
Նախագահ Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդին: Նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանը և Հորդանանը համընդհանուր հետաքրքրություններ և համագործակցության մեծ հեռանկարներ ունեն: Վերջին շրջանի հանդիպումներն ու արդյունավետ քննարկումները երկու երկրների միջև առկա հարաբերությունների զարգացման և խորացման տեսանկյունից նոր ուղիներ են նախանշում:
Հայաստանի նախագահը համոզմունք է հայտնել, որ երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ կառուցողական քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն մոտ ապագայում:
Նախագահ Սարգսյանը քաջառողջություն ու նորանոր հաջողություններ է մաղթել Հորդանանի թագավորին: