Որքանո՞վ են իրական ազատամարտիկի «multicam» կամուֆլյաժի գնդապետական ուսադիրները

Նոյեմբերի 16-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն «անհասկանալի համազգեստ» և «ձնկորսի համազգեստ» էր որակել ՀՀ պաշտպանության այն ժամանակվա նախարար Դավիթ Տոնոյանի կրած համազգեստը, որով նա ներկայացել էր խորհրդարան։

Ավելի ուշ ՊՆ-ից հակադարձել էին, որ «Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 16-ին խորհրդարան է ներկայացել համազգեստով, որի ձևն ու կրման կանոնները սահմանված են ՀՀ ՊՆ 24.12.2019թ. 1694 հրամանով։ Այսինքն՝ դա ոչ միայն «անհասկանալի» համազգեստ չէ, այլև բոլոր անհրաժեշտ ընթացակարգերով հաստատված է պաշտպանական գերատեսչության կողմից, և սահմանված են դրա կրման կանոնները՝ բոլոր մանրուքներով»։

168.am-ի ուշադրությունն էլ վերջերս գրավել է նախկին ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի կրած, այսպես կոչված, համազգեստը, որով նա լրատվամիջոցներ՝ հաղորդումների է գնում: Եվ այն, թերևս, աննկատ կմնար, եթե չլինեին գնդապետական ուսադիրները:

ՀՀ ԶՈՒ-ում դաշտային համազգեստի պարագայում զինվորական կոչումները վաղուց չեն ամրագրվում ուսադիրների վրա:

Իհարկե, Սմբատ Հակոբյանի կրածը պաշտոնական համազգեստ չէ, այլ, ինչպես մասնագետներն են նշում՝ «multicam» կամուֆլյաժ, և այս դեպքում ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի հոդված 71-ը չի կարող տարածվել, որտեղ, մասնավորապես ասվում է, որ «զինվորական համազգեստ կրելու իրավունք ունեն բոլոր զինծառայողները, ինչպես նաև պահեստազորում կամ պաշտոնաթողության մեջ գտնվող քաղաքացիները, որոնք զինվորական ծառայությունից զորացրվել են զինվորական համազգեստ կրելու իրավունքով»:

Իսկ ինչ վերաբերում է գնդապետական ուսադիրներին, որոնք առկա են ազատամարտիկի կամուֆլյաժի վրա, ավելին, Սմբատ Հակոբյանը հարցազրույցներում ներկայանում է՝ որպես պահեստազորի գնդապետ, ապա 168.am-ին հաջողվել է պարզել, որ Սմբատ Հակոբյան անուն-ազգանունով զորացրված գնդապետ չկա, փոխարենը՝ փոխգնդապետի կոչումով զորացրված նման անուն-ազգանունով երկու անձ կա, հավանաբար նրանցից մեկը հենց ազատամարտիկն է՝ Սմբատ Սոսի Հակոբյանը, թեև ինտերնետային տիրույթում նրա մասին նյութերում հանդիպում է նաև Սմբատ Սոսյայի Հակոբյան տարբերակը:

Հավելենք, որ ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը մասնակցել է 88-ի շարժմանը, արցախյան առաջին պատերազմին, եղել ԳԽ պատգամավոր՝ «Ազգային ժողովրդավարներ» պատգամավորական խմբի անդամ:

Ըստ parliament.am-ի, աշխատել է ՀՀ նախարարների խորհրդի նախագահի օգնական: Ընտրվել է ՀՀ ԳԽ Պաշտպանության և ներքին գործերի, ապա՝ Բնության պահպանության և բնական պաշարների հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀ պաշտպանության նախարարությունում եղել է ջոկատի հրամանատար:

Նշենք, որ նյութի նպատակը բնավ անձնավորված չէ, ինչը երևում է նյութի բովանդակության կոռեկտությունից, պարզապես նախանձախնդիր ենք հայկական բանակին առնչվող յուրաքանչյուր դեպքի, փաստի հարցում, հատկապես վերջին շրջանում համատարած զինվորական համազգեստի կրման պայմաններում՝ առանց դրա իրավունքի:

Տեսանյութեր

Լրահոս