Բաժիններ՝

 «Դավիթիս պոստերում տեղյակ են պահել, որ գիշերը հարձակում է լինելու․ հոր ծնունդը շնորհավորելուց ժամեր անց պատերազմը սկսվել է»․ զոհված զինծառայողի հորեղբայր

Արցախում զոհված 19–ամյա Դավիթ Վյաչեսլավի Իվանյանն Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքից էր, տան ավագ որդին։ 2020 թվականի հունվարին պետք է զորակոչվեր բանակ, սակայն սեփական դիմումի համաձայն՝ 1 ամիս շուտ՝ 2019 թվականի դեկտեմբերի 23-ին, մեկնեց ծառայության։

«Դավիթս մեր տան առաջին բալիկն է եղել, մեր քույր-եղբայրներից առաջինը Դավիթիս հայրն է ամուսնացել, ու 2001 թվականի օգոստոսի 10-ին ծնվեց մեր Դավիթը։ Շատ աշխույժ, ճարպիկ, խելացի, աշխատասեր, հպարտ, կյանքը շատ սիրող տղա էր, կայացած տղամարդ էր, ժամանակից շուտ մեծացավ։ Որ տանեիր մի անտառում թողնեիր, այնտեղ իր դրախտը կստեղծեր, կապրեր․․․»,- 168.am-ի հետ զրույցում Դավիթին այսպես բնութագրեց նրա հորեղբայրը՝ Համլետ Իվանյանը։

Դավիթը շատ էր լսել, որ Արցախում ծառայության համար «ամենադժվար» վայրը «Եղնիկներ»-ն է, և շատ էր ուզում հենց այնտեղ ծառայել։ Կենտրոնական հավաքակայանում նրան առաջարկել են մնալ Հայաստանում և 6 ամիս ծառայել ուսումնական զորամասում, հետո նոր միայն մեկնել Արցախ, սակայն նա հրաժարվել է։

«Հադրութում էր ծառայում Դավիթս, ամռանը սպաները սերժանտի առաջարկություն էին արել, հրաժարվել էր, բայց ծառայակից ընկերները համոզել էին․ Ամռանը 150 հոգու ուղարկել էին սերժանտական դասընթացների, որոնցից 50-ը սերժանտի կոչում ստացան, մեկն էլ Դավիթս էր, հետո՝ դիրքի ավագ։ Շատ էր սիրում ծառայությունը, անգամ մինչև ծառայության մեկնելը վիդեո էր սարքել իր նկարներով, երաժշտությամբ, վերջում զինվորի գլխարկ էր դրել, վրան գրված էր՝ սա է իսկական թագը՝ զինվորական գլխարկը»,- պատմեց Դավիթի հորեղբայրը։

Դավիթը դիրքեր էր բարձրացել սեպտեմբերի 25-ին, վերջին անգամ դիրքերից հորն էր զանգել, ծնունդը շնորհավորել, իսկ ժամեր անց պատերազմը սկսվել է, ու այլևս կապի դուրս չէր եկել։

«Սեպտեմբերի 27-ին եղբորս ծնունդն է, Ռուսաստանում էր՝ աշխատելու, սեպտեմբերի 26-ի գիշերը, որ օրը փոխվել է, արդեն 27-ն է եղել, Դավիթս զանգել է հոր ծնունդը շնորհավորել է, ասել է՝ ծնունդդ լավ կանես, ճոխ կնշես։ Հայրը արհեստավոր է, զոդման աշխատանքներ է անում, ասել է՝ հեր ջան, զգույշ կլինես աշխատանքի մեջ, ախպերս էլ ասել է՝ դուք զգույշ եղեք․․․ Դավիթիս պոստերում տեղյակ են պահել, որ գիշերը հարձակում է լինելու, բայց ինքը մեզ չէր ասել»,- պատմեց Համլետ Իվանյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ այդ դիրքում եղել են 10 հոգի՝ 1 հրամանատար և 9 զինվոր։ Ցավով հայտնեց, որ սպան տեսնելով իրենց դիրքին մոտեցող հակառակորդի զինտեխնիկան՝ փախուստի է դիմել, 2 զինվոր վնասվածքներով փրկվել են, իսկ մյուս 7-ը զոհվել են․

«Ամբողջ գիշեր սպան և 9 զինվորները խրամատում են եղել, սպասել են հակառակորդի հարձակմանը, իրենց ասել են՝ մինչև 4։30 կհարձակվեն։ Ժամը 6-ին, որ լույսը բացվել է, տեսել են՝ ոչ մի բան, ասել են՝ էդ ա, ուրեմն չի սկսվի պատերազմ։ 2 հոգու թողել են դիտակետում, մնացածն իջել են բլինդաժ, Դավիթն ու մի զինվոր էլ իջել են «ռով»–ից խմելու ջուր են բերել, հենց վերադարձել են, միանգամից գմփոցը լսել են, հասկացել են, որ հարձակումը սկսվում է։ Միանգամից 10-ով գնացել են խրամատ։ Իրենք չպահվող խրամատ էլ ունեին, Դավոն է մարտը կազմակերպել, նպատակահարմար են գտել, որ 3-ը գնան այդ հատվածը, որ եկող տեխնիկային խփեն, իսկ մյուս 7-ը մնան և իրենց դիտակետերից բոյ տան։ Այդ ընթացքում տեխնիկաների ձայները լսել են, բայց չեն տեսել, թե ոնց են մոտենում։ Այդ ընթացքում Դավիթը գնում է այն 3-ի մոտ, որոնցից մեկն էլ սպան է եղել, ասել է, ոնց նայում եմ՝ տեխնիկաները շատ մոտ են ու շատ-շատ են, չենք կարողանալու այստեղից կռվել, գնանք ռով՝ «յաչեյկա», որ մեր հրետանին աշխատի։

Սպան պատասխանել է՝ չէ, ես հրաման չունեմ, չեմ կարող նման հրաման տալ, որ խրամատից հելնեք։ Դավիթիս ասում է՝ դու մնա այստեղ, թող մյուս զինվորը գնա այն 6-ի մոտ, Դավիթն ասում է՝ չէ, ես այն 6-ին ավելի շատ եմ պետք, ու նորից հետ է գնում․․․ Սպան, որ նկատում է՝ 10-12 տեխնիկա դրոշներով արդեն հասնում են Դավիթենց, դե, ինքը կողքից է նայել այդ ամեն ինչը, թողնում ու փախնում է։ Դավիթի ռացիան չի աշխատել, միայն խշշոց է եկել, մյուս 2 զինվորներներից մեկը, որ հասկանում է՝ ոչ մի բան չեն կարող անել, ուզում է վազի, 7-ին խաբար անի, որ հելեք, այն էլ իր դիմաց սնարյադ է ընկնում, հետ է գալիս, մյուս ընկերն էլ է հասնում նույն տեղը, էլի նույն իրավիճակը, այդ 2 զինվորն էլ տեսնում են՝ ճար չկա, փախնում են։ Գալիս տեսնում են՝ իրենց սպան «ռով»-ում է, կողքի դիրքերից ինչքան զինվոր կա, սաղ արդեն հետնահանջ են արել, միայն 7-ը չկան։ Բոլորն էլ գիտեն, որ 3-րդ գումարտակի 105 դիրքի բոլոր տղերքն էլ խիզախ են եղել»։

Պաշտպանության նախարարության հրապարակած զոհվածների ցուցակում հարազատները դեռ հոկտեմբերի 2-ին էին կարդացել այս 7 հերոս տղաների անունները, սակայն ամիսներ շարունակ հիվանդանոցներում, դիահերձարաններում փնտրել են իրենց զավակների մարմինները։

«Դա էլ ենթադրելով են ասել, քանի որ այդ սպան, որ իրենց հետ է եղել ու փախել է, կապ է տվել, ասել՝ 105 էլ չունեմ, անգամ 9 հոգի, այն 2 զինվորը, որ եկել հասել են իր մոտ, չի տեսել, կապ է տվել ու ասել, որ 105 էլ չունեմ, մեր հրետանին էլ թող աշխատի։ Բայց ոչ մեկը չի տեսել, որ 7-ից մեկը զոհված լինի, անգամ վիրավորված․․․ Առավոտ այդ դիրքից ոչ մեկը տուն չի զանգել, վերջին զանգը մինչև ժամը 2-ն է եղել հարազատներին, ու վերջ։

Օրվա կեսին դիրքի տղերքից մեկի քույրն է զանգել ախպորը, արդեն ադրբեջանցի է հեռախոսը վերցրել․․․ Ուղղակի, որ ոչ մեկը չեն տեսել զոհված վիճակում, մտածում էինք՝ կարող է գերի տարած լինեն, բայց ում հետ խոսում էինք, ասում էին՝ այդ դիրքի տղերքն անհնար է գերի ընկնեին, զենք էլ ունեին, դուխ էլ ունեին, բայց որպես ծնող՝ մտածում էիր, կարող է՝ ողջ լինի, կարող է՝ վիրավոր վիճակում տարած լինեն։ Անգիտակիցներ, դիահերձարաններ, ամեն տեղ անցնելուց հետո հասկացանք, որ մեր 7 երեխեն Արցախից չեն եկել այս կողմ։

10 օր Արցախում ենք եղել, ամեն իրիկուն ժողով էր լինում՝ ԱԻՆ-ի տղերքը, Արայիկ Հարությունյանը և այլք, թե որ խումբը որ ուղղությամբ է գնում, այնքան ենք պնդել, որ 105–ում հաստատ զոհված երեխեք ունենք, պետք է բերեք, ճիշտ է՝ չէինք հավատացել, բայց պետք է մտնեինք, չէ՞, որ տեսնենինք՝ զոհվա՞ծ են, թե՞ գերի են տարել։ Դեկտեմբերի 15-ին մտել էինք, ու նույն օրը երեկոյան 7 մարմին բերեցին Ստեփանակերտի դիահերձարան, ասացին՝ 7-ն էլ այդ դիրքում են եղել, բայց մինչև ԴՆԹ չանենք՝ չենք կարող տալ»,- պատմեց Դավիթի հորեղբայրը։

Նա նաև տեղեկացրեց, որ ներկա պահին յոթ մարմիններից ԴՆԹ-ն հաստատել է միայն հինգինը, Դավիթի ԴՆԹ-ի պատասխանը 5–րդն է եկել, նրան օրեր առաջ են հողին հանձնել․

«Դավիթիս ԴՆԹ-ն փետրվարի 3-ին է հաստատվել, փետրվարի 6-ին ենք հուղարկավորել․․․ Ճիշտ է՝ ցավը շատ մեծ է, բայց մենք Դավիթովս հպարտանում ենք»։

Դավիթ Իվանյանը հուղարկավորվել է Սասունիկ համայնքի զինվորական պանթեոնում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս