Երբ պետք է՝ ժողովուրդը «հպարտ» է, երբ պետք չէ՝ «ձրի… ուտող»
Արցախյան վերջին պատերազմը ջրի երես հանեց այնպիսի երևույթներ ու պատկերացումներ, որոնց մասին մենք, թերևս, գլխի չէինք ընկնի, եթե չլիներ պատերազմի խայտառակ ելքը: Հասարակությունը հիմա առավել ուշադիր ու զգայուն է դարձել ցանկացած խոսքի ու գործողության նկատմամբ, հատկապես, եթե դա ասվում կամ արվում է հեղափոխական իշխանության ներկայացուցիչների կողմից:
Երեկ ֆեյսբուքյան հայկական տիրույթի օգտատերերից մեկն այս առնչությամբ մասնավորապես գրել էր.
«Մենք կյանքում կմտածեի՞նք, որ կան հայեր, ովքեր կասկածի տակ կդնեն Շուշիի հայկական լինելը, որ ադրբեջանցուց ավելի ջանասիրաբար կփորձեին ապացուցել բերդաքաղաքի «ադրբեջանական ծագումը»: Չէինք մտածի, բայց Նիկոլն եկավ ու ապացուցեց, որ կան սովորական «հայեր», ովքեր կուրորեն պատրաստ են կրկնել իր պրոադրբեջանական թեզերը ու տեսախցիկների առջև հայերենով կռիվ անել, որ Շուշին ադրբեջանական ա: Նիկոլ-Աննա զույգը եկավ մեզ ապացուցելու, որ էսքան տարի մենք կեղծ բարեպաշտության մեջ ենք ապրել, կարծելով, թե ազգովի իդեալական ենք»: Այս պատերազմից հետո, թերևս, գրեթե բոլորիս մեծագույն հիասթափությունն այն եղավ, որ ի զարմանս մեզ, մենք, փաստորեն, հաշտ եղանք «Արցախը թղթով հանձնելու» իրողության հետ, այնինչ տասնամյակներ շարունակ ապրել էինք՝ համոզված, որ «հող հանձնողին կհանձնենք հողին»:
Բանից պարզվում է, սակայն, որ դա այդպես չէ, և, օրինակ, Ազգային ժողովի «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Հայկ Գևորգյանը հանգիստ կարող են ասել, որ «Գորիս-Կապան ճանապարհի մի քանի կիլոմետրն անցնում է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքով», ու նորմալ, հանգիստ քայլել այս քաղաքով, ու երևի նրանց գրեթե ոչ ոք փողոցում չի հարցնի՝ «բա մինչ այժմ տարածքային նկրտումներ Ադրբեջանն ինչո՞ւ չէր ներկայացնում, ինչո՞ւ 30 տարի իր ճանապարհը չէր ուզում վերադարձնել», կամ «դու հա՞յ ես, այս ինչե՞ր ես դուրս տալիս…»:
Եվ ոչինչ, որ յուրաքանչյուր նման բարբաջանքից հետո նրանք դառնում են ադրբեջանական լրատվամիջոցների աստղերը. կարևորը՝ պրոադրբեջանական թեզերը տարածվում են:
Եվ երբ, օրինակ, իմքայլական Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ասում է, որ Հրանտ Բագրատյանը շատ վտանգավոր հարցազրույցներ է տալիս, որը վաղը կարող է օգտագործվել մեր երկրի դեմ, նրան մնում է խորհուրդ տալ լսել իր թիմակիցների «փայլուն» մտքերը:
Այս ամենը կարող էր և չլինել, եթե ժամանակին ժողովուրդը տեսներ՝ ում է բերում իշխանության, սակայն տասնամյակներ շարունակ գեներացված ատելությունը պետություն կերտած ու պետության ղեկին կանգնած անձի ու անձանց նկատմամբ՝ թույլ չտվեց մարդկանց գործի դնել իրենց՝ կենսական կարևորագույն նշանակություն ունեցող իրենց օրգանը: Հիմա են շատերը հասկանում, որ տարիներ շարունակ հատուկ տեխնոլոգիաներ են կիրառվել՝ գեներացնելով ատելություն իշխանությունների նկատմամբ: Ասվածը չի նշանակում, որ նախկին բոլոր իշխանություններն անթերի հրեշտակներ են եղել, սակայն այսօր արդեն ակնհայտ է, որ այդ ատելությունը տարիներ շարունակ ներարկվել, գեներացվել է այսօրվա համար: Նպատակը Արցախն էր, Սյունիքի մի հատվածը:
Հակառակ դեպքում մակերեսային մոնիտորինգը, օրինակ, թույլ կտար տեսնել, որ իշխանության են բերում մեկին, ով կարող է սեփական ժողովրդի մասին արտահայտվելիս ամենալկտի բառապաշարն օգտագործել:
Սա ՀՀ հեղափոխական փոխվարչապետն է ժողովրդի մասին ժամանակին գրել՝ 2014 թվականին: Ցավոք, վստահ ենք, որ շատերը, ովքեր 2014թ. ապրիլյոթյան այս միջոցառմանը ներկա են եղել, հետագայում՝ 2018-ին, ձայն են տվել Փաշինյանի հեղափոխությանը, նրա կառավարությանը, այդ թվում՝ տողերի հեղինակ Ավինյանին:
Իսկ 2018-ին՝ այս հրապարակումից ուղիղ 4 տարի անց, Հանրապետության հրապարակում կոկորդ պատռելով, այս մարդն ու մարդիկ հավատացնում էին ժողովրդին, որ սիրում են, հպարտանում են, ավելին՝ խոնարհվում են ժողովրդի առաջ:
Եվ այս մարդը՝ Ավինյանը, այսօր բոլորիս հավատացնում է, որ Սյունիքում անվտանգ է, այնինչ Սյունիքում ադրբեջանցիները 1 կմ-ից էլ պակաս հեռավորությունից փոքր ու մեծ տրամաչափի զինատեսակներից կրակում են Սյունիքի հայկական դիրքերի ուղղությամբ:
Այս մասին այսօր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էր տեսանյութ հրապարակել:
Այս տեսանյութը սառը ցնցուղ պետք է լինի հատկապես այն ժամկետային զինծառայողների ծնողների վրա, ովքեր ցույցեր էին անում, որ իրենց երեխաները հետ չգնան Արցախ՝ ծառայելու, պահանջում էին, որ իրենց երեխաները ՀՀ սահմաններում ծառայեն: Այսուհետ այսպիսին են լինելու ՀՀ սահմանները:
Այս իրականությունը հայ ժողովրդի համար Տիգրան Ավինյանը, նրա ղեկավարն ու իրենց թիմն են ապահովել, և ընտրությունը կրկին հայ ժողովրդինն է՝ ընդունե՞լ այն, թե՞ ամեն դեպքում՝ մերժել: