Հայաստանը՝ հայաթափման ճանապարհին
Նիկոլ Փաշինյանին ընդամենը 3 տարի պետք եղավ երկիրը մեծ արտագաղթի ճանապարհին կանգնեցնելու համար։ Այսօր բազմաթիվ քաղաքացիներ պատրաստ են ոչ միայն թողնել, այլև ընդմիշտ հեռանալ Հարենիքից։ Նրանք կորցրել են հույսն ապագայի ու վաղվա օրվա նկատմամբ։
Սպասվում է արտագաղթի մեծ ալիք։ Մինչդեռ՝ գալով իշխանության, Նիկոլ Փաշինյանը ներգաղթ էր խոստանում։ Խոստանում էր Հայաստանը դարձնել դրախտ ոչ միայն ներսի, այլև դրսի մեր հայրենակիցների համար, ովքեր պիտի գային այստեղ ապրելու ու արարելու։ Գալու փոխարեն՝ մարդիկ հեռանում են։
Ինչպես շատ ու շատ այլ դեպքերում, այս հարցում էլ Նիկոլ Փաշինյանի խոստումները չիրականացան։ Ներգաղթ չեղավ, իսկ արտագաղթը թակում է շատերի դուռը։
Այնպես չէ, որ նախկինում Հայաստանից արտագաղթ չի եղել։ Վերջին տասնամյակներում արտագաղթ մեր երկրից միշտ էլ եղել է։ Բայց այսօր արտագաղթի միտումներն այնքան են ահագնացել, որ կարող են լուրջ սպառնալիք դառնալ երկրի ու ազգային անվտանգության համար։ Մարդիկ գնում են կամ մտադիր են գնալ ոչ միայն սոցիալական, այլև, որ շատ ավելի վատ է, անվտանգության խնդիրներից դրդված։ Մարդիկ ուզում են գնալ, որովհետև այստեղ իրենց անվտանգ ու պաշտպանված չեն զգում։
Տարբեր գնահատումներով՝ Հայաստանի բնակչության շուրջ 40 տոկոսը հակված է հեռանալ երկրից։
Գուցե և այս գնահատականը չափազանցված է կամ ուռճացված, բայց մի բան ակնհայտ է՝ արտագաղթի ուրվականը մոլեգնում է Հայաստանում։ Մինչև ո՞ւր այն կհասնի, ցույց կտա ժամանակը։ Ժամանակը հիմա աշխատում է արտագաղթի խորացման օգտին։ Շատերն են պատրաստ լքել երկիրը։ Այնպես, ինչպես 1990-ականների սկզբին։
Ովքեր լավ չեն հիշում, ասենք, որ արտագաղթի ամենամեծ ալիքի հետ Հայաստանը բախվեց Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին։ 6-7 տարվա ընթացքում երկրից հեռացավ ավելի քան կես միլիոն մարդ։
Թեև արտագաղթը պահպանվեց նաև հետագա տարիներին, այնուհանդերձ, տեմպերը նվազեցին։ Արտագաղթի ծավալները էապես կրճատվեցին հատկապես Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին, երբ տնտեսական ու սոցիալական իրավիճակը մեր երկրում բավականաչափ բարելավվեց։ Առկա էր երկնիշ տնտեսական աճ, իսկապես շինարարական բում ու աշխատող ձեռքի պակաս։ Այդ շրջանում մի պահ նույնիսկ Հայաստան վերադարձողներն ավելի շատ էին, քան գնացողները։ Ունեինք միգրացիոն հոսքերի դրական դինամիկա։
Ամենափոքր թվով արտագաղթը Հայաստանից եղել է Ռոբերտ Քոչարյանի իշխանության շրջանում. 10 տարում հեռացել է շուրջ 130 հազար մարդ։
Երրորդ նախագահի տասնամյա գործունեության շրջանում, արտագաղթի հետևանքով, Հայաստանը կորցրել է ավելի քան 300 հազար քաղաքացի։
Նիկոլ Փաշինյանի իշխանության առաջին տարում, երբ շատերը միամտորեն հավատացել էին հեղափոխականների տված խոստումներին, ունեցանք որոշակի ներգաղթ ու արտագաղթի մեղմացում։ Բայց դա շատ կարճ տևեց։
Երեք տարվա ընթացքում 82 հազար Հայաստանի քաղաքացի ստացել է ռուսական անձնագիր։ Ու դա հենց այնպես չի արել՝ ռուսական անձնագիր ունենալու համար։
Այսօր ներգաղթի մասին նույնիսկ անիմաստ է խոսել, իսկ արտագաղթն ահագնանում է։ Ամենուրեք անկումային ու ճամպրուկային տրամադրություններ են։ Խորանում են արտագաղթի միտումները։ Ծավալներից դեռ շուտ է խոսել, որովհետև մինչև վերջերս ճանապարհները փակ էին։ Այսօր էլ ամբողջությամբ բաց չեն։
Փետրվարի 1-ից 1 ամսով փորձնական վերսկսվել է օդային հաղորդակցությունը Ռուսաստանի հետ, ու դա արդեն մեծ իրարանցում է առաջացրել։ Չնայած ավիատոմսերի գների կրկնակի-եռակի թանկացմանը, անգամ դա պատճառ չէ, որպեսզի մարդիկ գնան Հայաստանից։
Այս փուլում, իհարկե, գնում են առաջին հերթին՝ արտագնա աշխատանքի մեկնողները։ Նրանք գնում են, որովհետև մտավախություն ունեն, որ մեկամսյա ժամկետի ավարտից հետո սահմանները կարող են կրկին փակվել։ Ոչ մի երաշխիք չկա, որ օդային հաղորդակցությունը կշարունակվի նաև մարտի 1-ից հետո։ Ուստի, մարդիկ գնում են, որպեսզի հետո չզրկվեն նաև այդ հնարավորությունից։
Ցամաքային ճանապարհների բացման մասին առայժմ խոսք չկա։ Միակ ելքը Վրաստանն է, իսկ Վրաստանը փակել է սահմանը՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ Ռուսաստանի հետ։
Դեռ հայտնի չէ, թե ցամաքային ճանապարհը երբ կբացվի։ Արտագաղթը հիմնականում այդ ճանապարհով է իրականանում։ Ցամաքային տրանսպորտն անհամեմատ ավելի էժան է, քան օդայինը։ Ուստի շատերը նախընտրում են այդ տարբերակը՝ չունենալով այլ հնարավորություններ։
Այնպես որ, արտագաղթի ալիքի ակտիվացմանը բախվելու ենք հատկապես այն ժամանակ, երբ կբացվի ցամաքային ճանապարհը։ Որքան էլ շատերն այսօր մտադիր են հեռանալ երկրից, այդ թվում՝ արտագնա աշխատանքի ակնկալիքով, ունեն նաև ֆինանսական լուրջ դժվարություններ։ Քչերն են ի վիճակի վճարել օդային ճանապարհով երկրից դուրս գալու համար։ Ուստի շատերը դեռ կսպասեն ցամաքային սահմանների բացմանը։
Մեծ արտագաղթը կսկսվի այդ ժամանակ։ Այսօր դեռ առաջին ծիծեռնակներն են։
Անցած տարվա տխուր իրավիճակը աչքի առաջ ունենալով՝ մարդիկ վաճառում են իրեն ունեցվածքը, այստեղից-այնտեղից պարտք են վերցնում, թանկ ու կրակ տոմս են գնում, միայն թե կարողանան դուրս գալ երկրից, որովհետև ներսում ապրելու ու աշխատելու հնարավորություն չունեն։ Տնտեսությունը խրվել է ճգնաժամի մեջ, փակվում են աշխատատեղերը, նվազում են եկամուտները, ավելանում է գործազրկությունը։ Դա քիչ է, ամենուրեք թանկացումներ են։ Ապրելու պայմաններ չկան։ Սոցիալական իրավիճակը երկրում գնալով լարվում է։ Ներսում աշխատանք չգտնելով՝ մարդիկ իրենց բախտը փորձում են դրսում։
Երբ սահմանները լիարժեք բացվեն, մեկնողների թիվը կտրուկ կավելանա։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանում աշխատանք ու աշխատելու հնարավորություններ չկան։ Շատերը գնում են՝ չվերադառնալու ակնկալիքով։ Գնում են իրենցից հետո ընտանիքներին և հատկապես երեխաներին երկրից հանելու հույսով։ Թե դա ինչ է նշանակում, դժվար չէ հասկանալ։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ