Գորիս-Կապան ճանապարհահատվածի մի քանի կիլոմետրն անցնում է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս՝ Ադրբեջանի տարածքով. Հայկ Գևորգյան
«Այդպիսի փաստաթուղթ, հենց հիմա եկեք գնանք իմ աշխատասենյակ, ցանկացած բովանդակությամբ նման փաստաթուղթ կազմենք: Այսինքն՝ A4 ֆորմատի թղթի վրա համակարգիչով հավաքված տեքստ է, որի մեջ ինչ ասես՝ գրում են, որն ընդունում են հարյուր տոկոսանոց ճշմարտություն: Այդ մասին խորհրդարանում պարոն Ավինյանը հայտարարեց, որ նման բան չկա, ինքը տեղյակ չէ»,- այս մասին ԱԺ խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով ընդդիմության տարբեր ներկայացուցիչների կողմից տարածված փաստաթղթին, որը վերաբերում է Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքին, որն ըստ փաստաթղթի՝ հանձնվելու է թշնամուն:
Խոսելով Սյունիքում ճանապարհների մասին, իմքայլական պատգամավոր Հայկ Գևորգյանը նշեց, որ Գորիս-Կապան ճանապարհահատվածի մի քանի կիլոմետրն անցնում է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս՝ Ադրբեջանի տարածքով:
«Այդ ճանապարհը ոչ մի վայրկյան չի փակվել, այնպես չէ, որ դա ինչ-որ համաձայնագրերով պետք է լինի, դա պայմանավորվածությունների արդյունք է, որ այդ ճանապարհը պետք է գործի և գործում է»,- ասաց Հ. Գևորգյանը:
168.am–ը Հայկ Գևորգյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է պատկերացնում Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև առևտուրը, որի մասին խոսել են ՀՀ տարբեր պաշտոնյաներ, և առասարակ ադրբեջանական և թուրքական շուկաների ներկայությունը Հայաստանում ինչպիսի՞ վնաս կհասցնի հայկական շուկային, արդյո՞ք բոլոր վտանգները հաշվի են առել:
«Մեղմ ասած, այդ հարցը, այսպես ասած՝ շատ է մանիպուլյացվում, այսօր էլ Հայաստանի և Թուրքիայի միջև առևտուր կա, այստեղ գտնվողների հագուստների մեծ մասն արտադրվել է Թուրքիայում, ինչպե՞ս է այն հայտնվել Հայաստանում: Ինչ վերաբերում է՝ պաշտոնապես ճանապարհները բացելու դեպքում ի՞նչ կարող է լինել: Նախ, Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և Հայաստանի սահմանները ԵԱՏՄ սահմաններն են, այսինքն՝ Հայաստանի սահմանը հատելիս՝ ոչ ԵԱՏՄ ապրանքը, այսինքն՝ թուրքական արտադրության ապրանքը, պետք է հանդիպի ԵԱՏՄ խոչընդոտներին, մաքսային սահմանափակումներին: Այսինքն՝ սահմանի բաց կամ փակ լինելն այդ ապրանքների վրա ազդում է այնքանով, որքանով որ դա ԵԱՏՄ-ի՞ ապրանք է, թե՞ ոչ»,- շեշտեց Հայկ Գևորգյանը:
Անդրադառնալով այս հարցին՝ Սիսակ Գաբրիելյանը նկատեց, որ այն բանակցությունները, որոնք այսօր ընթանում են, Թուրքիայի և Ադրեջանի հետ առևտրաշրջանառության մասին չեն:
«Ինչպես նշված է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, ճանապարհները զուտ ապահովելու են Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապը: Այսինքն՝ խոսքը զուտ տարանցիկ ճանապարհների մասին է, այլ ոչ թե՝ առևտրաշրջանառության, դրանց մասին պաշտոնական քննարկում չկա: Գուցե պաշտոնյաները խոսում են դրա հնարավորության կամ հարաբերությունների մասին, բայց այն կոնտեքստում, որը քննարկվում է վարչապետների մակարդակով, խոսքը չի գնում երկու երկրների կամ եռակողմ առևտրաշրջանառության մասին: Ինքս անձամբ չեմ պատկերացնում, թե ինչպես, օրինակ, Թուրքիայի ու Ադրբեջանի, հատկապես՝ վերջին երկրի հետ այս պահին ունենանք առևտրաշրջանառություն»,- եզրափակեց պատգամավորը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում