Համացանցը՝ թվերով․ նոր փաստեր օգտատերերի մասին
Սոցիալական մեդիայի կառավարման համաշխարհային առաջատար Hootsuite-ը և սոցիալական մեդիայի միջազգային հետազոտական գործակալությունը՝ We Are Social-ը, հրապարակել են համացանցի օգտատերերի վերաբերյալ նոր հետազոտություն: Նրանց թիվը 2021 թվականի հունվարի դրությամբ տպավորիչ էր:
Բնակչություն. 2021 թվականի սկզբին աշխարհի բնակչությունը կազմում էր 7,83 միլիարդ մարդ: Ըստ ՄԱԿ-ի, մեր ժամանակներում այս ցուցանիշն ամեն տարի աճում է 1%-ով: 2020-ի սկզբից աշխարհի ընդհանուր բնակչությունն աճել է ավելի քան 80 միլիոնով:
Բջջային հեռախոս. Այսօր դրանից օգտվում է 5,22 միլիարդ մարդ, ինչը կազմում է աշխարհի ընդհանուր բնակչության 66,6%-ը: 2020 թվականի հունվարից ի վեր եզակի բջջային օգտագործողների թիվն աճել է 93 միլիոնով, մինչդեռ բջջային կապերի ընդհանուր թիվն աճել է 72 միլիոնով և 2021 թվականի սկզբին հասել 8,02 միլիարդի:
Ինտերնետ. 4,66 միլիարդ մարդ այն օգտագործում է ամբողջ աշխարհում՝ 316 միլիոնով ավելի՝ նախորդ տարվա համեմատ: Համաշխարհային ինտերնետի ներթափանցումը 59.5% է: Վերլուծաբանները պարզաբանում են, որ COVID-19-ը զգալիորեն ազդել է հաշվետվությունների վրա, ուստի հնարավոր է, որ իրական արժեքներն ավելի բարձր լինեն:
Սոցիալական մեդիա. Ամբողջ աշխարհում կա 4,20 միլիարդ սոցիալական մեդիա օգտագործող: Այսինքն, նրանց թիվը ներկայումս գերազանցում է աշխարհի բնակիչների կեսը` աշխարհի ընդհանուր բնակչության 53%-ը: Վերջին 12 ամսվա ընթացքում ցուցանիշն աճել է 490 միլիոնով: Յուրաքանչյուր օգտվող ամեն օր սոցիալական ցանցերում ծախսում է միջինը 2 ժամ 25 րոպե: Ճապոնիայի բնակիչներն ամենաքիչ ժամանակն են անցկացնում սոցիալական մեդիայում (51 րոպե), ամենաշատը սոցցանցերում են ֆիլիպինցիները (4 ժամ 15 րոպե)։
Ընդհանուր առմամբ, մարդիկ ինտերնետից օգտվում են բոլոր սարքերում օրական գրեթե 7 ժամ, այսինքն՝ շաբաթական 48 ժամ՝ երկու լրիվ օր: Եթե մենք ենթադրում ենք, որ մարդը սովորաբար օրական քնում է 7-8 ժամ, սա նշանակում է, որ մենք այժմ առցանց անցկացնում ենք նույնքան ժամանակ, որքան քնում ենք, կամ արթուն ժամանակի մոտ 42%-ը: Ըստ ամենայնի, այս ցուցանիշը միայն կաճի:
Սիրարփի Աղաբաբյան