«Իրանի ԱԳՆ-ն Երևանում ակնարկեց՝ իրենց համար շատ կարևոր է, որ Հայաստանը պահպանի Սյունիքը». Արմեն Վարդանյան

Տարածաշրջանային այցի շրջանակում Բաքվում Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հայտարարությունը հայ փորձագետներին անակնկալի բերեց, որովհետև երկար տարիներ արտաքին քաղաքականության հարթությունում Իրանի մասով տարբեր հարցերի հետ կապված  միֆեր էին ստեղծվել, թե Իրանը մեզ կաջակցի, ավելի շատ հայանպաստ դիրքորոշում կդրսևորի: Այս մասին «Հոդված 3» ակումբի կողմից տեսակապի միջոցով կազմակերպված քննարկմանը նշեց իրանագետ Արմեն Վարդանյանը:

Հիշեցնենք, որ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Բաքվում՝ Ալիևի  հետ  հանդիպմանը,  հայտարարել էր. «Ձեր երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը, օկուպացիային վերջ դնելը, ինչպես նաև ադրբեջանցիների՝ իրենց հարազատ հողերը վերադառնալու հնարավորության ստեղծումը կկարգավորի իրավիճակը, և Իրանը ցանկանում է օգտակար լինել այդ հարցում։ Մենք ոչ միայն ձեր ընկերն ենք, այլ նաև մերձավոր հարևանը»: Զարիֆը  շնորհավորել էր ադրբեջանցի ժողովրդին տարածքների ազատագրման կապակցությամբ, հույս հայտնել, որ դա թույլ կտա կարգավորել հարաբերությունները տարածաշրջանի երկրների միջև:

«Իրանը կայուն, շատ լավ տնտեսական հարաբերություններ ունի և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ, և ամեն կերպ փորձում է խորացնել այդ հարաբերությունները: Կոնկրետ Ադրբեջանի հետ համատեղ մի քանի խոշոր նախագծեր են իրականացնում: Այժմ արդեն իրանական և ադրբեջանական երկաթուղիներն են փորձում միացնել իրար: Գիտենք, որ տարիներ առաջ Ադրբեջանը 500 միլիոն դոլարի վարկ էր տրամադրել Իրանին, որպեսզի կառուցվի Ղազվին-Ռեշտ-Աստարա երկաթգիծը, որն այնուհետ պիտի միանար ադրբեջանական երկաթուղուն, և Իրանն Ադրբեջանի տարածքով երկաթուղային բեռնափոխադրումներ պետք է իրականացնի»,- մանրամասնեց իրանագետը՝ հավելելով, որ Իրան-Ադրբեջան ապրանքաշրջանառությունն ավելի մեծ է, քան Իրանի և ՀՀ-ի միջև եղածը, և, որ նման պայմաններում ողջամիտ չէ ակնկալել, թե Իրանը պրոհայկական դիրքորոշում կորդեգրի:

«Ինձ համար ակնհայտ էր, որ երբեք Իրանը բացահայտ պրոհայկական դիրքորոշում ընդդեմ Ադրբեջանի չի որդեգրելու»,- նշեց Արմեն Վարդանյանը:

Իրանագետը միաժամանակ հավելեց, որ Իրանի ԱԳՆ-ն Երևանում ակնարկեց՝ իրենց համար շատ կարևոր է, որ Հայաստանը պահպանի Սյունիքը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս