«Բոլոր նրանք, ովքեր 2000 տարի լացում էին, հասկացան, որ հայրենիքը չեն մուրում, հայրենիքը ձեռք են բերում». Սամվել Թադևոսյան

«Մարդ, որը դարձել է գերագույն հրամանատար, բայց զենք գործածելու որևէ ունակություն չունի, պատերազմի, պարտադիր զինծառայության հետ առնչություն չի ունեցել, ինչո՞ւ այդ մարդը չի կանչում պատերազմի բովով արդեն վաղուց անցած, թրծված փորձառու գեներալների, բարձրաստիճան սպաների, որոնք հսկայական պաշար ունեն և ճանաչում են թուրքին: Նրանց բոլորին հեռացրեց ասպարեզից, որպեսզի միանձնյա իր դավադիր նկրտումներով կարողանա պատերազմին տալ այն ավարտը, որը նախանշված է եղել»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց արցախյան երեք պատերազմների վավերագիր, ռեժիսոր, սցենարիստ Սամվել Թադևոսյանը:

Նա ընդգծեց՝ բոլոր պատերազմների ժամանակ տեսել է չպարտվող հային, և այս պատերազմից հետո էլ իր ստեղծագործությունները նվիրված են լինելու այդ տեսակի փառաբանմանը. «Հայ զինվորը չի պարտվել, ես դա ասել եմ և պնդում եմ: Կարող են ինչ-ինչ բանսարկու մանրամասներ նրան վերագրել՝ նահանջել է և այլն, բայց ես հորդորում եմ բոլորին, որ սպասենք՝ գան անաչառ ժամանակներ, երբ երկրիս դատարանը կկարողանա անաչառ ամբողջ պատերազմը վերլուծել և մեղավորներին մեկիկ-մեկիկ բերել պատասխանատվության դաշտ, և այն ժամանակ կպարզվի՝ ովքեր են դավաճանել հայ զինվորին, կամավորականին, սպային, Հայաստանին: Ես չեմ կարող պարտության մասին ֆիլմ ստեղծել, որովհետև ես պարտություն չեմ կրել»:

Ռեժիսորի խոսքով՝ տեխնոլոգիաներ կան, որոնք կարողանում են մասսայական համոզումներ առաջացնել, ինչը տեղի է ունեցել նաև Հայաստանում.

«Դրա համար ծախսվում են գումարներ, զանազան աշխատանքներ են տարվում, բայց, դժբախտաբար, հայ ժողովուրդը՝ իբրև հին կարգերից, թալանչիներից ազատվելու մղումով, ձայնը տվեցին Նիկոլ Փաշինյանին՝ չգիտակցելով, թե վերջն ինչ է լինելու: Այն նախկիններ ասվածը, որ այսքան շահարկում են, ներկա իշխանություններին թողել էին երկու հայկական պետություն՝ մեկը կար վաղուց, մյուսն էլ 12 հազար քառակուսի կիլոմետր տարածքով՝ ազատ, անկախ Արցախ էր կոչվում: Հիմա, թե մենք ի՞նչ ենք ստանում դրա դիմաց, չմանրամասնեմ:

Մարդիկ ունեն տարբեր պատճառներ՝ անձնական շահից սկսած, մինչև հակադաստիարակությունը, որ սկսում ես սեփական տեսակդ ատել: Եթե սեփական պետությանդ, ազգիդ արժեքները չես գնահատում, ինչպե՞ս կարող ես սիրել նրան: Կան աշխարհը բաժանելու գլոբալիստների ճիգերը, և հայաստանյան այս պատերազմը դրա մասն էր կազմում: Չեմ չափազանցնում՝ մենք ամբողջ աշխարհի դեմ էինք կռվում՝ սկսած անտարբեր աշխարհից, այդ, որ այդպես ինտելեկտուալ հորդորներ էին ուղարկում կողմերին, և մենք կռվում էինք ՆԱՏՕ-ի երկրորդ զորքի դեմ, պակիստանցիների, վարձկանների դեմ, էլ ի՞նչ թվարկեմ ես: Հիմա թող մեկը ասի, որ կարող է դուրս գալ ամբողջ աշխարհի դեմ և հաղթել, բայց մենք դուրս ենք եկել և հաղթել ենք: Մենք կորցրել ենք տարածք, բայց մենք չենք կորցրել հայի արժանապատվությունը: Մենք դավադիր գնդակի զոհ ենք եղել, մեզ հարվածել են թիկունքից, մեզ հարվածել է յուրայինը, այս բոլորի արդյունքում մենք կորցրինք Արցախի մեծ մասը»:

Նա նկատեց՝ հաղթական վերջնամարտին պետք է ոչ թե սպասել, այլ մոտեցնել այդ օրը. «Պետական բոլոր ստրուկտուրաները պետք է ծառայեն հայրենիքին, հայրենիք կառուցել, սահմանն ապահով պահելը տևական ժրաջան աշխատանք է: Ամեն օր մենք պետք է արթնանանք՝ որպես զինվոր: Ես չեմ ասում՝ համազգեստ հագնել, զենքերը վերցնել և վազել խրամատ, ոչ, բոլորը պետք է լինեն համակարգի մեջ: Այդպիսի փորձ աշխարհում կա, և բոլոր նրանք, ովքեր 2000 տարի լացում էին, հասկացան, որ հայրենիքը չեն մուրում, հայրենիքը ձեռք են բերում: Մեր կենսափիլիսոփայության, աշխարհի հետ հարաբերվելու մեր մոտեցումների մեջ պետք է 180 աստիճանի փոփոխություն մտցնել:

Մենք թշնամուն պետք է ավելի դաժան վերաբերվենք, քան իրենք կան: Դուք նայեք՝ մենք ինչ վիճակում ենք. այսպիսի սոսկալի ոճիրներից հետո, որ թուրքերն այս պատերազմում արեցին, մենք դեռ թուրքին հակառակորդ ենք ասում: Սա մտածողության, ներքին հոգեկերտվածքի ողբերգություն է: Թուրքը մեզ իր ծնված օրվանից դուշման է ասում, մենք ֆուտբո՞լ ենք խաղում. թենիսի դաշտում է լինում հակառակորդ՝ մենք գործ ունենք պիղծ թշնամու հետ:

Հիմա որոշեք՝ եթե հրանոթների լեզվով չենք խոսում, ուրեմն՝ նստենք բանակցությունների, բայց աշխարհը նենգ պատերազմների կողմնակից է: Բոլորին հայտնի է, որ հենց այնպես որևէ բան չի լինում: Ուզո՞ւմ ես պաշտպանել հայրենիքդ՝ հայրենիքդ պաշտպանողի կերպար և կեցվածք ընդունիր և կամք ցուցաբերիր»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս