«Պաշտպանության նախարարը և վարչապետն Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների և ուժային կառույցների ղեկավարների հետ ՊԲ կազմալուծման հարց չեն քննարկել». ՊՆ
Փետրվարի 3-ին 168.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին՝ խնդրելով պատասխանել հետևյալ հարցերին։
1. 30 տարի Հայաստանը բանակ ունեցե՞լ է, թե՞ ոչ, քանի որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը փետրվարին 2-ին լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Հայաստանը 30 տարի բանակ չի ունեցել, ավելին՝ ասել էր, որ Հայաստանի բանակը մարտունակ չի եղել։
Ի դեպ, նման բան ասել է ոչ միայն տիկին Բեղլոյանը, այլև իշխանության որոշ ներկայացուցիչներ։
2. Տեղեկատվություն է շրջանառվում այն մասին, որ ՀՀ Պաշտպանության նախարարը և Նիկոլ Փաշինյանը տվել են իրենց համաձայնությունը՝ Արցախի Պաշտպանության բանակը կազմալուծելու վերաբերյալ։ Այս տեղեկատվությունը որքանո՞վ է համապատասխանում իրականությանը։
ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հարցերին տված պատասխանները ներկայացնում ենք ամբողջությամբ։
«Պաշտպանության բանակի վերաբերյալ հարցմանն ի պատասխան տեղեկացնում ենք, որ ՀՀ պաշտպանության նախարարը և վարչապետը Արցախի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների և ուժային կառույցների ղեկավարների հետ ՊԲ կազմալուծման հարց չեն քննարկել։
Պաշտպանության բանակի կազմալուծման մասին լուրերը հերքել է նաև Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, որի վերաբերյալ մամուլում առկա են պաշտոնական հաղորդագրություն։
Ինչ վերաբերում է Ազգային ժողովի պատգամավոր Անուշ Բեղլոյանի և իշխանության որոշ պաշտոնյաների հայտարարություններին, ապա դրանց վերաբերյալ մեկնաբանություն կատարելը գտնում ենք աննպատակահարմար»։