Միջլիբիական բանակցությունների նոր փուլը կանցկացվի փետրվարի 1-ից մինչև 5-ը
Միջլիբիական բանակցությունների նոր փուլը Ժնեւում կանցկացվի փետրվարի 1-ից մինչեւ 5-ը. կողմերը կքննարկեն նախագահական կազմի ստեղծումը եւ վարչապետի թեկնածությունը: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի ժնեւյան բաժանմունքի մամուլի ծառայության հայտարարության մեջ:
«Լիբիական համաժողովը քաղաքական երկխոսության համար կգումարվի Շվեյցարիայում, հաջորդ շաբաթ՝ 2021 թվականի փետրվարի 1-ից մինչեւ 5-ը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի պաշտոնակատար Ստեֆանի Ուիլյամսի եւ աջակցությամբ եւ Շվեյցարիայի կառավարության շռայլ հյուրընկալության շնորհիվ»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ինչպես նշվում է, լիբիական կողմերը քվեարկելու են նախագահական խորհրդի երեք անդամների եւ վարչապետի թեկնածության համար, ինչը նախատեսված է «ճանապարհային քարտեզով», որը Թունիսում ընդունվել է անցյալ տարվա նոյեմբերի կեսերին:
Հանդիպման մասնակիցները պետք է կազմեն յուրաքանչյուր շրջանից նախագահական խորհրդի անդամների, ինչպես նաեւ վարչապետի պաշտոնի համար թեկնածուների վերջնական ցուցակները: «Այս նոր ժամանակավոր միասնական գործադիր իշխանությունն առաջին հերթին կոչված է Լիբիան հասցնել ազգային ընտրությունների, որը նշանակված է 2021 թվականի դեկտեմբերի 24-ին, եւ կրկին միավորել պետական ինստիտուտները»,-ընդգծել են ՄԱԿ-ի մամուլի ծառայությունում: Ինչպես սպասվում է, լիբիական կողմերը Ժնեւ կժամանեն շաբաթ օրը՝ հունվարի 30-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: