«Պարտությունը հիմա էլ շարունակվում է, մենք ամեն օր ենք պարտվում և ամեն օր նորանոր բաներ ենք կորցնում». Արմեն Բաղդասարյան

Փետրվարի 7-ին «Իմ քայլը» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց, թե հասարակության լայն շերտերի շրջանում արտահերթ ընտրությունների պահանջ չկա, և «Իմ քայլը» շարունակում է աջակցել Նիկոլ Փաշինյանին:

Այս ամենին զուգահեռ՝ Հայրենիքի փրկության շարժումը կրկին դուրս է գալիս փողոցային պայքարի, նախաձեռնում հանրահավաքներ:

Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանի դիտարկմամբ՝ արտահերթ ընտրությունների գաղափարից հրաժարվելու որոշումն «Իմ քայլի» կողմից սխալ քայլ էր, բայց չի բացառում, որ իշխող ուժը կարող է որոշ ժամանակ անց կրկին իր օրակարգում դնել արտահերթ ընտրությունների անցկացման հարցը:

««Իմ քայլը» դաշինքը ճիշտ չի՛ ասում: Արտահերթ ընտրությունների հանրային պահանջ կա և շատ մեծ պահանջ կա: Սխալ է վարվում «Իմ քայլը» դաշինքը, որովհետև արտահերթ ընտրություններից հրաժարվելով՝ նրանք գործընթացը կարող են տանել անկանխատեսելի զարգացումների և ցնցումների: Նրանց միակ ճիշտ քայլը կլիներ, այնուամենայնիվ, արտահերթ ընտրություններ անցկացնելը: Եվ ես վստահ եմ, որ եթե փողոցային պայքարը մի քիչ ավելի ակտիվանա, իշխանությունները, այնուամենայնիվ, կփոխեն իրենց դիրքորոշումը և կգնան արտահերթ ընտրությունների»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Բաղդասարյանը:

Ըստ վերլուծաբանի՝ խորհրդարանական իշխող խմբակցությունն ու առհասարակ իշխանությունն ի սկզբանե մտադիր չէր գնալ արտահերթ ընտրությունների: Պարզապես ելնելով այդ պահին առկա ներքաղաքական լարված իրավիճակից՝ հայտարարեցին արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին՝ այդ կերպ փորձելով թուլացնել լարվածությունը:

«Դա նրանց ինչ-որ իմաստով հաջողվեց: Այսինքն՝ իրենք այսրոպեական խնդիր էին լուծում: Եվ հիմա, երբ իրավիճակը, ներքաղաքական լարվածությունը համեմատաբար հանդարտվեց, նրանք որոշեցին, որ՝ «էլ ինչի՞ պիտի գնանք արտահերթ ընտրությունների»: Ես վստահ եմ, որ նրանք՝ իշխանությունները, երբեք ինքնակամ չեն հեռանալու և ցանկացած գնով փորձելու են պահել իշխանությունը: Կստացվի՞, թե՞ ոչ, այլ հարց է»,- նշեց Արմեն Բաղդասարյանը:

Խոսելով Հայրենիքի փրկության շարժման գործունեության մասին՝ մեր զրուցակիցը նշեց, թե այն իր մեջ որոշակի տրամաբանություն ունի, սակայն պետք է ներկայացվեն կոնկրետ ծրագրեր, քայլերի հստակ հաջորդականություն․

«Ընդդիմության գործունեությունն ընդհանուր առմամբ իր մեջ տրամաբանություն ունի, նախ՝ որովհետև իրավիճակ է փոխվել, այսինքն՝ իշխանությունները հայտարարել են, որ հրաժարվում են արտահերթ ընտրությունից: Եվ ճիշտ են անում, որ ակտիվանում են․ ուղղակի ինչո՞ւ շատ մարդաշատ չեն հանրահավաքները, որովհետև կոնկրետ հստակ ծրագրեր չեն ներկայացնում, «Նիկոլ, հեռացի՛ր»-ն ընդամենը կարգախոս է, դա ծրագիր չէ: Եթե ընդդիմությունն այս իրավիճակից երկիրը դուրս բերելու ինչ-որ կոնկրետ ծրագիր ներկայացնի, կարծում եմ՝ շատ ավելի հաջող կլինի պայքարը»,- ասաց Արմեն Բաղդասարյանը:

Հարցին, թե հրաժարականի պահանջը, ժամանակավոր կառավարության ձևավորումն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն իրենցից ծրագրեր չե՞ն ենթադրում, նա արձագանքեց.

«Ոչ, դա իշխանափոխություն իրականացնելու ձևն է: Պետք է ասեն, թե դրանից հետո ինչ են պատրաստվում անել, որովհետև նրանք խոսում են իշխանափոխություն իրականացնելու ձևի մասին, բայց նպատակի մասին կարծես թե հստակ ծրագիր չկա»:

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը երեկ իր հարցազրույցում հայտարարել էր, որ՝ «Մենք հիմա կորցնելու բան չունենք», «հիմա պետությունն իր ամենացածրագույն կետում է գտնվում»:

Արմեն Բաղդասարյանի խոսքով՝ վիճակն իսկապես վատ է, բայց մենք էլի շատ բան կարող ենք կորցնել:

«Իսկապես վիճակը շատ վատ է, բայց Վազգեն Մանուկյանն այդ հարցում սխալվում է, որովհետև մենք էլի կարող ենք շատ բաներ կորցնել: Ավելին՝ պատերազմում այս պարտությունը նոյեմբերի 10-ին չի ավարտվել: Պարտությունը հիմա էլ շարունակվում է, մենք ամեն օր ենք պարտվում և ամեն օր նորանոր բաներ ենք կորցնում: Վտանգ կա, որ էլի կկորցնենք: Այսինքն՝ այնպես չէ, որ պատերազմն ավարտվեց, հիմա կայունության փուլ է: Ոչ, պարտությունը շարունակվում է և շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ մենք երկիրը այս վիճակից դուրս բերելու կոնկրետ ծրագիր, հայեցակարգ և կարող ուժեր չունենք  իշխանությունում»,- նշեց նա՝ հավելելով, որ, եթե այս անգամ Հայրենիքի փրկության շարժումը հանրությանը ներկայացնի կոնկրետ ծրագրեր, թե ինչ թիմով է պատրաստվում իրականացնել ներկայացված ծրագրերը, ապա «շատ լուրջ հանրահավաքային շարժում կարող է սկսվել»:

Ըստ վերլուծաբանի՝ այժմ հանրության մեջ կա խորը ապատիա, կան արտագաղթի տրամադրություններ, որովհետև մարդիկ չեն տեսնում, թե որ ուժը և ինչ ճանապարհով պիտի երկիրը դուրս բերի առկա ծանրագույն վիճակից:

Արմեն Բաղդասարյանը վստահ է՝ հանրությունն այսօր պատրաստ է խորհրդարանական ընտրությունների:

«Հայաստանը այսօր փաստացի իշխանություն չունի: Մինչդեռ Հայաստանի առջև այնպիսի վիթխարի պրոբլեմներ կան, որոնք գոնե մասամբ լուծել ի վիճակի է միայն գործունակ, գործուն և հանրության վստահությունը վայելող իշխանությունը: Իսկ հասարակության բացարձակ մեծամասնությունը, ես վստահ եմ, այս իշխանությունների հետ որևէ հույս չի կապում: Եվ այս իրավիճակում գտնվող երկիրը չի կարող չունենալ իշխանություն: Իսկ մենք տեսնում ենք, որ չկա իշխանություն: Պարզապես կա մարդկանց ինչ-որ խումբ, որոնք իրենք իրենց ուսապարկեր են անվանում, այդ մարդիկ ուղղակի զբաղեցրել են իշխանությունների տեղը․ ո՛չ իրենք են ղեկավարում, ո՛չ էլ թույլ են տալիս, որ նորմալ իշխանություն ձևավորվի:

Այս իշխանությունները միայն մի խնդիր են լուծում՝ հնարավորինս երկար, թեկուզ մի քանի օր, մի քանի շաբաթ երկարաձգեն իրենց իշխանությունը: Այսպես երկիր զարգանալ չի կարող, առավել ևս՝ ինչ-որ խնդիրներ լուծել չի կարող»:

Հարցին, թե այսօր, երբ հանրության մեջ դեռևս կան մարդիկ, ովքեր առավելությունը տալիս են գործող իշխանությանը՝ այն պայմանավորելով «թալանչի նախկինների» վերադարձից խուսափելու փաստով, ինչպե՞ս հնարավոր կլինի գնալ փոփոխությունների, պատասխանեց.

«Մենք հասկանում ենք, որ մեր հասարակությունը հիվանդ հասարակություն է, որովհետև առողջ հասարակության մեջ այդ նիկոլանման երևույթների իշխանության գալը պարզապես կբացառվեր: Դա հնարավոր էր միայն հիվանդ հասարակությունում: Ճիշտ այնպես, ինչպես, օրինակ, հիվանդ, թուլացած, հյուծված օրգանիզմն է ախտահարվում միկրոբներով: Ինչքան օրգանիզմը թույլ է, այնքան միկրոբն ավելի մեծ հաջողություն է ունենում: Հիմա խնդիրն այն չէ, թե ինչու էր մեր օրգանիզմը՝ որպես պետություն, հյուծված, թուլացած: Մենք հասկանում ենք, որ նախկիններն են մեղավոր: Բայց դրանից այս իշխանությունների միկրոբային էությունը չի փոխվում: Այս իշխանությունը գործում է՝ որպես միկրոբ, որը թուլացնում է և կործանման է հասցնում մեր երկիրը: Այսինքն՝ անկախ նրանից, թե ովքեր են նախկինները, մեր առաջին խնդիրը պետք է լինի պայքարել այդ միկրոբների դեմ, այս իշխանությունների դեմ»:

Վերլուծաբանի դիտարկմամբ՝ հասարակությանն առողջացնելու համար պետք են քննարկումներ, քարոզչություն, բայց ոչ միայն ուղղակի քարոզչություն, այլ առարկայական, որն իրենից կենթադրի հստակ ծրագրերի ներկայացում, հստակ խոսք, հստակ նպատակադրում:

«Մարդիկ պիտի հասկանան, թե մենք ուր ենք հասել և ինչու ենք հասել»,- ասաց Արմեն Բաղդասարյանը:

Տեսանյութեր

Լրահոս