Ուսուցիչներին խելամիտ կառավարելու մասին
Նույնիսկ Երևանի դպրոցների տնօրենները հայտարարում են, որ դժվարությամբ են կարողանում նոր ուսուցիչներ գտնել։ Շատ ավելի դժվարացել է լավ ուսուցիչներ գտնելու գործը։ Նվազել է ուսուցիչ աշխատելու ցանկություն ունեցողների թիվը։ Հայաստանում բոլորը խոսում են ուսուցիչների կարևորության, մանկավարժական կրթության, վերապատրաստման համակարգի վերանայման մասին։ Բայց առ այսօր չունենք ուսուցիչների նկատմամբ տարվող համակարգված ու խելամիտ քաղաքականություն։
Առաջին ծանր հարվածը Հայաստանի ուսուցիչները ստացան 90-ական թվականների սկզբին, երբ ստիպված էին աշխատել 4-5 հազար դրամ աշխատավարձով։ Այդ տարիներին շատերը լքեցին դպրոցը (հատկապես՝ տղամարդ ուսուցիչները)։ Դպրոցները ստիպված էին աշխատանքի ընդունել ոչ մանկավարժական բուհերի շրջանավարտներին։ Ուսուցիչների նյութական վիճակը բարելավելու համար նրանց աշխատանքային պայմանները 2000-ականների սկզբին դժվարացվեցին։ Ուսուցչի դրույքը շաբաթական 18 ժամից դարձավ 22 ժամ, իսկ դասարաններում աշակերտների թույլատրելի խտությունը հասցվեց 35 աշակերտի։ Իրականացվեց ուսուցիչների կրճատում։ Այս փոփոխությունների արդյունքում ուսուցիչներն ավելի շատ ու ավելի մեծ դասարաններում սկսեցին աշխատել, որպեսզի աշխատավարձի զգալի բարձրացումը հնարավոր լիներ։ Ներդրվեց ըստ աշակերտի ֆինանսավորման համակարգը, որը դպրոցների միջև մրցակցություն էր սահմանում։ Շատ աշակերտներ ունեցող դպրոցները ստանում էին շատ գումար, և ուսուցիչներին կարողանում էին նորմալ վարձատրել։ Իսկ քիչ աշակերտներ ունեցող դպրոցներում ուսուցիչները զրկվեցին լրավճարներից (դասղեկի աշխատանք, տետրերի ստուգում, պարգևավճար)։ Սա որոշակի անհավասարություն առաջացրեց ուսուցիչների միջև։ Մեծ դպրոցում աշխատելը շատ ավելի ցանկալի դարձավ։
Բացի ֆինանսական խնդիրներից, դպրոցներում առաջացան բարոյահոգեբանական խնդիրներ։ Եթե խորհրդային տարիներին ուսուցիչները բավականին մեծ հեղինակություն ունեին, ապա անկախության տարիներին ամեն ուսուցիչ ինքը պետք է նվաճեր իր հեղինակությունը։ Իսկ դա շատ դժվար էր, քանի որ վայրի կապիտալիստական բարքերի պայմաններում ավելի բարձր ստատուս ձեռք բերեցին հարուստները։ Դպրոցների լավագույն շրջանավարտներին մանկավարժի մանկավարժությունն այլևս չէր հետաքրքրում, ինչը բացասաբար ազդեց մանկավարժների բնականոն սերնդափոխության վրա։
Այդ տարիներին կար հույս, որ եթե ուսուցիչները տիրապետեն ուսուցման նոր մեթոդներին, ապա կունենանք մեծ առաջընթաց։ Հայաստանում մտածում էին, որ եթե ուսուցիչներն օգտագործեն այն մեթոդները, որոնք օգտագործում են զարգացած երկրներում, ապա մեր կրթական համակարգն ու տնտեսական համակարգը կհավասարվեն զարգացած երկրների մակարդակին։ Պատահական չէ, որ հնչում էին «10 տարի հետո լավ է լինելու», «բոլոր ուսուցիչներին վերապատրաստելուց հետո կունենանք նոր կրթական համակարգ» և նմանատիպ հայտարարություններ։
Մեր սխալներից մեկը պարզունակ մտածողությունն է։ Մեզ թվում է, որ եթե բոլոր ուսուցիչներին վերապատրաստենք կամ նոր չափորոշիչներ գրենք կամ դասագրքերը փոխենք, ապա կունենանք լավ արդյունքներ։ Բայց կրթության համակարգն այդ տրամաբանությամբ չի փոխվում։ Կրթության ոլորտում շատ ավելի լավ է 100 բան օրական 1%-ով բարելավել, քան՝ 1 բան 100%-ով։ Բայց որպեսզի նման բան հնարավոր լինի անել, մեզ պետք է համակարգային մտածողություն ունեցող մարդկանց թիմ։
2009-2010 թվականներին արդեն պարզ դարձավ, որ փոփոխությունների առաջին մեծ ալիքն իր նպատակին չի ծառայել։ Ուսուցման նոր մեթոդների ներդրումը չփրկեց մեր դպրոցներին։
Կրթության զարգացման 2011-2015թթ. պետական ծրագրով սկսվեց փոփոխությունների նոր ալիք, որն ուներ նեոլիբերալ բնույթ։ Պետական ծրագրի հիմքում դրվեց գերազանցության կենտրոններ ստեղծելու գաղափարը, ներդրվեցին դպրոցների ռեյտինգավորման, ներքին և արտաքին գնահատման համակարգերը։ Նեոլիբերալ մոտեցման խնդիրն այն է, որ դպրոցներին և ուսուցիչներին առաջարկում են մրցակցել, որպեսզի դրա հիման վրա ընտրվեն լավագույնները։ Իսկ լավագույններին խոստացվում է բարձր աշխատավարձ և այլ խրախուսանքներ։ Առաջին հայացքից այս մոտեցումը շատ արդար է։
Կան ուսուցիչներ, որոնք անընդհատ սովորում են, գրքեր են կարդում, վերապատրաստվում են, նորամուծություններ են անում։ Բայց կան ուսուցիչներ էլ, որոնք իրենց հատկացված դասաժամերը պարապելուց դուրս ոչ մի լրացուցիչ բան չեն անում։ Ինչո՞ւ պետք է այս 2 ուսուցիչները հավասարաչափ վճարվեն։ Մինչև Հայաստանը այդպես են մտածել աշխարհի շատ երկրներում։ Փորձը ցույց է տվել, որ տարբերակված վճարումը արդարացի վերաբերմունք է անհատ ուսուցիչների նկատմամբ, բայց չի բերում համակարգային զարգացման։ Բանն այն է, որ համակարգն ուժեղ է այնքանով, որքանով ուժեղ է այդ համակարգի թույլ օղակը։ Այսինքն՝ եթե մենք բարձր ենք վճարում լավագույն ուսուցիչներին, իսկ վատ աշխատողները մնում են համակարգում, ապա մեր կրթական համակարգի նշաձողը որոշվում է վատ աշխատողների մակարդակով։ Վատ աշխատող ուսուցիչը կրթական համակարգում «գդալով թույնի» էֆեկտ ունի։ Եթե դու մեկ դույլ ջրի մեջ լցնում ես մեկ գդալ թույն, ապա դու ստանում ես մեկ դույլ թույն։
Այսօր էլ ԿԳՄՍՆ-ն փորձում է խրախուսել լավագույն ուսուցիչներին։ Դա լավ է, հաճելի է, տեսանելի է, հեշտ է։ Շատ ավելի դժվար և խիզախություն պահանջող քայլ է թույլ ուսուցիչների մակարդակը բարձրացնելը, նրանց հետ աշխատելը, մոտիվացնելը։ Եթե դա չարվի, ապա միայն լավագույններին խրախուսելով՝ մի փոքր բարձրացնելու ենք նրանց եկամուտների չափը, և վերջ։