Գերիների վերադարձի մասին ավելի աբսուրդային հայտարարություն, հավատացեք, աշխարհում չեմ լսել. Լարիսա Ալավերդյան
Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրը ՀՀ առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ կամայական բռնության» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը 168.am-ի հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանում պահվող կին գերիների ճակատագրին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի տեղեկություններով՝ առնվազն 4 կին գերի կա ադրբեջանական կողմում: Նկատենք՝ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով՝ երեխաները և կանայք գտնվում են հատուկ հոգածության ներքո:
Ինչո՞ւ միջազգային հանրությունը, որը հաճախ է բարձրաձայնում ու դատապարտում կանանց ու երեխաների իրավունքների ոտնահարումների մասին, մեր գերիների առնչությամբ ոչ համարժեք է արձագանքում՝ հետաքրքրվեցինք Լարիսա Ալավերդյանից: Նա, մասնավորապես, նշեց.
«Ես չեմ կարծում, որ պետության կողմից արվում է ամեն ինչ, որովհետև միջազգային հանրությունը միշտ արձագանքում է գերակտիվ գործունեությանը. այն դեպքում, եթե պետությունը չի գործում, մենք պետք է որևէ սպասելիք չունենանք, որ ինքնուրույն ինչ-որ բան տեղի կունենա»:
«Ընդդեմ կամայական բռնության» հ/կ նախագահն ասաց, որ իր ղեկավարած կազմակերպությունը, որը 10 տարի գործում էր առանց Հայաստանում գերիների հանձնաժողովի ներկայության, ավելի ակտիվ էր գործում, քան հիմա, երբ կա պետական հանձնաժողով:
«Մեկը՝ լռելյայն ցրեցին, մյուսը՝ լռելյայն կազմակերպեցին. ո՞ւր է այդ հանձնաժողովի աշխատանքը: Ես ապշած եմ ուղղակի,- նկատեց իրավապաշտպանը և հավելեց, որ միջազգային ասպարեզում առավել կարևոր է պատգամավորների գործունեությունը: Նման հարցերը պետք է բարձրացվեն տարբեր վեհաժողովներում, պետք է դարձվի քաղաքական օրակարգի խնդիր, հասցվի Ադրբեջանի դատապարտող որոշումների, անգամ՝ սանկցիաների: -Այն, որ Եվրոպայի խորհրդի վեհաժողովն այդպես արագ Ռուսաստանի դեմ սանկցիաներ է իրականացնում մեկ Նավալնու համար, որի ո՛չ կյանքին, ո՛չ առողջությանը վտանգ չի սպառնում, այստեղ աշխարհաքաղաքական իրենց շահերն են խոսում. կամ երկիրը պետք է գերակտիվ լինի, ուրիշ ճանապարհ չկա»,- ասաց նա:
Քանի որ Լարիսա Ալավերդյանը գերիների վերադարձի հարցում կարևորեց մեր պատգամավորների ու պատգամավորական խմբերի դերը, նրան խնդրեցինք գնահատել իշխանական պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նազելի Բաղդասարյանի կողմից հարցազրույցներից մեկում գերիների վերադարձի առնչությամբ արված հետևյալ արտահայտությունը. «Որոշակի գործընթացներ կային, և մենք դեռ նախորդ շաբաթ սպասում էինք մեր հայրենակիցների վերադարձին, բայց նաև, թույլ տվեք ասել, որոշակիորեն ներքաղաքական զարգացումները դրանց խոչընդոտեցին»:
Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն արձագանքեց.
«Ես չգիտեմ՝ Նազելի Բաղդասարյանը քաղաքական ի՞նչ փորձառություն ունի, ի՞նչ ինքնակենսագրություն ունի, բայց ավելի աբսուրդային հայտարարություն, քան այդպիսինն է՝ գերիների վերադարձի մասին, ես, հավատացեք, իմ գործունեության 33 տարիների ընթացքում չեմ լսել և աշխարհում չեմ լսել այդպիսի բան: Ներքաղաքականը, եթե իրենց անհանգստացնում է, թող օր առաջ հրաժարվեն իրենց պաշտոններից, և վերջապես թողնեն Հայաստանը հանգիստ: Համոզված եմ՝ այն իշխանությունները, որոնք զրոյական, եթե ոչ՝ մինուսի հեղինակություն ունեն, եթե դրանք գնան, այդ բոլոր գործերն ավելի կարագանան: Իրենք չեն ուզում հասկանալ, որ իրենց ոչ միայն Հայաստանում չեն հարգում, իրենց չի հարգում այն կողմը, որի առջև իրենք այդպես մեջքները կռացած են, և ուզում են Հայաստանի մեջքը կռացնել»: