Ինչո՞ւ պետությունը չի գնել հայկական արտադրության ԱԹՍ-ներ պատերազմի օրերին, ու ինչպե՞ս ենք դառնալու զինամթերք արտահանող երկիր

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն այսօր հանդես եկավ ամփոփիչ ասուլիսով՝ ներկայացնելով նախարարության գործունեության ամփոփ հաշվետվությունը վերջին երեք ամիսների ընթացքում, ինչպես նաև հանգամանալից անդրադարձավ ռազմարդյունաբերության ոլորտում իրականացված միջոցառումներին և, առհասարակ, այդ ուղղությամբ տարվող պետական քաղաքականությանը։

Ըստ Արշակյանի՝  իրեն հայտնի չէ որևէ դեպք, որ ռազմարդյունաբերության ոլորտում արված լինի այնքան աշխատանք, որքան արվել է վերջին 2 տարվա ընթացքում։

«Մասնավորապես, 2017 թ. ոլորտին հատկացվել է 1.6 միլիարդ դրամ՝ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների մասով, 2018 թ. հատկացված ֆինանսավորման չափը կազմել է 2.4 միլիարդ դրամ, 2019 թ.-ին՝ 3.8 միլիարդ, իսկ  2020 թ.՝ փաստացի 3.3 միլիարդ դրամ, որին գումարվել է լրացուցիչ 3.4 միլիարդ դրամ՝ պայմանավորված պատերազմով։ 2021 թ. նախատեսվում է ոլորտին հատկացնել 4.6 միլիարդ դրամ, այսինքն, եթե ֆինանսավորումը համեմատենք 2017 թվականի  հետ, ապա կտեսնենք, որ հատկացումները 2.5 անգամ ավելացել են»,- ասաց Արշակյանը։

Ըստ նախարարի՝ Կառավարությունը՝ որպես իր քաղաքականության առաջնահերթություն, սահմանել է պետության անվտանգության ապահովումը՝ այդ  նպատակով  զարկ տալով  ռազմարդյունաբերությանը։

«Հրետանային միջոցների, ինչպես նաև ռազմամթերքի արտադրման այն հնարավորությունները, որոնք ստեղծվել են, արդեն իսկ տալու են հնարավորություն մեր տեղական պահանջարկն ամբողջությամբ բավարարելու. խոսքը վերաբերում է  և՛ հրետանային միջոցներին, և՛ տարբեր տրամաչափի արկերին, և՛ ականանետերին ու ձեռքի նռնականետերին։ Այս ուղղություններով բավականին լուրջ ներդրումներ են կատարվել Հայաստանում, 2021 թ. ունենք արտադրության ծավալների աճ։ Ինձ հայտնի չէ վերջին 2 տասնամյակում նմանատիպ հնարավորություն։ Ինչ վերաբերում է հարվածային և հետախուզական անօդաչուներին, ապա գիտահետազոտական և փորձակոնստուկտորական աշխատանքների շրջանակում կային  տասնյակ ֆինանսավորված ծրագրեր, որոնց մի մասն արդեն իրենց տրամաբանական ավարտին է հասցվում։ Հարվածային և հետախուզական ԱԹՍ-ներն արդեն իսկ արտադրական հնարավորությունների ենք հասցնում։ Հետախուզականները, որոնք իրենց պարամետրերով նմանատիպերին  չեն զիջում, լայնորեն կիրառվել են Արցախի  պատերազմի ընթացքում մեր Զինված ուժերի կողմից»,- ասաց նախարարը։

Հարցին՝ ինչո՞ւ այդ դեպքում արցախյան վերջին պատերազմի ժամանակ հայկական արտադրության անօդաչուները չկարողացան լուծել լուրջ մարտական խնդիր, Հակոբ Արշակյանը պատասխանեց.

«Ռազմական արդյունաբերությունն ու պատերազմ վարելն իրարից տարբերվում են այնպես, ինչպես սննդի արդյունաբերությունը՝ ուտելուց։ Այդ առումով  հայկական ԱԹՍ-ների կիրառումների խնդիրը պետք է դիտարկել ռազմական խնդիր ապահովելու տեսանկյունից։ Փորձնական փուլն անցածները կիրառվել են, թեև մասշտաբային կիրառումներ չեն եղել։ Հատկապես հետախուզության համար նախատեսված անօդաչուներն իրենց բավականին լավ են դրսևորել այս պատերազմի ընթացքում, դրա  հետ կապված էլ՝ ունենք ԶՈՒ կարծիքը»,- ասաց նախարարը։

Ճշտող հարցին՝ իսկ  ճի՞շտ է, որ ապրիլյան վերջին պատերազմի ժամանակ հայկական արտադրության ԱԹՍ-ներ  պետության կողմից չեն գնվել տեղական արտադրողներից, թեև հայկական արտադրողները կարող էին բավարարել մեր ներքին պահանջարկը, Արշակյանն արձագանքեց.

«Հարցադրումը սխալ է. այն ուղղությունները, որոնցով կարելի էր սերիական պատվեր դնել, դրանք հետախուզական ԱԹՍ-ներն են, ու պատվերն էլ պետք է պլանավորվեր պետական բյուջեով։ Անմիջապես պատվեր դնել հնարավոր չէր։ Ռազմարդյունաբերությունը պետք է առհասարակ պատրաստ լինի մատակարարումներ անելու։ Արտադրական կարողությունների զարգացման խնդիր  ունենք, Հայաստանում քանի՞ նման գործարան գիտեք, որ կարող է արտադրանք տալ, բացի այդ՝ որակի վերահսկման, շուկա դուրս գալու լուրջ խնդիրներ էլ կան. պետք է անկեղծ լինենք, այնպես որ, այս 4.6 միլիարդ դրամն ուղղված է լինելու նաև այս խնդիրների լուծմանը, որպեսզի ֆինանսավորենք այնպիսի ուղղություններ, որ կարողանանք արտադրանք ունենալ։ Ինչ վերաբերում է Բայրաքթարներին, ապա պետք է հասկանանք, թե քանի՞ տարում և ի՞նչ ֆինանսավորմամբ են դրանք ստեղծվել. ստեղծվել են տասնյակ տարիների ընթացքում հարյուրավոր, միլիոնավոր դոլարների ներդրման միջոցով»,- ասաց  նախարարը՝ ընդգծելով, որ ռազմարդյունաբերության զարգացմամբ՝ ներմուծվողը տեղական արտադրանքով  փոխարինելու խնդիր են դրել։

Ինչ վերաբերում է ռադարային տեխնոլոգիաներին, որոնք օգտագործվում են հակաօդային պաշտպանության ժամանակ, ապա, ըստ Արշակյանի, հայկական մշակումները մեծ հաջողությամբ կիրառվել են, և առհասարակ մեզ համար ռադարային և կապի համակարգերի, օպտիկական տեսադիտարկման համակարգերի մասով ունենք արտադրական հզորություններ, և առաջիկայում կընդլայնվեն այդ հնարավորությունները թե՛ մեր Զինված ուժերի, թե՛ արտահանման համար»,- ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

Տեսանյութեր

Լրահոս