«Նազելի Բաղդասարյանը եթե ասում է, ուրեմն հիմքեր ունի նման բան ասելու». Արման Եղոյան

ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը չգիտի, թե ինչու է ՀՀ կառավարությունը որոշում  կայացրել դադարեցնել UNICEF ներկայացուցիչ Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը:

Մարտի 9-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա նաև նշեց՝ չի հանդիպել Քլարկ-Հաթթինգի հետ: Անդրադառնալով վերջինիս հեռանալու շուրջ տարածավող վարկածներից լրտեսության վարկածին՝ պատգամավորը նշեց. «Դա էնքան ծանր մեղադրանք է, որ ես հիմա առանց պատկան մարմինների հաստատման՝ չեմ կարող նման ենթադրություններ անել: Դա կոռեկտ չի լինի:

Դա պատկան մարմինները պետք է ասեն՝ կախված նրանից, թե ինչ է տեղի ունեցել՝ անգործություն է, թե այլ բան է. ասում եմ էլի, էդ հարցի հասցեատերը ես չեմ»:

Լրագրողի դիտարկմանը, թե կարծում է՝ իրավապահ մարմինները, ուժային կառույցները պետք է զբաղվե՞ն հարցով, Արման Եղոյանն արձագանքեց. «Կախված նրանից՝ ինչ է տեղի ունեցել. մի քանի ինֆորմացիա դուրս եկավ՝ մեկը, ոնց որ թե տելեգրամ կանալներից մեկն էր, չէ՞, գրել ՝ ընդհուպ էնտեղ ոնց որ թե խոսքը լրտեսության մասին էր, եթե նման բան կա, դա լրիվ այլ թեմա է, եթե անգործություն է, դա լրիվ այլ թեմա է: Մեղադրանք էլ կա, մեղադրանք էլ. պետք է հասկանալ՝ որ մեղադրանքն է այնտեղ»:

Պատգամավորը շեշտեց՝  հարցն անվտանգային համակարգի հարց է. իշխանության ներկայացուցիչները չեն որոշում, ապա հորդորեց հետևել իրադարձությունների զարգացմանը:

Նշենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը լրտեսություն է արել հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի։ ՀՀ ԱԳՆ-ից անդրադառնալով ՀՀ-ում UNICEF ներկայացուցչի պաշտոնավարման դադարեցմանը՝ ասել են, որ հայկական կողմի համար խնդրահարույց է եղել ՀՀ-ում UNICEF ներկայացուցչի՝ իր մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատելաոճը:

Լրագրողների հարցերին ի պատասխան անդրադառնալով իր գործընկերոջ՝ Նազելի Բաղդասարյանի հայտարարությանը, թե «որոշակի գործընթացներ կային, և մենք դեռ նախորդ շաբաթ սպասում էինք մեր հայրենակիցների վերադարձին, բայց նաև, թույլ տվեք ասել, որոշակիորեն ներքաղաքական զարգացումները դրանց խոչընդոտեցին», Արման Եղոյանը նկատեց. «Եթե հայտարարել է, ուրեմն հայտարարել է: Նազելի Բաղդասարյանը եթե ասում է, ուրեմն հիմքեր ունի նման բան ասելու,  և ես կխնդրեմ դադարեցնել էդ շահարկումները մամուլում, և այլն»:

Դիտարկմանը, թե  4-5 ամիս քաղաքական խնդիրնե՞րն են խանգարում, որ գերիները վերադարձվեն, նա հակադարձեց. «Դուք գիտե՞ք 94 թվականի զինադադարից հետո երբ են առաջին գերիները վերադարձել: 95-ի գարնանը»:

Հարցին՝ արդյո՞ք այդ գերիների չվերադարձնելու պատճառը Ալիևի հայտարարությունը չէ, որ նրանք այլևս գերիներ չունեն, իշխանական պատգամավորը պատասխանեց. «Էդ հայտարարությունից հետո այդ խմբից 10 հոգի հետ է եկել: Ալիևը նախկինում էլ է նման բան ասել, և  նման բան ասելուց հետո 10 հոգի հետ է եկել հայտնի Շիրակի խմբից»:

Արման Եղոյանի համոզմամբ՝ «ինչքան ավելի քիչ ներքաղաքական պրոբլեմներ, էնքան ավելի բարենպաստ միջավայր արտաքին քաղաքական պրոբլմները լուծելու համար», իսկ թե ներքաղաքական պրոբլեմներն ի՞նչ կապ ունեն  իրենց պարտավորությունը չկատարելու հետ՝ հարցին ի պատասխան՝ ասաց. «Դուք չգիտե՞ք՝ Ադրբեջանն ինչ տեսակի պետություն է. կարո՞ղ է եվրոպական կամ Եվրամիության անդամ-երկրի մասին ենք խոսում, որ դուք ասում եք՝ իր պարտականությունները.  հենց էդպես՝ կարող է և չկատարի, էդպիսի պետություն է Ադրբեջանը, որ շատ հանգիստ կարող է ոտնահարել միջազգային մարդասիրական իրավունքը, եթե դրա համար քաղաքական նախապայմաններ է տեսնում:

Մեզ համար մեր արտաքին քաղաքական բանակցային սեղանին ավելի նպաստավոր ո՞նց է, որ Բաքվում պրոբլեմներ կա՞ն, թե՞ որ պրոբլեմներ չկան: Հիմա ցանկացած իրենց համար ներքաղաքական անկայունություն մեզ օգո՞ւտ է, թե՞ վնաս: Մեզ օգուտ է:  Մեր մոտի անկայունությունն էլ իրենց է օգուտ: Չեմ ասում, որ քաղաքական գործընթաց չպիտի լինի ընդհանրապես, բայց հնարավորինս ոսկի միջինը գտնելով՝ որ ոչ էնտեղ վնասի, ոչ էստեղ քաղաքական դաշտը ամայացնի»:

Հարցին էլ, թե Ալիևը գերիների հարցը փորձում է պահել՝ Հայաստանից այլ զիջումներ կորզելու համար, նա պատասխանեց. «Գերիների հարցով այլ զիջումներ հնարավոր չէ կորզել»:

Լրագրողները նշեցին, թե Տավուշի մասին քննարկումներ կան, իմքայլական պատգամավորն արձագանքեց, որ Տավուշի թեման քննարկում է Հրանտ Բագրատյանը. «Ես էս աղմուկը անկեղծորեն չեմ հասկանում: Հանրությանը դուք սթրեսի եք ենթարկում»:

«Սյունիքի դեպքում էլ էիք հերքում»՝  լրագրողի նկատառմանն  էլ պատասխանեց. «Սյունիքի դեպքում վարչապետն է դեռ նոյեմբերին  ասել, որ էնտեղ պետք է կատարվի սահմանազատում. կներեք էլի,  ինչի՞ եք սուտ ասում»:

 

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս