուկիանով

Օրերս Նիկոլ Փաշինյանն իր առաջին շփումն ունեցավ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի արտաքին քաղաքական թիմի ղեկավարի հետ։ Փորձագիտական և քաղաքագիտական հանրությունը մեծ ուշադրություն դարձրեց օրերս կայացած Նիկոլ Փաշինյան-ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն հեռախոսազրույցի, դրա մակարդակի, ինչպես նաև բովանդակության վրա։ Ոչ մի բաղադրիչով հեռախոսազրույցի փաստը գոհացուցիչ չէր։

Նախ նշենք, որ կողմերը չափազանց արարողակարգային հեռախոսազրույց են ունեցել՝ առանց խորությունների, դատելով պաշտոնական հաղորդագրություններից։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում հետպատերազմյան իրավիճակին, գերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձի հարցին, ընդգծվել ԵԱՀԿ ՄԽ դերակատարությունը, համագործակցությունը Հայաստանում օրենքի գերակայության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության համակարգի և ոստիկանության բարեփոխումների ուղղությամբ: Իսկ ավելի վաղ՝ փետրվարի 8-ին, ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ, որն իր բովանդակությամբ շատ ավելի հարուստ էր, քան Փաշինյան-Բլինքեն շփումը։

168am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ուշադրություն հրավիրեց ոչ այնքան այն հանգամանքի վրա, որ Փաշինյանը զրուցում է ոչ թե նախագահի կամ փոխնախագահի, այլ պետքարտուղարի հետ, գերտերությունների դեպքում դա որոշակիորեն համարելով օրինաչափ, քանի որ ավանդաբար ԱՄՆ նախագահը զբաղվում է ավելի գլոբալ խաղացողներով։

Նա նաև հիշեցրեց, որ պատերազմի օրերին ԱՄՆ նախկին պետքարտուղար Պոմպեոն զրուցում էր հակամարտող երկրների ղեկավարների հետ։ Ըստ նրա, սա գուցե այլ փուլ է տարածաշրջանի համար, և կարող էր լինել շատ ավելի բարձրաստիճան հեռախոսազրույց, սակայն, նրա համոզմամբ, ավելի կարևոր են բովանդակությունն ու քայլերը։

«Բացի այդ, ԱՄՆ Պետքարտուղարությունը մեծ կառույց է՝ տարածաշրջանային մասնագետներով և փոխպետքարտուղարներով, որոնք ավելի լավ են տիրապետում տարբեր տարածաշրջաններին։ Ակնհայտ է, որ նոր վարչակազմն այլ քաղաքականություն է սկսում վարել: ԱՄՆ-ի ներսում, ԵՄ-ում ևս ակնկալիքները նոր թիմից մեծ են, այդ թվում՝ հարավկովկասյան ուղղությամբ։ Սակայն ցանկանում եմ նշել, որ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներն անձամբ զբաղվում են գլոբալ խաղացողներով, մարտահրավերներով և թշնամիներով ու մշակում ռազմավարություն տարածաշրջանների ուղղությամբ։

Միանշանակ է, որ հարավկովկասյան տարածաշրջանով զբաղվում են ավելի ցածր պաշտոնյաները՝ դիվանագետները, և նրանք հիմնականում դիտարկում են Վրաստանն առանձին, որի հետ ունեն առանձին օրակարգ, իսկ հակամարտության գոտին, հակամարտող երկրներին դիտարկում են մեկ առանցքում, որի շրջանակում իրականացնում են իրենց քաղաքականությունը։

Գաղտնիք չէ նաև, որ այս տարածաշրջանը ներկայումս կարևոր է ԱՄՆ-ի համար՝ հաշվի առնելով Ռուսաստանի և Թուրքիայի դերակատարությունը, ու այդ երկրների հետ աշխատանքը, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ շրջանակում, ընթանալու է և, ինչպես տեսնում ենք, այն դեռ ապարդյուն է, քանի որ բանակցային ձևաչափը չի վերականգնվում, ավելին, ի հայտ են գալիս նորանոր խնդիրներ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շուրջ, որը միջնորդների աշխատանքն էապես բարդացնում է»,- ասաց Լուկիանովը։

Ըստ նրա, պետք է հասկանալ, թե ինչ մեծության խնդիր է Միացյալ Նահանգների համար Ղարաբաղյան հակամարտությունը կամ Հայաստանի հետ հարաբերությունները, դրանք պետք է ոչ թերագնահատել, ոչ էլ գերագնահատել։

Ավելին, Լուկիանովն ասաց, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը ցույց տվեց, թե որ երկրների ազդեցության գոտում է գտնվում տարածաշրջանը, ում անմիջական շահերին է առնչվում։

«Ինչ կարողացավ անել պատերազմի ընթացքում,, օրինակ, ԱՄՆ-ը, թեև ընտրություններ էին։ Եթե չլինեին ընտրություններ, ի՞նչ էր պետք սպասել։ Ես անձամբ գտնում եմ, որ այդ աշխարհակարգը, որում ԱՄՆ-ը որոշում է ամեն ինչ, ազդեցություն ունի բոլոր հարցերում և ձգտում է նման ազդեցության, գոյություն չունի, և դրա փոխարեն՝ գոյություն ունեն տարածաշրջանային տերություններ, որոնք ավելի մեծ ազդեցության են ձգտում և հաջողում։

Թե ինչպիսի տեսք կունենա այս ամենն ապագայում, կդժվարանամ ասել։ Սակայն Բայդենի հարավկովկասյան ուղղությունը տարբերվում է Թրամփի իզոլյացված քաղաքականությունից, ներկայիս քաղաքականությունը ձգտելու է Թուրքիայի նկատմամբ ավելի մեծ ազդեցության և Ռուսաստանի նկատմամբ ավելի շատ ճնշումների, ռուսական ազդեցության գոտիներում նրան ճնշելու միջոցով, որը թույլ է տալիս ենթադրել, որ ԱՄՆ-ը որոշակի նախաձեռնություններ կունենա, կաջակցի Հայաստանին։

Սակայն դա կլինի ամերիկյան օրակարգը տարածաշրջանում, իսկ հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգը պետք է ձևավորի և այդ ուղղությամբ աշխատի Երևանը»,- ասաց Լուկիանովը՝ հավելելով, որ արտաքին քաղաքականությունն ընկճող նշանակություն ունեն նաև ներքաղաքական ցնցումները։

«Աշխարհում հետևում են, թե ինչպես է ավարտվելու իշխանություն-ընդդիմություն առճակատումը և ինչ իրավիճակ է ձևավորվելու երկրում»,- ասաց Լուկիանովը։

Տեսանյութեր

Լրահոս