ՌԴ ԱԻՆ սակրավորները մոտ 15,5 հազար պայթուցիկ իր են վնասազերծել Լեռնային Ղարաբաղում
Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության սակրավորները Լեռնային Ղարաբաղում աշխատելու ընթացքում ուսումնասիրել են ավելի քան 120 հա տարածք՝ չեզոքացնելով գրեթե 15,5 հազար պայթուցիկ իր: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից:
«Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները շարունակում են աշխատանքները Լեռնային Ղարաբաղում ականազերծման ուղղությամբ: Նրանք ուսումնասիրել են ավելի քան 123 հա տարածք, հայտնաբերել են մոտ 15,5 հազար պայթուցիկ առարկա», – ասել է աղբյուրը:
Նա հստակեցրել է, որ «Լիդեր» կենտրոնի պիրոտեխնիկական խումբն այժմ աշխատում է Մարտունու շրջանում: Սակրավորներն այստեղ ավելի քան 110 հա տարածք են ուսումնասիրել՝ գտնելով և վնասազերծելով գրեթե 15 հազար զինամթերք: Հայտնաբերված պայթուցիկների մեջ կա ավելի քան 6,8 հազար հրետանային արկ, 3,4 հազար տարբեր տրամաչափի փամփուշտ, ինչպես նաև մոտ 730 ականանետ և ավելի քան 1,1 հազար նռնակ: