Արագած Ախոյանի ձերբակալումն աբսուրդ էր. փաստաբան
«Իմ պաշտպանյալ պարոն Ախոյանը 2021թ. հունվարի 28-ին արտոնված հանրահավաքի ընթացքում մասնակցել է հանրահավաքի, որից գրեթե 40 րոպե հետո կատակով ոստիկանության աշխատակցին ասել է՝ բա ինձ չե՞ք ուզում տանել ոստիկանություն, ինչից հետո ոստիկանության աշխատակիցը նրան հրավիրել է Ոստիկանության կենտրոնի բաժին»,- ասուլիսի ժամանակ ասաց ԲՀԿ նախկին պատգամավոր, «ԿԱՄՔ» նախաձեռնության անդամ Արագած Ախոյանի փաստաբան Բենիկ Գալստյանը՝ հայտնելով, որ ավելի ուշ՝ ժամը 21:46-ին, իր պաշտպանյալը ձերբակալվել է:
«Պարոն Ախոյանի ձերբակալումն աբսուրդ էր: Հիմնավոր կասկածի տեսանկյունից նախևառաջ պետք է որոշակի պայման լինի, որ անձը որոշակի հանցանք է կատարել, ապա նոր որոշեն անձին ձերբակալել: Հիմնավոր կասկածն իսպառ բացակայում է: Քննիչը համապատասխան արձանագրության մեջ նշում է, որ որոշակի գործողություններ են կատարել որոշակի անձինք՝ որոշակի վայրում, որը քննիչը մեկնաբանում է, որ դա եղել է շենք-շինություն զավթելու փորձ: Պետք է փաստենք մեկ հանգամանք՝ նշված ժամանակահատվածում պարոն Ախոյանն այնտեղ չի եղել, եղել է նշված հատվածից 500 մետր հեռավորության վրա»,- մանրամասնեց փաստաբանը:
Ինչ վերաբերում է ձերբակալմանը, ապա, փաստաբանի փոխանցմամբ, որպես հիմք՝ քննիչը նշել է, որ անձը բռնվել է հանցանք կատարելուց հետո: Իսկ այս հանգամանքը, ըստ նրա, ևս աբսուրդ է:
Մանրամասները՝ տեսանյութում